Լրահոս
Օրվա լրահոսը

Գյուղնախարարության չարաշահումը՝ 2 մլրդ-ից ավելի փող է ծախսել, գյուղտեխնիկա գնել՝ աննպատակ, չի շահագործվում. ՎՊ

Մայիս 03,2018 14:26

Վերահսկիչ պալատի 2017-ի տարեկան հաշվետվությունն է քննարկվում ԱԺ-ում: Հաշվեքննիչ պալատի նախագահ Լեւոն Յոլյանն ասաց, որ Սեւան ազգային պարկի, ԴԱՀԿ-ի, ՀՀ-ում տավարաբուծության զարգացման գյուղնախարարության ծրագրի մասով արձանագրություն են կազմել: «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում իրականացրած ուսումնասիրությունների արդյունքում պաշտոնական լիազորությունները չարաշահելու եւ պաշտոնական կեղծիք փաստերի առիթով գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել օրերս: Նա ասաց, որ նախաքննության գաղտնիության սկզբունքներից ելնելով՝ առայժմ զերծ կմնան առավել մանրամասն ներկայացնել, ավելի ուշ կխոսեն դրա մասին:

Յոլյանը նաեւ ասաց, որ որոշ ծրագրերի կատարողականի հետ կապված ուսումնասիրել են եւ խախտումներ գտել. «Գաղտնիք չէ, որ գյուղատնտեսության զարգացման նպատակով երկրում կա գյուղտեխնիկայի խիստ կարիք: Այդ նպատակով կառավարությունը 2015-17-ի ընթացքում 8 մարզում ստեղծել է 113 գյուղատնտեսական կոոպերատիվներ, գնել է շուրջ 2 մլրդ 100 մլն դրամի 406 միավոր գյուղտեխնիկա: Ստուգմամբ հայտնաբերվել է, որ գյուղատնտեսության նախարարությունը կոոպերատիվների կարիքներին անհրաժեշտ գյուղտեխնիկայի ուսումնասիրություն չի իրականացրել, կոոպերատիվների գործունեության եւ ստացված գույքի նպատակային շահագործման մոնիտորինգ չի իրականացրել, քիչ չեն դեպքերը, երբ ստացված տրակտորները չեն շահագործվում գյուղգործիքների բացակայության պատճառով կամ հակառակը՝ տրակտորի բացակայության պայմաններում ձեռք են բերվել միայն գյուղգործիքները: Գյուղտեխնիկայի մի մասը չի շահագործվել, իսկ օգտագործվող գյուղտեխնիկայի պարագայում աշխատել է ոչ լիարժեք ծանրաբեռնվածությամբ: Ստացված գործիքների մի մասը չի շահագործվում՝ հողատիպերին չհամապատասխանելու պատճառով եւ պահվում է բացօթյա ու ոչ պատշաճ պայմաններում»:

Հիշեցնենք, որ գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանը մեծ ջանքեր էր թափում ու միջոցներ ծախսում՝ կոոպերատիվների համար, հարկ եղած դեպքում լրագրողներին ներկայացնում դա՝ որպես իր հաջողություն: Մինչդեռ այսօր արդեն Յոլյանը փաստեց, որ ճնշող մեծամասնության դեպքում այդ կոոպերատիվները ձեւական բնույթ են կրել: Փող են ծախսել, տեխնիկա գնել ու դա չի ծառայում իր նպատակին:

Յոլյանն ասաց. «Կան ծրագրեր, որտեղ կա իրավիճակը շտկելու եւ կառավարումը բարելավելու հստակ անհրաժեշտություն»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031