Այսօր Հաշվեքննիչ պալատի նախագահ Լեւոն Յոլյանը ԱԺ-ում ներկայացրեց Վերահսկիչ պալատի 2017-ի գործունեության հաշվետվությունը:
«Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Տատյանա Միքայելյանը հարցրեց՝ հաշվետվությունից տեղեկանում ենք, որ հաշմանդամություն ունեցողներին պրոթեզաօրթոպետիկ եւ այլ պարագաներով ապահովման համապատասխան ծառայությունը մատուցողների եւ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության գործառույթները դիտարկելիս հայտնաբերել են խարդախության, չարաշահման փաստեր: Գերմանական թանկարժեք պարագաներ են թղթով ձեւակերպել, բայց մարդկանց տրամադրել են կրկնակի էժան ու կասկածելի պարագաներ, որի մասին հավաստվում է ՊԵԿ-ի կողմից տրված տեղեկությունով: Նա հարցրեց՝ դատախազությունը տեղյա՞կ է այս մասին:
Լեւոն Յոլյանը պատասխանեց, որ բոլոր նյութերը, ընթացիկ հաշվետվությունները հրապարակային են. «Մենք 15 հարցից երեքում տեսել ենք քրեաիրավական բնույթի կասկածներ եւ գործերն ուղարկել ենք դատախազություն: Բայց դա չի նշանակում, որ դատախազությունը չի կարող դիմել մեզ, մեզանից պահանջել նյութեր եւ խորացնել: Բոլոր նյութերում խնդիրներ կային: Որտեղ տեսել ենք կասկածը բավականին մեծ է, ուղարկել ենք»:
Յոլյանն ասաց, որ եթե դատախազությունը հետաքրքրված է, կարող են պահանջել, իրենք նյութերը կներկայացնեն:
Տատյանա Միքայելյանը արձագանքեց, որ բացարձակ անընդունելի է նման անօրինությունը: Յոլյանը տարակուսեց՝ «դուք ի՞նձ եք դիմում, թե՞ նախարարությանը»: Միքայելյանն էլ ասաց՝ պարոն Յոլյանին: Վերջինս ասաց, որ լավ չի ըմբռնում, թե որն է իրենց անօրինությունը, իրենք նկարագրել են իրավիճակը, գնումների դաշտում որոշակի մենաշնորհ են գտել, դրանից հետո նախարարությունը փոփոխություն է իրականացրել:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ