Արդյո՞ք նորընտիր վարչապետը և նրա ժամանակավոր կառավարությունը կարող են այդ 35 օրվա ընթացքում իրականացնել այն օրենսդրական փոփոխությունները, որոնք անհրաժեշտ են նորմալ ընտրական համակարգ ձևավորելու և նախորդներից տարբերվող ընտրություններ կազմակերպելու համար: Խոսք է գնում Ընտրական օրենսգրքի և Կուսակցությունների մասին օրենքում փոփոխություններ կատարելուն: Պետք է նաև ինչ-որ օրենսդրական մեխանիզմներ գտնել ընտրական հանձնաժողովները վերակազմավորելու համար, քանի որ գործող հանձնաժողովները ներծծված են ընտրակեղծարարությամբ, և չեն կարող արդար ընտրություններ կազմակերպել: Մի խոսքով՝ այս տարբերակը ընդունելի չի կարող լինել, որովհետև ժամանակավոր կառավարությանը աշխատելու համար ավելի մեծ ժամանակ է պետք:
Ավելի հավանական է, որ Նիկոլ Փաշինյանը կօգտվի Սահմանադրության 149-րդ հոդվածից, որը նախատեսում է խորհրդարանի լուծարում, եթե խորհրդարանը չի կարողանում երկու անգամ վարչապետ ընտրել: Երբ ժամանակավոր կառավարությունը կիրականացնի բոլոր անհրաժեշտ փոփոխությունները, և նոր իշխանությունը կհամարի, որ պատրաստ է գնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների, ապա վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանական խմբակցությունների հետ պայմանավորվածությամբ կարող է հրաժարական ներկայացնել:
Խորհրդարանը պետք է երկու անգամ չկարողանա վարչապետ ընտրել և լուծարվի, որից հետո կնշանակվեն արտահերթ ընտրություններ: Այս տարբերակի դեպքում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման կոնկրետ ժամկետներ հաշվարկելն անհնար է, որովհետև դժվար է կանխատեսել, թե երբ վարչապետը հրաժարական կտա: Ամենայն հավանականությամբ դա տեղի կունենա ոչ ուշ, քան աշնանը: Վարչապետ ընտրվելու պահից սկսած ժամանակն աշխատելու է Նիկոլ Փաշինյանի և նրա իշխանության դեմ: Նա պետք է հնարավորինս արագ իր ունեցած հանրային աջակցությունը կոնվերտացնի իշխանության, որովհետև օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով դժվար կլինի արդարացնել հանրային այն սպասումները, որոնք կան նոր իշխանությունից: Իսկ չարդարացած սպասումները վերածվում են դժգոհության և ընդվզման:
Ավետիս Բաբաջանյան
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում
Լուսանկարը՝ Photolure-ի