«Տելեգրամը նոր բացահայտում է ՀՀ հասարակության համար և հետաքրքիր զարգացումներ կարող է ունենալ»,-«Մեդիա կենտրոնում» հրավիրված «Կեղծ լուրերի, սոցցանցերում կեղծ հաշիվների ու ապատեղեկատվության ազդեցությունը «թավշյա հեղափոխության ընթացքում» թեմայով հարցազրույց ասուլիսի ընթացքում հայտարարեց մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:
Ըստ պարոն Մարտիրոսյանի՝ «Իմ քայլը» նախաձեռնության շարժման ընթացքում ինստագրամն էլ էր լավ աշխատում, ջահելները հետաքրքիր ձևով օգտագործում էին այն, տելեգրամն ավելի թեթև է. արագ ձևավորվեցին ալիքներ, որոնք շատ ավելի հեշտացնում էին տեղեկատվության տարածումը. «Թվիթերն էր շատ ակտիվացել. արդեն Հիտլերի բեղերով Փաշինյանի նկարներն են: Սա ակնհայտ կազմակերպված է, քանի որ այդ տեքստերը կլիշեներով են գրված»:
Պարոն Մարտիրոսյանը նշեց, թե կար լուրջ տեղեկատվական հակամարտություն, բավականին շատ ներգրավված կողմեր. մի շերտի հարց չէր: Ըստ մեդիա փորձագետի՝ շատ տարածված էին ասեկոսեներ, բամբասանքներ, էմոցիոնալ վիճակներ, երբ մարդիկ ուզում էին անպայման կիսվել այդ նյութերով: Այս ամենից խուսափելու համար պարոն Մարտիրոսյանը խորհուրդ տվեց վստահել միայն ծանոթ աղբյուրներին. օրինակ՝ aznivlurer, ru կամ fantasticnorutyunner.com հասցեն պիտի որ հուշի՝ որ չարժե բացել այդ կայքը, բայց ըստ Սամվել Մարտիրոսյանի՝ էմոցիոնոլ ֆոնի վրա աշխատում էր, ինչը զուտ գումար վաստակելու միջոց էր:
Անդրադառնալով տեղեկատվական պատերազմներին՝ պարոն Մարտիրոսյանը նշեց. «Մեկ այլ շերտում տեղեկատվական պատերազմներ էին ընթանում: Մինչև Սերժ Սարգսյանի հրաժարականն իրավիճակը շատ տարբերվում էր: Մինչև այդ պահը ՀՀԿ-ականները գրեթե լուռ էին, երկրորդ դերակատարը՝ ռուսաստանյան ԶԼՄ-ները ևս ընդհանրապես չէին անդրադառնում: Միայն Սերժ Սարգսյանի հրաժարականի մոտ օրը ՌԴ-ում մեկ էլ բացահայտեցին, որ ՀՀ-ում ինչ-որ բան է կատարվում: Շարժ սկսվեց. հեռուստաընկերությունները սկսեցին չեզոք անդրադառնալ: Երբ Կարեն Կարապետյանի հետ սկսվեց հակամարտությունը, և տապալվեց այդ էտապը, ռուսաստանյան դաշտում սկսեցին աշխատել՝ համեմատելով հայաստանյան իրավիճակը Մայդանի, արևմուտքի պայքարի և այլնի հետ: Հետագայում ԶԼՄ-ները մեղմացրին տոնը»:
Պարոն Մարտիրոսյանի կարծիքով՝ Հայաստանի դեմ հեղեղ չտեսանք, ինչպիսին տեսել էինք այն ժամանակ, երբ ՀՀ-ն ԵՄ-ի հետ համաձայնագիր էր ստորագրում. այն ժամանակ հստակ ալիք էր գնում. «Այժմ ռուսաստանյան տեղեկատվական հոսքն ավելի շատ ռուսաստանյան ընդդիմությանը սսկվացնելու համար է: Նրանք ոգևորված են հայաստանյան դեպքերով»:
Դառնալով ադրբեջանական քարոզչությանը՝ պարոն Մարտիրոսյանն ասաց, թե նրանք հիմնականում չգիտեին՝ ինչ խնդիր լուծել, չէին հասկանում, թե իրենց քաղաքական շահը որն է:
Ըստ պարոն Մարտիրոսյանի՝ այս շրջանում արագ փոփոխություններն ազդել են քարոզչական ռազմավարության վրա. «Հետաքրքիր էր այն, որ այս ընթացքում ավելի շատ անելիքներ ունեին ոչ թե վերլուծականները, այլ ուղիղ եթերները: Մեծ էր ֆեյսբուքի ազդեցությունը: Ֆենոմենը նրանում էր, որ այս անգամ շատ արագ դադարեցրին վեճերը ֆեյսբուքում: Իրավիճակն այլ էր, ինչ 2016-ի ամռանը, երբ ատելության քանակը տարբեր ճամբարներում աննկարագրելի էր»:
Անդրադառնալով ֆեյքերին՝ պարոն Մարտիրոսյանն ասաց. «Ֆեյքերն օգտագործվեցին, բայց ոչ զանգվածային: Ֆեյքերով հարց լուծել չէր լինում, սկսած նրանից, որ պարզապես ճամբարներն իրարից արագ պոկվեցին, ու դադարեց շփումը, ինչը բերեց նրան, որ ատելությունը քիչ էր, քանի որ չկար հստակ ուղղված քարոզչության նպատակ: Իրավիճակն արագ ու անսպասելի էր փոխվում, դրա համար խեղճ ֆեյքերն ապակողմնորոշված, թթված վիճակում էին»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոն»-ի