«Ադրբեջանը կարեւոր գործընկեր է Ռուսաստանի համար: Եթե մենք «վիճում» ենք Ադրբեջանի հետ, ՀՀ-ին ձեռնտու չէ դա, քանի որ այդ սրացումը չեզոքացնում է Մոսկվայի ճնշման հնարավորությունը Բաքվի վրա»,-«Sputnik Արմենիա» մամուլի կենտրոնում այսօր տեսակապի միջոցով լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ռուսաստանցի քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը:
Ինչ վերաբերում է ՌԴ-ի կողմից Ադրբեջանին զենք մատակարարելուն, քաղաքագետը հիշեցրեց, որ ՌԴ-ն Ադրբեջանի միակ ռազմական գործընկերը չէ. «Այդ հարցում Ուկրաինան, Իսրայելը, Թուրքիան եւս Ադրբեջանի գործընկերներն են: Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է եւ վերապատրաստում է ադրբեջանցի զինվորականներին, մինչդեռ ՆԱՏՕ-ն ասում է, թե Արցախի հարցում չեզոք է»:
Մարկեդոնովի խոսքով՝ ապրիլյան ռազմական գործողություններից Մոսկվան դասեր է քաղել. «Իսկ թե ինչպես կզարգանա իրավիճակը, առաջիկայում պարզ կլինի: Ամեն դեպքում, Ռուսաստանը նորմալ հարաբերություններ կունենա նաեւ Ադրբեջանի հետ: Չմոռանանք, որ եթե ռուս-ադրբեջանական հարաբերությունները սրվեն, տարածաշրջանում կուժեղանա թուրքական գործոնը»:
Ռուսաստանցի քաղաքագետը հավելեց՝ ՀՀ-ն մնում է որպես ՌԴ-ի ռազմավարական, իսկ Ադրբեջանը՝ խնդրահարույց, բայց կարեւոր գործընկեր:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ