«Անտեղյակություն է կանգնել Հանրապետության հրապարակում ու ասել, թե սահմանին ամեն ինչ հանգիստ է: Եթե չվստահենք բանակին եւ նրա հրամանատարության հայտարարությանն այն մասին, որ հակառակորդի կողմից կուտակումներ կան, Ադրբեջանը կարող է օգտվել այդ փաստից»,-«Հենարան» մամուլի ակումբում այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով Երեւանում բազմամարդ ցույցերի օրերին հնչող որակումներին, թե Արցախի ՊԲ-ի՝ հակառակորդի կողմից զորքերի կուտակումների մասին տվյալներն արժանահավատ չեն եւ նպատակ են հետապնդում ցուցարարներին շեղել իրենց պայքարից, ասաց Ադրբեջանի հարցերով փորձագետ Աշոտ Մովսիսյանը:
Նրա խոսքով՝ այն կադրերը, որոնք հրապարակեց Արցախի ՊԲ-ին, չեն կարող կասկածի տակ դրվել. «Այդ կադրերում տեսանք, որ նաեւ տանկերի տեղաշարժ կա: Իսկ դա նշանակում է, որ հակառակորդն իսկապես գործողություններ է նախապատրաստում»:
Անդրադառնալով «Ելք» դաշինքի պատգամավոր Սասուն Միքայելյանի պնդումներին, թե հակառակորդի կողմից զորքերի տեղաշարժ իրականում չկա, Աշոտ Մովսիսյանը վստահեցրեց. «Սասուն Միքայելյանը պաշտոնապես չի կարող հաստատել՝ զորքերի տեղաշարժ կա՞, թե ոչ: Նա ասում է, թե Ռուսաստանից իրեն ասել են, որ չկա…իսկ ի՞նչ հիմքեր ունենք Արցախի ՊԲ-ին չհավատալու: Մինչ օրս վերջինիս կողմից չի եղել կեղծիքի դեպք: Սասուն Միքայելյանը պարզապես քաղաքական հայտարարություն կատարեց»:
Փորձագետը նաեւ հավելեց՝ եթե հայաստանյան ժողովրդական շարժումը թեւակոխեր այնպիսի փուլ, որի դեպքում երկրում արտակարգ դրություն մտցվեր, սահմանին Ադրբեջանի կողմից լուրջ դիվերսիաներ եւ մեծածավալ էսկալացիաներ կլինեին:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ