Քաղաքացիական անհնազանդության եւ բողոքի ցույցերի այս օրերին պետական պաշտոնյաները շատ էին խոսում, թե նվազում է զբոսաշրջիկների թիվը, վայրէջք են կատարում, հենց իմանում են՝ բողոքի ցույցեր են, ճանապարհները փակ են՝ անմիջապես հետ են վերադառնում:
Տնտեսագետ Արտակ Մանուկյանի կարծիքով՝ թեեւ զբոսաշրջիկների համար որեւէ երկիր ճամփորդելիս մոտիվացիան անվտանգությունն է, բայց շնորհիվ միջազգային ԶԼՄ-ների, մեր երկրում դրա հնարավոր բացասական հետեւանքները մեղմվել էին:
«Պետք է հասկանանք՝ նոր կառավարությունը եւ նոր Հայաստանը ավելի գերակա են եւ ավելի մեծ հնարավորություններ են ստեղծում, քան հենց նույն զբոսաշրջությունը»,-«Մեդիա կենտրոնում» ասուլիսի ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց տնտեսագետը:
Նրա խոսքերով՝ մեր երկրի ՀՆԱ-ն մեկ տարում ՝ 10,5 միլիարդ է, սրա մեջ նաեւ ստվերն է հաշվարկվում. «Եվ, ըստ ազգային վիճակագրական ծառայության մեթոդաբանության, ստվերը 22% է, սա գումար է, որը չի հարկվում: Այլ կառույցների գնահատականներով՝ ստվերը 35-40 % է, մինչեւ 4 միլիարդ դոլար»: Այսինքն՝ ըստ տնտեսագետի, սա գումար է, որը նոր կառավարությունը կարող է դուրս բերել ստվերից:
Մանուկյանն ասաց, որ տնտեսությունում սպասումներն ավելի դրական են: Ըստ Մանուկյանի, միջազգային փորձը ցույց է տալիս՝ այն երկրներում, որտեղ կոռուպցիան կամ ստվերը բավականաչափ բարձր է, որպես կանոն, օտարերկրյա ներդրումները բավականաչափ նվազ են լինում: Իսկ այն երկիրը, ինչպես ասաց տնտեսագետը, որն ազատվում է այդ ավելորդություններից, պետք է ի հակադրություն ՀՀԿ-ի ասեմ՝ թռիչքաձեւ աճ է ունենում եւ օտարերկրյա ներդրումների աճ է լինում:
«Սա մեր տնտեսության համար թավշյա վերափոխում է»,-ասաց տնտեսագետը:
Եվ որպեսզի այն իրականություն դառնա, ժամանակավոր կառավարությունը քաղաքական կամք պետք է ունենա ստվերը վերացնելու կամ կրճատելու, տնտեսությունում հավասար մրցակցային պայմաններ ստեղծել, բոլորին օրենքի դաշտ բերել, ինչի քաղաքական կամքը չունեցավ իշխող կուսակցությունը:
Գազի գնի փոփոխության մասին էլ Մանուկյանն ասաց, որ նախ պետք է լուրջ աուդիտ կատարվի, որպեսզի հասկանալի լինի սակագնի հնարավոր փոփոխությունը: Սակայն, տնտեսագետը գտնում է, որ կա հնարավորություն գազի սակագնի նվազեցման. նման կարծիքի համար հիմք է այդ ընկերության նյութածախսի, ամորտիզացիայի ու այլ ծախսերի ուսումնասիրության արդյունքները:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ