Լրահոս
Օրվա լրահոսը

Վերահսկիչ պալատը՝ գյուղնախարարին. Մենակ տրակտոր ու գութան գնելով չի, հետեւեք, որ շահագործվի

Մայիս 03,2018 14:52

Այսօր Հաշվեքննիչ պալատի նախագահ Լեւոն Յոլյանը ԱԺ-ում ներկայացրեց Վերահսկիչ պալատի 2017-ի գործունեության հաշվետվությունը եւ խոսեց գյուղնախարարության չարաշահման մասին:

ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանն ասաց, որ գյուղատնտեսության ոլորտը 400 հազար աշխատող ունի, ամենամեծ աշխատողների քանակն այստեղ է. «Լավ գիտեք, որ աշխատանքի արտադրողականությունը 1 աշխատողի հաշվով ամսական 550 դոլար է կազմում, ի՞նչ է դա նշանակում, եթե ծախսերը հանենք, գյուղացուն պաշտոնապես երեւի մնում է 100-150 դոլար: Սա խայտառակ վիճակ է ու այդ պարագայում, երբ մենք տալիս ենք սուբսիդավորման գումարներ բյուջեից՝ 1,1 մլրդ, դա էլ մեկ գյուղացիական տնտեսության մասով կազմում է ընդամենը 25-30 դոլար: Եթե սրան գումարենք այդ գյուղտեխնիկայի հետ կապված անհեթեթ իրավիճակը, մենք կարո՞ղ ենք արձանագրել, որ պետական պատկան մարմինները ամեն ինչ արել են, որ գյուղացուն դնեն շատ վատ վիճակի մեջ, որ գյուղացին կղզիացված ապրի: Նույնիսկ իր բերքը իրացնելու պայման չունի, էլ չեմ ասում գյուղացիական վարկերի այն բարձր տոկոսները, որոնց տակ կքած է գյուղացին: Ի՞նչ հրատապ միջոցներ կառաջարկեք, որ վիճակը կարողանանք շտկել, ի՞նչ չի արվել, որ պետք է արվեր»:

Յոլյանը պատասխանեց, որ երկրի բյուջեն հաստատվում է ԱԺ-ում՝ կառավարության առաջարկության հիման վրա ու պատգամավորները բյուջեի ձեւավորման ու հաստատման ժամանակ այդ խնդիրները կարող են բարձրաձայնել: Նա ասաց, որ իրենք ընդամենը ուսումնասիրում են, թե ինչքանո՞վ են իրականացրած ծրագրերը նպաստել երկրի առջեւ ծառացած խնդիրների լուծմանը. «Գյուղտեխնիկայի ձեռքբերման, բաժանման, շահագործման առումով կան բավականին լուրջ խնդիրներ, որոնց հետ կապված ավելի ակտիվ ու արդյունավետ պետք է լինի Վերահսկիչ պալատի, ԱԺ-ի, կառավարության գործունեությունը, լուծումներ պետք է գտնել, որ ոչ այդքան մեծ ֆինանսական ռեսուրսները գյուղատնտեսության համար մաքսիմալ արդյունավետ օգտագործվեն»:

Մելքումյանը հարցրեց՝ գյուղնախարարության քաղաքականության մեջ սխալի չափը այնքան է, որ այն հնարավո՞ր է շտկել, թե՞ քաղաքականության վեկտորը պետք է փոխել: Յոլյանը պատասխանեց. «Գյուղնախարարությունը ԾԻԳ-ի հետ հիմնականում զբաղվում է գյուղտեխնիկայի գնմամբ, բաժանմամբ, բայց նրա արդյունավետ օգտագործման վերաբերյալ գործառույթ իր մոտ չի նախատեսել ու վերահսկողություն չի անում: Կառավարությունը պետք է համապատասխան եզրահանգում անի»:

Յոլյանն ասաց, որ կառավարությունը պետք է հասկանա՝ իրենց նպատակը ոչ թե տրակտոր կամ գութան բաժանելն է, այլ հետեւել, թե ինչքանով դա արդյունք տվեց ու երբ լինում է ոչ արդյունավետ՝ համապատասխան որոշումներ կայացնի: 14 համայնք են ուսումնասիրել, բավականին համայնքներում փաստն այն է, որ տեխնիկան չի օգտագործվել:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031