Հայաստանը, թվում է, վերջապես կտրվում է իր հետխորհրդային տկարությունից և բռնում ժողովրդավարական փոփոխությունների ճանապարհը՝ շնորհիվ շարժման, որը փորձում է հավասարակշռություն պահել Ռուսաստանի և Արևմուտքի միջև, The Washington Post թերթում գրում է լրագրող Դեյվիդ Իգնատիուսը:
Չորեքշաբթի երեկոյան տասնյակ հազարավոր մարդիկ ողողել էին Երևանի կենտրոնական հրապարակը՝ վանկարկելով «hաղթանակ, հաղթանակ»: Նույն օրն ավելի վաղ՝ պատասխանելով շարժումը ղեկավարող Նիկոլ Փաշինյանի կոչին՝ կաթվածահար անել մայրաքաղաքը՝ կոնսերվատորիայի ուսանողները դասական երաժշտություն էին նվագում քաղաքի մի հատվածում, մյուս հատվածում մարդիկ պարում էին, մի փոքրիկ տղա էլ փողոցը փակել էր խաղալիք ավտոմեքենաներով:
Չորեքշաբթի Փաշինյանի հայտարարությունը նման էր հաղթանակի ելույթի, երբ նա ասաց հավաքված բազմությանը. «Այժմ մենք կդադարեցնենք մեր գործողությունները և կհանգստանանք»: Երեքշաբթի Սերժ Սարգսյանի կուսակցության կողմից վերահսկվող Հայաստանի խորհրդարանը չպաշտպանեց Փաշինյանի՝ նոր կառավարությունը ձևավորելու առաջարկը: Բայց ևս մեկ քվեարկություն նախատեսվում է մայիսի 8-ին, և իշխող Հանրապետական կուսակցությունը հայտարարել է, որ չի խոչընդոտի բարեփոխիչի ընտրությանը, գրում է հոդվածագիրը:
Եթե Փաշինյանին հաջողվի նոր կառավարություն ձևավորել, դրա պատճառը գլխավորապես կլինի այն, որ ոստիկանությանը և բանակը հրաժարվեցին կրակ բացել ցուցարարների վրա և սկսեցին աջակցել նրանց: Համաքաղաքացիների վրա չկրակելը հաճախ սոցիալական փոփոխությունների հիմք է հանդիսանում. դա հատկապես գործում է Հայաստանում, որն անցյալ ամիս ոգեկոչում էր 1915թ. Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության տարելիցը, գրում է Իգնատիուսը:
Վերջին 25 տարիներին Հայաստանի հիմնական քաղաքական դիլեման եղել է այն՝ ինչպես համատեղել արևմտամետ քաղաքական համակրանքը Ռուսաստանից ռազմական կախվածության հետ, շարունակում է լրագրողը: Այս փակուղին օգնեց Սարգսյանի շուրջ ձևավորել ռուսամետ օլիգարխների շրջանակ, որն իր ձեռքում կենտրոնացրեց երկրի հարստության մեծ մասը: Իր ժողովրդի ամբողջ ձեռնարկատիրական ոգով հանդերձ կոռումպացված և ավտորիտար Հայաստանը երբեք չհասավ մյուս նախկին խորհրդային հանրապետությունների կապիտալիստական թռիչքին:
Ժողովրդական ընդվզման նկատմամբ մինչ այժմ հանդուրժողական վերաբերմունք է ցույց տվել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Նա կարծես թե որոշել է, որ ավելի լավ է զոհաբերել իր դաշնակից Սարգսյանին, քան ռիսկի դիմել կորցնել Հայաստանը: «Նա ցանկանում էր խուսափել ևս մեկ Ուկրաինայից»,- լրագրողի հետ զրույցում ասել է բարեփոխումների շարժման առաջնորդներից մեկը: Հայաստանի և Ռուսաստանի միջև երկարատև բարեկամության պատճառով՝ Երևանում ցույցերի պատկերը կարող է գալվանացնող ազդեցություն ունենալ Ռուսաստանում:
Լրագրողը կարծում է, որ Փաշինյանը կարողացավ դուրս գալ հետխորհրդային ճահճից մի քանի պատճառով. նախ, նրա շարժումը ոչ բռնի էր և գլխավորապես հենվում էր երիտասարդների և ծերերի վրա, «վեր բարձրացրած ձեռքերը» խորհրդանշում էին քաղաքացիական անհնազանդությունը, որը դարձավ ցուցարարների կարգախոսներից մեկը: Երկրորդ, Փաշինյանը հրաժարվեց բռնել Արևմուտքի կամ Ռուսաստանի կողմը՝ որդեգրելով «հայամետ» մոտեցում: Նա Մոսկվային հավատացրեց, որ վարչապետ դառնալու դեպքում չի պատրաստվում հրաժարվել Ռուսաստանի հետ ռազմական և առևտրային համաձայնագրերից: Միաժամանակ, նրա ժողովրդավարական ուղղվածության շարժումը շահել է Եվրոպայի և ԱՄՆ-ի համակրանքը՝ ավելի լայն բարեկամության հեռանկարներ առաջարկելով այդ փոքր, հուսալքված ժողովրդի համար:
Փաշինյանի շարժումն առաջարկում է փոփոխություններ, բայց ինչպես սովորաբար լինում է նման շարժումների դեպքում, դրա մանրամասները մշուշոտ են: Նրա խումբը՝ «Քաղաքացիական պայմանագիրը», կառուցվել է այն խոստման վրա, որ նոր կառավարությունը ժողովրդին կներկայացնի հստակ բարեփոխումներ: Անգամ նրա շարժման աջակիցներն են ասում, որ համոզված չեն՝ ինչ կարող է ընդգրկվել այդ օրակարգում: Բայց չորեքշաբթի տեղի ունեցած զանգվածային բողոքի ֆոնին այդ մանրամասները կարող են սպասել, եզրափակում է Իգնատիոսը:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ
…մտնելու համար նոր ճահիճի մը մէջ…