Լրահոս
Օրվա լրահոսը

«Ուզում եմ ինձ հիշեն՝ որպես բոլորի հետ խանութներում հերթ կանգնող պարզ մարդու»․ Շիրակի մարզպետի հրաժեշտը (Տեսանյութ)

Մայիս 03,2018 18:30

Այսօր ՀՀ կառավարությունը ընդունել է Շիրակի դաշնակցական մարզպետ Արթուր Խաչատրյանի ապրիլի 26-ին ներկայացրած հրաժարականը։ Արթուր Խաչատրյանն այսօր, այսպես ասած, հրաժեշտի մամուլի ասուլիս էր հրավիրել՝ տեղեկացնելով, որ այսօրվանից վայր է դնում Շիրակի մարզպետի պարտականությունները։

Նա ընթերցեց մի տեքստ՝ ուղղված շիրակցիներին, որտեղ նշում է, որ իր պարտականություններն իրականացրել է՝ առաջնորդվելով բարոյականությամբ և հանրային շահի գերակայությամբ, մասնագիտական արհեստավարժության իր սկզբունքներին ու պարտականություններին համապատասխան։

«Այդ սկզբունքներին հավատարիմ մնացի մինչև վերջ։ 11 ամիս առաջ, երբ ես մարզպետ նշանակվեցի, հայտարարեցի, որ ես Շիրակի մարզ խոպան չեմ եկել։ Եկել եմ, որ համատեղ աշխատանքով մարզի վրայից կարողանանք ջնջել աղետի գոտի պիտակը, փոխել մարդկանց տրամադրությունը, ստեղծել աշխատատեղեր ու կանխել արտագաղթը։ Ունեի երկարաժամկետ բազմաթիվ ծրագրեր ու լուծելիք խնդիրներ, ինչ-որ բան հաջողվեց, ինչ-որ բան չհասցրեցի»,- ասաց մարզպետը։

Նա թվարկեց այն ծրագրերը, որոնք հաջողվել է իրագործել։ Նա նաև շնորհավորեց լրագրողներին մամուլի ազատության միջազգային օրվա հետ կապված ու առանձնահատուկ շնորհակալություն հայտնեց՝ մարզպետարանի աշխատանքը օբյեկտիվորեն լուսաբանելու համար։

«Հայաստանի համար նոր օր է բացվում, երբ չի լինում ելք ու ճար, խենթերն են գտնում հնար։ Դեռ մեկ ամիս առաջ անհնարին թվացողն արդեն իրականություն է։ Երկիրը թևակոխում է զարգացման նոր փուլ։ Հաղթանակի արդյունքները պետք է փայփայել, չթողնել, որ փոշիանան, անցյալի սխալները պետք է սերտել՝ նոր սխալներից խուսափելու համար։ Հավատում եմ մեր երկրի հզորացմանը, հավատում եմ Շիրակի մարզի ծաղկմանը։ Մի քանի օրից կվերադառնամ Երևան՝ հոգումս ու մտքումս միշտ պահելով հարազատ դարձած իմ Շիրակը։

Ուզում եմ, որ ինձ միշտ հիշեն որպես Գյումրիում հանգիստ զբոսնող, բոլորի հետ խանութներում հերթ կանգնող և երիտասարդ ցուցարարների հետ մարզպետարանի աստիճանի առաջ հանգիստ զրուցող պարզ մարդու»,- ասաց մարզպետը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031