«Իհարկե, մենք սովոր ենք, որպեսզի Արցախյան հակամարտության հարցում բանակցությունները վարեն հրամանատարներ, բայց Նիկոլ Փաշինյանի մասով մտահոգվելու առիթ չեմ տեսնում: Այնուամենայնիվ, նրա շփումները Բակո Սահակյանի հետ կակտիվանան»,-«Հենարան» մամուլի ակումբում այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով հարցին, թե վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն իշխանության գալու դեպքում Արցախյան հակամարտության շուրջ բանակցություններ վարելու ինչպիսի հնարավորություններ ունի, ասաց Ադրբեջանի հարցերով փորձագետ Աշոտ Մովսիսյանը:
Նրա բնորոշմամբ՝ եթե Նիկոլ Փաշինյանին հաջողվի ունենալ ճիշտ արտաքին քաղաքականություն վարող թիմ, վերջինս կկարողանա հաջողությունների հասնել Արցախի հարցում. «Նիկոլ Փաշինյանի հայտարարություններից պարզ է դառնում, որ նա այնքան էլ դեմ չէ այդ հարցում ՀՀ իշխանությունների որդեգրած քաղաքականությանը եւ չի փորձելու լուրջ փոփոխություններ մտցնել արտաքին քաղաքականության մեջ: Բայց, կարծում եմ, մենք կարիք ունենք բանակցություններում դիրքորոշման կոշտացման. դա կբխի մեր շահերից»:
Փորձագետի համոզմամբ՝ Արցախյան հակամարտության բանակցություններում Փաշինյանի հաջողությունը կախված կլինի նաեւ այն փաստից, թե որքանով վերջինս սերտ կգործակցի ուժային կառույցների հետ. «Կարեւոր է հասկանալ, որ զինված ուժերի դերը շատ մեծ է: Ադրբեջանում սպասումներ կային, թե ՀՀ-ում արեւմտամետ ուժ է գալիս իշխանության, որը զիջողական քաղաքականություն պետք է վարի Արցախի հարցում, բայց Փաշինյանն իր հայտարարություններով ցույց տվեց, որ ակնկալիքներ պետք չէ ունենալ»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ