Aravot.am-ն անդրադարձել է մեզ դիմած համալսարանականների այն մտահոգությանը, թե Երեւանի պետական համալսարանում որոշել են դեկանների հապշտապ ընտրություններ իրականացնել, ինչի արդյունքում վերընտրվում են երեսուն տարուց ավելի դեկան աշխատող եւ յոթանասունհինգ տարեկանից բարձր մարդիկ:
Aravot.am-ը թեմայի վերաբերյալ մեկնաբանություն խնդրեց ԵՊՀ ռեկտորի մամուլի խոսնակ Գեւորգ Էմին-Տերյանից:
Նա փոխանցեց հետեւյալը. «ԵՊՀ-ում դեկանների ընտրություններն ընթանում են ըստ ժամանակացույցի՝ համապատասխան դեկանների պաշտոնավարման ժամկետների լրանալուն։ Ըստ այդմ, 19 ֆակուլտետներից անցած տարի ընտրվել է մեկ դեկան (Արևելագիտության ֆակուլտետ՝ Ռուբեն Մելքոնյան), այս տարի ընտրվել են 4 դեկաններ (Ժուռնալիստիկայի ֆակուլտետ՝ Նաղաշ Մարտիրոսյան, Մաթեմատիկայի մեխանիկայի ֆակուլտետ՝ Արթուր Սահակյան, Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ՝ Մարատ Գրիգորյան, Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ՝ Գեղամ Պետրոսյան)։ Այս տարվա ընթացքում ավարտվում են ևս 6 դեկանների պաշտոնավարման ժամկետները»։
ԵՊՀ ռեկտորի մամուլի խոսնակը նաեւ փոխանցեց. «Միակ դեկանը, որ իր ժամկետի լրանալուց մի քանի ամիս առաջ է հրաժարվել իր պաշտոնից, ապա վերընտրվել է, Մարատ Գրիգորյանն է, որն իր պաշտոնավարման վաղաժամ դադարեցումը բացատրել է ֆակուլտետում նախաձեռնվելիք կառուցվածքային փոփոխություններով. նախ՝ հեռացող ղեկավարը բարոյական իրավունք չունի փոփոխություններ անելու, երկրորդ՝ հերթական ընտրության ժամկետը պետք է լիներ հունիսին, իսկ դա բավարար չէ մինչև նոր ուսումնական տարվա սկիզբը կառուցվածքային փոփոխություններ անելու համար, և երրորդ՝ դեկանի ընտրությունը յուրօրինակ վստահության քվե է ֆակուլտետի գիտխորհրդի կողմից առաջարկվող փոփոխությունները կյանքի կոչելու համար։
Մարատ Գրիգորյանի հետ առաջադրվել էր նաև նախկին դասախոս Մաքսիմ Մանասյանը, ում հետ գիտխորհուրդը որոշել էր չերկարացնել աշխատանքային պայմանագիրը՝ գիտական աշխատության մեջ գրագողություն հայտնաբերելու պատճառով։ Պարոն Մանասյանը գիտխորհրդի նիստի ժամանակ հնչեցրել է մեղադրանքներ, ապա առանց իր ծրագիրը ներկայացնելու՝ ինքնաբացարկ է հայտարարել և չի մասնակցել ընտրությանը»։
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ