Հայաստանյան ներքաղաքական կյանքի վերջին օրերի զարգացումների եւ բողոքի զանգվածային գործողությունների առնչությամբ Ռուսաստանում չկան անհանգստություններ, քանի որ հակառուսական կտրուկ հայտարարություններ չեն հնչել: Այս մասին այսօր «Sputnik Արմենիա» մամուլի կենտրոնում տեսակապի միջոցով լրագրողների հետ հանդիպմանը նշեց ռուսաստանցի քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը:
Նա փաստեց՝ «Իմ քայլը» շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը քանիցս հայտարարել է, որ Ռուսաստանը շարունակելու է մնալ Հայաստանի գործընկերը, թեեւ «Ելք»-ը նախկինում ներկայացրել էր ԵՏՄ-ից դուրս գալու օրինագիծ:
«ՀՀ որոշ իշխանավորներ էլ նախկինում քննադատում էին Ռուսաստանին: Երբ ընդդիմություն ես, պետք է քննադատես, բայց երբ իշխանություն ես դառնում, իրավիճակ է փոխվում: Կան խնդիրներ, բայց Փաշինյանը վերջին օրերին շատ անգամ ասաց, որ Ռուսաստանը մնալու է ՀՀ-ի ռազմավարական գործընկերը, որ ռուսական ռազմակայանները մնալու են: Սերժ Սարգսյանը եւս քննադատել է ՀԱՊԿ-ի իր գործընկերներին՝ Արցախի հարցում պասիվություն ցուցաբերելու համար»,-նկատեց քաղաքագետը:
Ինչ վերաբերում է նոր իշխանության պարագայում հայ-ռուսական հարաբերություններին, Սերգեյ Մարկեդոնովն ասաց. «Տեսնենք, թե ով կլինի, օրինակ, արտգործնախարար: Առայժմ զգուշավոր լավատեսություն ունենք ներկա գործընթացի հանդեպ»:
Ռուսաստանցի քաղաքագետի համոզմամբ՝ այն, ինչ վերջին օրերին տեղի ունեցավ Հայաստանում, կապ չունի ուկրաինական «Մայդան»-ի հետ. «Հայաստանը զանգվածային ցույցերի հարուստ պատմություն ունի: Բավական է միայն ասել, թե ինչպիսի շրջադարձային էջ եղավ Հայաստանի համար Ղարաբաղյան շարժումը: Բացի այդ, ընտրական գործընթացները Հայաստանում հաճախ ուղեկցվել են զանգվածային ցույցերով»:
Սերգեյ Մարկեդոնովը կարծում է, որ ՀՀ ներկայիս ներքաղաքական իրավիճակը ոչ միայն փողոցային, այլեւ գրասենյակային պայքար է. «Անգամ այն քաղաքական ուժերը, որոնք, մեղմ ասած, Նիկոլ Փաշինյանի երկրպագուն չէին, փոխեցին դիրքորոշումները»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ