Թատրոնի եւ կինոյի ինստիտուտի ուսանողական խորհրդի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Միլեն Բալդրյանը՝ ՀՀԿ-ի անդամակցությունից հրաժարվելու իր որոշումը չի կապում վերջին շաբաթներին Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումներով:
Նա նաեւ հերքեց տեղեկությունը, թե ինքը ոչ թե հրաժարվել է կուսակցության անդամակցությունից, այլ հեռացվել ՀՀԿ-ի շարքերից: «Նախ մի հատ հարց էլի, ո՞վ է նման տեղեկատվություն ձեզ փոխանցել: Ես սոցցանցերում իմ անձնական էջով նյութ եմ տեղադրել, որտեղ հստակ հայտնել եմ, որ ես եմ դուրս եկել կուսակցությունից: Իրականությանը համապատասխանում է այն, ինչ ես իմ facebook-ի իմ էջում տեղադրել եմ: Ես փորձել եմ իմ ուսանողներին, որպես արվեստի գործիչներ, հնարավորինս զերծ պահել կուսակցականացված լինելուց, դրա համար էլ միայն ես եմ կուսակցական եղել, բայց հրաժարվեցի ու դրանով անկուսակակցականացրի մեր բուհի ուսանողական խորհուրդը»,- ասաց Միլեն Բալդրյանը:
Մեր հարցին, թե տարաձայնություններ ունեցե՞լ է ՀՀԿ-ում, մեր զրուցակիցն ասաց՝ ոչ՝ հավելելով, որ այդ որոշմանն եկել է ուսխորհրդի անդամների հետ բազմաթիվ քննարկումներից հետո:
Մեր հաջորդ հարցին, թե հատկապես ինչով էր իրեն կաշկանդում կուսակցական պատկանելությունը, նա պատասխանեց. «Եթե ինչ-որ կուսակցության անդամ ես, քո գաղափարները ինչ-որ կերպ պետք է հարեն նրանց, ես, լինելով արվեստագետ, կարող էի շատ դեպքերում հակասել իրենց եւ այս պարագայում դուրս էր գալիս, որ իմ կարծիքին էի հակասելու ու հասկացա, որ պետք է լինեմ անկուսակցական»:
Հիշեցնենք, որ Թատերական ինստիտուտի ուսխորհրդի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Միլեն Բալդրյանը հայտնել է, որ հրաժարվել է ՀՀԿ-ի անդամակցությունից:
«Օրեր առաջ ես դադարեցրի անդամակցությունս ՀՀԿ-ում, Իմ քայլով անկուսակցականացնելով նաև Երևանի Թատրոնի և Կինոյի Պետական Ինստիտուտի Ուսանողական Խորհուրդը։
Ես վերջնականապես համոզվեցի, որ արվեստի ԲՈՒՀ-ի ՈՒԽ նախագահը, չպետք է լինի կաշկանդված իր կուսակցական պատկանելությամբ: Առաջնահերթ եմ համարում նախ լինել ուսանողի կողքին…»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ