Լրահոս
Օրվա լրահոսը

«Ուսխորհրդի անդամները պետք է ունենան քաղաքացիական ազնվություն հայտարարելու՝ իրենք կուսակցական չեն եղել». Դավիթ Մուրադյան

Մայիս 03,2018 21:33

Թատրոնի եւ կինոյի ինստիտուտի ռեկտոր Դավիթ Մուրադյանը ոչ բարեխիղճ ձեւակերպում է որակում հայտարարությունը, որ թատերական ինստիտուտի ուսխորհրդի կազմը դուրս է գալիս ՀՀԿ-ից:

Ըստ նրա՝ իր ղեկավարած բուհի ուսխորհրդի անդամները պետք է ունենան քաղաքացիական ազնվություն հայտարարելու, որ իրենք կուսակցական չեն եղել. «Ինչ-որ մեկը փորձել է նրանց ներքաշել այդ կարգավիճակի մեջ: Նրանք մի քանի օր առաջ ինձ մոտ էին, հարցրի՝ քանիսն էին ձեզանից կուսակցական, շատ զարմացան, ասացին՝ ոչ մեկս: Ես էլ հարցրի՝ ինչու եք այդ տեղեկատվությունը թողնում անպատասխան: Որեւէ բուհում ուսխորհրդի բոլոր անդամները չեն կարող այս կամ այն կուսակցության անդամ լինել, եւ մեր բուհում՝ նույնպես:

Մեր ուսխորհրդի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարը լավագույն ուսանողներից մեկն է, խելացի, զարգացած, լեզուներ իմացող: Միայն ինքն է եղել կուսակցական, ինքն էլ իր սեփական նախաձեռնությամբ դիմում է ներկայացրել ու հրաժարվել: Ես ցավում եմ այս ապատեղեկատվության համար, որը հարվածում է բուհի հեղինակությանը: Սա այն բուհը չէ, ու, իմ կարծիքով, Հայաստանում չկան այնպիսի բուհեր, որոնք կազմում են այնպիսի ուսանողական խորհուրդներ, որոնց անդամներն անխտիր կուսակցական են: Որեւէ բուհ այդպիսի բան չի անի, որովհետեւ գոնե այդքան խելք ունեն էլի այդ բուհի ղեկավարները»:

Նա կուսակցականացված կամ քաղաքականացված չի համարում բուհը, որի միայն ուսխորհրդի նախագահն է կուսակցական. «Երբ ուսխորհրդի նախագահ ենք ընտրում, չենք բացում նրա անկետան սովետական սկզբունքով ու նայում՝ նա կուսակցակա՞ն է, թե՞՝ ոչ: Դա անազնիվ է, մարդու իրավունքն է, կուզի՝ կլինի, կուզի՝ չի լինի: Նայում ենք՝ ինչպես է իրեն դրսեւորել, այս երիտասարդը ակտի՞վ է, կարո՞ղ է լավ աշխատել, թե՞՝ ոչ»:

Հիշեցնենք, որ Թատերական ինստիտուտի ուսխորհրդի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Միլեն Բալդրյանը հայտնել է, որ հրաժարվել է ՀՀԿ-ի անդամակցությունից:

«Օրեր առաջ ես դադարեցրի անդամակցությունս ՀՀԿ-ում, Իմ քայլով անկուսակցականացնելով նաև Երևանի Թատրոնի և Կինոյի Պետական Ինստիտուտի Ուսանողական Խորհուրդը։

Ես վերջնականապես համոզվեցի, որ արվեստի ԲՈՒՀ-ի ՈՒԽ նախագահը, չպետք է լինի կաշկանդված իր կուսակցական պատկանելությամբ: Առաջնահերթ եմ համարում նախ լինել ուսանողի կողքին…»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031