Մայիսի 2-ին մշակույթի նախարարության շենքի դիմաց մի քանի տասնյակ մշակույթի գործիչներ՝ երաժիշտներ, երգիչներ, դերասաններ, ինչպես նաեւ բազմաթիվ ուսանողներ, պահանջում էին նախարար Արմեն Ամիրյանից՝ միանալ համաժողովրդական շարժմանը: Արդեն ժամեր անց դրան հաջորդեց նախարար Ամիրյանի հրաժարականը, ով քիչ անց իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ պատրաստ է ծառայել հայրենի մշակույթին՝ անկախ զբաղեցրած դիրքից եւ պաշտոնից։ Նախարարության շենքի դիմաց հավաքվածների ասելիքը փոխանցելու համար նախարարի մոտ էին բարձրացել մի շարք մտավորականներ, որոնց թվում էին Հրանտ Թոխատյանը, Լուիզա Ներսիսյանը, Էդվարդ Թոփչյանը, Լալա Մնացականյանը, Վահագն Հայրապետյանը, Տիգրան Վիրաբյանը, Կարեն Քոչարյանը։
Հեռուստահաղորդավար, ռեժիսոր Կարեն Քոչարյանն ասում է, որ նախարարի մոտ իրենց բարձրանալը ոչ մի կապ չի ունեցել նրա հրաժարականի հետ, ուղղակի ցանկացել են այդ դժվար պահին նրա կողքին լինել․ «Լինելով Արմենի մոտ 30 տարվա ընկերն ու գործընկերը, լավ ճանաչելով նրան՝ ես վստահաբար կարող եմ ասել, որ նա միշտ եղել է ժողովրդի կողքին, եւ ժողովուրդն էլ նրան վերադարձրել է իր սերն ու հարգանքը: Եվ հենց դա էր պատճառը, որ նրա համար դժվար այդ պահին ես եւ էլի մի քանի արվեստագետ-ընկերներ նրա կողքին էինք: Մենք իրեն չենք ասել, որ հրաժարական գրի, երբ մենք բարձրացանք Արմենի աշխատասենյակ, նա արդեն իսկ պատրաստել էր հրաժարականի դիմումը, ասաց՝ սպասեք վերջացնեմ, ու միասին իջնենք ներքեւ»։ Այսինքն՝ բարձրացել էին ոչ թե ներկաների կոչը փոխանցելու՝ միանալ համաժողովրդական շարժմանը, այլ պարզապես սատարելո՞ւ նրան։ «Ինքը միշտ է եղել ժողովրդի կողքին, ինքը պաշտոնամոլ չէ, ես նույնիսկ գիտեմ, որ այս տարիուկեսվա ընթացքում ինքը 2 անգամ հրաժարականի դիմում է գրել, որը չեն հաստատել»,- ասաց նա ու հավելեց, որ, անկախ մտավորականների ներկայությունից, Ամիրյանն արդեն պատրաստած է եղել հրաժարականի դիմումը։
Կարեն Քոչարյանը դեմ չի լինի, որ նրան նորից նշանակեն մշակույթի նախարարի պաշտոնում, քանի որ այս ընթացքում ինչ կարողացել՝ արել է․ «Ես տեսնում էի, որ խանգարողներ շատ կային՝ ի դեմս երկրի ղեկավարության, դա նաեւ քիչ ֆինանսավորումն էր, բայց, այդքանով հանդերձ, քիչ բան չարեց»։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում