Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանն անձամբ չի դատի Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին. դատախազը կորոշի

Մայիս 03,2018 14:39

«Բոլորս շահագրգիռ ենք, որ այս քաղաքական իրավիճակը հանգուցալուծում ստանա Սահմանադրության եւ օրենքների շրջանակներում: Ես ուրախ եմ, որ այդ ըմբռնումը կոնկրետ արտահայտում պետք է ստանա»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը`պատասխանելով ՀՀԿ-ի դիրքորոշման փոփոխության հարցին:

Հիշեցնենք, ՀՀԿ-ն երեկ որոշեց ամսի 8-ին կայանալիք ընտրություններում աջակցել 1/3-ի կողմից առաջադրվող թեկնածուին:

Ի դեպ, մայիսի 8-ին մեծ հանրահավաք է տեղի ունենալու:

Հնարավո՞ր է վարչապետ ընտրվելուց հետո ինքը հանդիպի ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ`հարցին, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ իրենք բաց են հանդիպումների եւ քննարկումների համար. «Ըստ անհրաժեշտության՝ կորոշենք»:

Իսկ Լեւոն Տեր-Պետրոսյանի երեկվա հայտարարությունը նա կարդացել եւ  ի գիտություն է ընդունել:

Հարցին՝ իր վարչապետ դառնալուց հետո կա՞ն բաներ, որոնց համար պետք է պատասխան տան Սերժ Սարգսյանը եւ Ռոբերտ Քոչարյանը, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Ես նախկինում ասել եմ, որ սկզբունքն օրինականությունն է եւ հանրային համերաշխությունը: Ես հիմա վարչապետի թեկնածու եմ, ոչ թե՝ դատախազի: Ես կարծում եմ, ճիշտ չէ այն պրակտիկան, որ մի մարդը կատարում է եւ նախագահի, եւ վարչապետի, եւ քննիչի, եւ դատախազի դերը: ՀՀ քաղաքացիները պետք է տեսնեն, որ ապրում են մի երկրում, որտեղ կա օրենքի գերակայություն, որտեղ բոլոր մարդիկ հավասար են օրենքի առաջ»:

Մյուս հարցին`ՀՀԿ-ական օլիգարխներն են իրեն «կողմ» քվեարկելու, դա չի՞ կաշկանդի, որպեսզի հետագայում իրականություն դարձնի մենաշնորհների վերացման իր թեզը, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ ինքը վարչապետ է ընտրվում առանց նախապայմանների: Իսկ իրենց նպատակին`համերաշխության մթնոլորտին հասնելու համար կանեն կոնկրետ իրավիճակներից բխող քայլեր:

Նաեւ ասաց, որ Էրեբունի-Արցախ փողոցների խաչմերուկից, ապրիլի 22-ին իրեն բերման ենթարկելուց հետո ինքը Սերժ Սարգսյանի հետ չի հանդիպել:

Այլ մանրամասները`շուտով տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031