Նարե,
Ես քեզ չեմ ճանաչում, ընդամենը կարդացել եմ նամակդ: Գուցե շատերը քեզ պատասխան-նամակ գրած լինեն: Չգիտեմ` ունեմ իրավունք ինքս քեզ խոսք ուղղելու, թե չէ, բայց հաշվի առնելով հենց քո նամակի նմանօրինակ կարգավիճակը, ամեն դեպքում որոշեցի գրել քեզ` ինչպես կգրեի սեփական քրոջս` ասել է, թե սիրով ու համերաշխությամբ:
Մայիսի 1-ը անցկացրել եմ Հանրապետության հրապարակում: Այդ օրը առաջին անգամ հասկացել եմ, թե մարդուն ինչպես կարելի է հասցնել երկինք` քարով հոգուն հարվածելու միտումով (մենք հաճախ գործում ենք` գրանցելու մի արդյունք, որի ճիշտ հակառակն է դուրս գալիս ի վերջո. սրա մասին են ասել, թե չկա չարիք առանց բարիքի): Գիտե՞ս`անկեղծորեն ցավում եմ, որ չունես ընտրության իրավունք` այս շարժման մի մասը լինել-չլինելու հետ կապված: Էս իրավունքը չունես նույնքան, որքան չես ունեցել իրավունք` ընտրելու սեփական ծնողներիդ, ինչպես և յուրաքանչյուրս:
Մայրս ասում էր` «Ճակատագրապաշտ չլինես, բայց հիշիր, որ կյանքիդ գրքում մի քանի մեխեր կան, որոնց վրա դու չունես իշխանություն, ինչպես օրինակ` ծնողիդ ու հայրենիքիդ ընտրության հարցում»: Դու իսկապես բարդ կարգավիճակում ես` 16 տարեկան հայուհի, ով չի կարող կանգնել սեփական հոր դեմ, որովհետև այդ տարիքում դեռևս շատերս ծնողին սիրում ենք անգամ ենթագիտակցորեն: Այնուամենայնիվ, հրապարակում կանգնած մտածում էի քո ու քեզ նման շատ այլ մարդկանց մասին, որ չունեն երջանկություն` մարմնով ու հոգով զգալու միասնության ու սիրո էն հեղեղը, որ յուրաքանչյուր հայի մեջ ծնում էր սեփական երկրի մեջ արժանապատիվ գոյանալու հեռանկար ու հավատ` դրա նկատմամբ: Անկեղծորեն ցավում եմ քո կյանքի գրքում դրված էն մեխի գոյության համար, որ քեզ զրկեց էդ իրավունքից:
Իմ ու քո մեջ գոյություն ունեցող 6 տարիների տարբերությունը ինձ թույլ պիտի տա քեզ հարցնել` դու գիտե՞ս, թե ինչ բան է անանձնական երջանկությունը: Երբևէ քեզ երջանիկ զգացե՞լ ես էն պահին, երբ տեսել ես յուրաքանչյուր երկրորդ մեկի ուրախությունը, երբ օգնել ես անգամ անծանոթին ու լիացել նրա ուրախությամբ, երբ թեկուզև ինքդ որևէ ներգործություն չես ունեցել այդ երկրորդ մեկի երջանկության վրա, բայց անկեղծորեն ուրախացել ես իր ձեռքբերումով: Երբ այս հարցի պատասխանը կգտնես, խնդրում եմ, մտաբերիր նաև այն, թե երբևէ մտքովդ չի՞ անցել` արհեստածին անհավասարության պատճառով շատերը այնքան թշվառ են ու անտեսված, որ ողջ կյանքը նրանց համար բեռ է` սեփական գոյության համար: Այն կյանքը, որը բոլորին տրվում է միայն մեկ անգամ, բայց որ կարող է նաև երբևէ չպատկանել որոշ մարդկանց, որովհետև մի խումբ այլ մարդիկ որոշել են ապրել մի քանիսի փոխարեն, վայելել մի քանիսի փոխարեն, գոհանալ մի քանիսի փոխարեն: Այն «մի քանիսի», ում հասնում է ոչինչ` բացի իրենցից խլած կյանքում ավելորդի պիտակով ապրելն ու տառապել ավելին, քան անհրաժեշտ է` ոտքերի վրա առավել ամուր կանգնելու համար:
Ես քեզ չեմ ճանաչում, բայց սիրում եմ քեզ. առհասարակ, հեշտ է սիրել նրան, ում չես ճանաչում, գուցե հենց սա է պատճառը, որ նամակդ պ. Փաշինյանին ուղղելու փոխարեն չես հանձնել բախտի բերմամբ թե պատահմամբ քեզ շատ ավելի մոտ կանգնած մարդկանց: Ինչևէ, եթե կընդունես խորհուրդս, քեզ թող նվեր դառնա ինձնից` որևէ բան ժխտելու համար շատ ավելի խորությամբ պիտի ծանոթ լինես դրան, քան երբ հաստատում ես:
Դու քո նամակը վերնագրել ես «Հեղափոխության անտեսված կողմը»` առանց ենթադրելու անգամ, որ խոսում ես միայն ու միայն քո հոգեվիճակի ու քո իրականության մասին, ու թե ըստ քեզ անտեսված ես եղել դու պ. Փաշինյանի ու այս պահին նրա կողքին կանգնած մի ողջ ժողովրդի կողմից, ապա քո դեպքում ուշադրության կենտրոնում ես միայն դու ինքդ` անտեսելով ողջ մնացյալ աշխարհը (սա ասում եմ ընդամենը հիմնվելով սեփական նամակիդ բովանդակության վրա): Երբ բացառես այս մոտեցումդ, կարող ես վստահ լինել, որ դու գիտես, թե ինչ բան է անանձնական երջանկությունը:
Կանցնեն տարիներ, մենք բոլորս պատմություն կդառնանք, միակը, որ կթողնենք մեզնից հետո, կլինի մեր գործը: Անկեղծորեն հուսով եմ, որ քո անելիքը կլինի այնքան համամարդկային ու պիտանի, որ պատմության մեջ կմնա որպես առաջխաղացում հուշող ճանապարհ և ոչ դրա վրա հայտնված մի մանր քար` փոշիացած ու վերացած իրապես Մեծերի կենսագործունեության արանքում:
Հ.Գ. Հայրենիքի առաջ բոլորս հավասար ենք, յուրաքանչյուրս ունենք մեր որոշիչ դերը հայրենիքի ներկայում ու ապագայում: Յուրաքանչյուր քայլ չէ, որ պսակվում է հաջողությամբ` ես սա գիտակցել եմ հեղափոխության ընթացքում արված 100.000-ավոր քայլերիցս յուրաքանչյուրն անելու հետ, բայց կա մի բան, որ չգիտակցելը կնշանակեր համակերպվել սեփական անզորությանս հետ` ամենքս մեր պատճառն ունենք` ապրելու. երանի նրան, որ կապրի հանուն ավելի ամուր պետականության, ավելի պիտանի հասարակության ու ավելի լավ ապագայի անունով:
ՀՀ. ԳԳ. Չմոռանաս համապատասխան առիթի դեպքում օրերից մի օր պ. Փաշինյանին շնորհակալություն հայտնել` ընկերներիդ շրջանում արած «մաքրության» համար: Նա, ով իսկապես ընկեր է, ընկեր է մնում ամեն կարգավիճակում:
ՀՀ հպարտ քաղաքացի, սեփական հոր դուստր` Կարինե Ավագյան