Երեւանի պետական համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Դավիթ Ափոյանից փորձեցինք պարզել, թե ինչպիսին է կուսակցականացվածության պատկերը Մայր բուհի ուսանողական խորհրդում եւ հնարավո՞ր է ինքը նույնպես հետեւի Թատերական ինստիտուտի ուսխորհրդի նախագահի օրինակին, եթե կուսակցական է։
«Երեւանի պետհամալսարանի ուսխորհուրդը քաղաքականացված չէ եւ ոչ մի քաղաքական գործունեությամբ չի զբաղվում։ Դա փաստ է ու դա մեկ անգամ չէ, որ ապացուցել է մեր ուսխորհուրդը։ Ես կուսակցական չեմ եւ կարող եմ ասել ավելին՝ մեր ուսխորհրդի ղեկավար կազմից ոչ մեկը որեւէ կուսակցական պատկանելություն չունի»,- նշեց Դավիթ Ափոյանը։
Հավելեց, որ արդեն բավական ժամանակ է, որ ԵՊՀ ուսանողական խորհրդի կանոնադրությամբ ամրագրված է, որ ուսանողական խորհուրդն իրավունք չունի քաղաքական որեւէ գործունեությամբ զբաղվելու։
ԵՊՀ ուսխորհրդի նախագահը համամիտ է այն մարդկանց հետ, որոնք կարծում են, թե կրթական կառույցի քաղաքականացվածությունը վնասաբեր է. «Բնականաբար ես կիսում եմ այդ կարծիքը, քանի որ քաղաքականացումը կարող է բացասական անդրադարձ ունենալ ուսանողի ուսումնական պրոցեսի վրա, մենք մի քանի անգամ քննարկել ենք այդ հարցը եւ մեր բոլոր քայլերն ուղղված են եղել բուհի ապաքաղաքականացմանը։ Եթե անկեղծ ասեմ, շատ քիչ եմ տեսել որեւէ քայլ, որը ուղղված է ուսանողին եւ դա պարունակում է քաղաքական որեւէ շահ։ Ես կարող եմ ասել, որ նման քայլեր չեմ տեսել գրեթե»։
Սերժ Սարգսյանն արդեն տարիներ շարունակ ԵՊՀ կառավարման բարձրագույն մարմնի՝ խորհրդի նախագահն է։ Դավիթ Ափոյանը կարծում է, որ բուհում նրա այդ ներկայացվածությունը բացասական ազդեցություն չի ունեցել։ «Ես կարող եմ նշել, որ իմ ուսանողության տարիներին դա չի հանգեցրել բուհի քաղաքականացվածության։ Ես հանդիսանում եմ հոգաբարձուների խորհրդի անդամ եւ մասնակցել եմ երկու նիստերի, որոնք ղեկավարել է հենց Սերժ Սարգսյանը եւ կարող եմ ասել, որ որեւէ քայլ չեմ նկատել, որ նա կամ կուսակցությունը քաղաքական ազդեցություն ունենան բուհի կրթական պրոցեսի վրա»,- շեշտեց նա։
Աննա ԶԱԽԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում