Այսօր լրագրողները ԱԺ պատգամավոր Ալեքսանյանից հետաքրքրվեցին՝ ճի՞շտ է, որ «Երեւան սիթի»-ների այն աշխատակիցները, որոնք մասնակցել են ցույցերին, աշխատավարձ այս ամիս չեն ստանալու: Նա հերքեց՝ «Նման բան չկա, եթե մի աշխատող «Հայկական ժամանակը» կարա բերի, ես իրան սաղ ամսվա իմ աշխատավարձերը կտամ իրան: Եթե դաժե մի հատ աշխատող բերեն, որ ես նման բան եմ ասել: Իրանց կամքը արտահայտել են, վսյո: Սաղ սուտ լուրեր են տարածում»:
Հարցին՝ դուք թո՞ւյլ եք տվել, որ մասնակցեն ցույցերի՝ Սամվել Ալեքսանյանը պատասխանեց՝ «Ես ոչ թույլ եմ տվել, ոչ էլ արգելել եմ»: Նա վստահեցրեց, որ վրեժ չի լուծել, նման խնդիր չունի:
Լրագրողները հիշեցրին, որ Սամվել Ալեքսանյանը դեռ մայիսի 1-ից առաջ հայտարարել էր, որ ժողովրդի թեկնածուի օգտին է քվեարկելու, բայց Նիկոլ Փաշինյանին դեմ էր քվեարկել: Սամվել Ալեքսանյանը պարզաբանեց. «Այսինքն, որ ասում եմ՝ ժողովրդի թեկնածուի կողմից եմ, ի՞նչ ա նշանակում: Ես մայիսի 1-ին նման բան ասե՞լ եմ, մի հատ ցույց տուր դե»:
Լրագրողները ճշտեցին՝ ձեզ ՀՀԿ-ի՞ց են ասել, որ պետք է դեմ քվեարկեք՝ Սամվել Ալեքսանյանը պատասխանեց. «Ինձ ոչ մի տեղից ոչ մի բան չեն ասել, ես ժողովրդի թեկնածուի կողմից եմ, ի՞նչ ես ուզում»:
Հարցին՝ ՀԻմա կարո՞ղ եք անվանական ասել, որ մայիսի 8-ին քվեարկելու եք Նիկոլ Փաշինյանի օգտին՝ նա պատասխանեց. «Դե կերեւա էդ օրը, էլի, ցավդ տանեմ: Պայմանական: Ժողովրդի թեկնածուն ով ա, ես իրա կողմից եմ, ի՞նչ ես ուզում»:
Հարցին՝ ձեր բիզնեսները պահելու համա՞ր եք ուզում քվեարկել Փաշինյանի օգտին՝ նա պատասխանեց. «Ես բիզնես չունեմ, ցավդ տանեմ»:
Լրագրողները հուշեցին, որ Փաշինյանը խոստացել է մենաշնորհները վերացնել, մտավախություն չունե՞ք՝ նա պատասխանեց. «Ես մենաշնորհ չունեմ, ճիշտ էլ կանի, որ վերացնի, ի՞նչ եք ուզում: Ես կողմ եմ, թող մենաշնորհը սաղ վերացնի»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ