Լրահոս
Օրվա լրահոսը

Պոլիտեխնիկի մանկապարտեզի տնօրենը` գործադուլի ու երեխաներին չկերակրելու լուրերի մասին

Մայիս 03,2018 14:10

Aravot.am-ը տեղեկություններ էր ստացել, որ Հայաստանի Ազգային պոլիտեխնիկական համալսարանի մանկապարտեզն արդեն 10 օր է՝ գործադուլ է անում առանց պաշտոնապես հայտարարելու այդ մասին։

«Հայաստանի Ազգային պոլիտեխնիկական համալսարանի մանկապարտեզի դաստիարակները 10 օր շարունակ առավոտյան ժամը 8:30-9:00-ն ընդունում են երեխաներին, որից մեկ-երկու ժամ անց զանգահարում են ծնողներին և պահանջում հետ վերցնել նրանց, նաև նշում են, որ երեխաներին ճաշով չեն ապահովելու։ Մանկապարտեզի դաստիարակներն ու տնօրենը վստահեցնում են, որ այդ որոշումը կայացնում է ՀԱՊՀ ռեկտոր, նախկին ԱԺ պատգամավոր Ոստանիկ Զավենի Մարուխյանը։ Այս տեսակ որոշումներն, անշուշտ, պաշտոնապես գործադուլ չհայտարարելու վախի հետևանք է։ Իսկ արդյունքում տուժում են երեխաները, որոնց իրավունքները ոտնահարվում են արդեն իսկ նախադպրոցական հաստատությունում՝ թողնելով նրանց սոված և անքուն»,-դժգոհել էր ծնողներից մեկը։

Aravot.am-ը համապատասխան մեկնաբանության համար կապվեց Ոստանիկ Մարուխյանի հետ: Պարոն Մարուխյանն ասաց, որ թեմայի վերաբերյալ մեկնաբանություն կանի ռեկտորի տեղակալ Գոռ Վարդանյանը, որն էլ համակարգում է բուհի մանկապարտեզի հետ կապված հարցերը:

Գոռ Վարդանյանը չընդունեց իրենց ուղղված դժգոհությունները: Aravot.am-ին նա հայտնեց հետեւյալը. «Նման որոշում համալսարանի ղեկավարության կողմից հնարավոր չէր կայացնել, քանի որ Պոլիտեխնիկում եւ, բնականաբար, նաեւ մանկապարտեզում աշխատանքը տեղի է ունեցել: Այն երեխաները, որ չեն կարողացել ճանապարհները փակ լինելու պատճառով գալ մանկապարտեզ, այդ հարցը օրակարգից դուրս է գալիս, ովքեր, որ եկել են համալսարան, իրենց համար մանկապարտեզում կազմակերպվել է համապատասխան գրաֆիկով նախադպրոցական կրթություն, որի ընթացքում խնդիրներ չեն եղել, առաջին անգամ ձեզանից ենք լսում:

Մանկապարտեզի տնօրենը այս օրերին ինձ` որպես համակարգողի ասել է, որ երեխաների թիվը քիչ է, քանի որ ճանապարհները փակ են, հնարավոր չէ, որ երեխաները բերեն մանկապարտեզ, ինչի վերաբերյալ ծնողների կողմից նախապես զանգվել եւ տեղեկացվել է տնօրինությանը»:

Նա նաեւ հավելեց, որ եթե որեւէ ծնող բողոք է ներկայացրել կամ մտահոգություն ունի, պատրաստ են լսել ու ընթացք տալ:

Aravot.am-ի հետ կապվեց նաեւ մանկապարտեզի տնօրեն Նարինե Բախչինյանը եւ ասաց, որ դժգոհությունը չի համապատասխանում իրականությանը, շեշտեց, որ երեխաները լիարժեք սնվել են:

«Մենք աշխատել ենք տասը օր շարունակ առավոտյան 9:30-ից մինչեւ 16-ը: Ընդամենը մեկ ժամ շուտ ենք գնացել, որովհետեւ ճանապարհները փակ են եղել, որպեսզի աշխատողները հասնեն տուն: Եթե 16-ին ասել ենք, մինչեւ ժամը 17-ը հազիվ եկել, տարել են: Երեխաները սնվել են 3 անգամ` ճաշն էլ, հետճաշիկն էլ, առավոտյան նախաճաշն էլ եղել է: Կա 70 ծնող, որոնք կարող են հավաստել, որ դժգոհությունը չի համապատասխանում իրականությանը, իսկ ղեկավարության կողմից որեւէ հայտարարություն չի եղել: Ինչ վերաբերում է շուտ գնալուն, այն պայմանավորված է եղել միայն տրանսպորտային խնդիրներով»,-ասաց մանկապարտեզի տնօրենը: Նա հերքեց նաեւ մանկապարտեզի աշխատակիցների` գործադուլ անելու տրամադրություններն ու ցանկությունը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը`  արխիվային

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (8)

Պատասխանել

  1. Anonymous says:

    Ապատեղեկատվություն է։ Ամեն օր երեխային տանում ենք նշված մանկապարտեզ և չի եղել մի օր, որ մանկապարտեզը չաշխատի կամ երեխան սոված տուն գա։ Լուն գերան մի դարձրեք։

  2. Գոհար Հակոբյան says:

    Հարգելի Anonymous, ինչպես տեսնում եք, մենք բարեխիղճ են աշխատել, եւ տեղեկության վերաբերյալ մեկնաբանություն ենք ստացել ռեկտորի տեղակալից եւ մանկապարտեզի տնօրենից:
    Եվ ապատեղեկատվության մասին բարձրաձայնելը ճիշտ կլիներ, որ անեիք ձեր իսկական անունով, ոչ թե կեղծանունով:
    Հարգանքով` Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

  3. Նարա says:

    Դուք ում պատվերն եք կատարում, որ գրում եք ապատեղեկատվություն է, ես այս խնդրի կապակցությամբ անձամբ գրավոր բողոք եմ ուղարկել ռեկտորատ, և գիտեք ինչու հենց ռեկտորին, որովհետև իմ 10 օրվա բանավոր բողոքները մանկապարտեզի անձնակազմի կողմից մնացել են անհիմնորեն անպատասխան։ Անհրաժեշտ էր կամ պաշտոնապես հայտարարել գործադուլ կամ աշխատել չանտեսելով երեխաների իրավունքները

  4. Նարա says:

    Գոռ Վարդանյան փաստորեն դուք լինելով մանկապարտեզի հարցերը համակարգող տեղյակ չեք մանկապարտեզից։ Նարինե Բախչինյան իրականությունը հերքելը նշանակում է ստել, փաստորեն ստացվում է ես այս մեկ տարվա ընթացքում իմ երեխայի հետ կապված կեղծ ինֆորմացիա եմ ստացել ձեզնից։ Հուսով եմ իմ նամակը ձեզ շուտ տեղ կհասնի, և նամակում վերհանված խնդիրները կստանան համարժեք լուծումներ։
    Իսկ նման դեպքում քաղաքակիրթ պահվածք կլինի ծնողից ներողություն խնդրելը, քանի որ ձեր բացթողման պատճառով իմ երեխան մի ամբողջ օր ֆիզիկապես և հոգեպես նեղ դրության մեջ ա եղել

  5. Անահիտ says:

    Հոդվածը կարդացի և անկեղծ զարմացած եմ,,,երեխաս հաճախում է ՀԱՊՀ մանկապարտեզի ավագ խումբ,,,, և մինչ օրս ոչ մի նման խնդիր չի եղել,,,,, ողջ անձնակազմը աշխատում է շատ պարտաճանաչ, ինչի համար անչափ գոհ եմ նրանցից,,,,, ձեր բողոքը անհիմն է հարգելիս

  6. Անահիտ Ա says:

    Հարգելի լրագրող տեղեկատվությունը ճշտեք մինչև հոդված հրապարակելը: Մանկապարտեզը աշխատել է բոլոր աշխատանքային օրերին, որոշ օրերի էլ նունիսկ հաշված քանակությամբ երեխաների ներկայության դեպքում:

  7. Ռուզաննա says:

    Պարզապես ապշած եմ և խոսք չեմ գտնում վրդովմունքս արտահայտելու համար։ Ինչպե՞ս կարելի է նման տեղեկատվություն գրել-ամեն օր, առանց բացառությամբ, երեխաս գնացել է մանկապարտեզ, քանի որ պահող չունեմ, և ինքս աշխատում եմ, բացարձակ չէի կարող չուղարկել։ Չեմ ուղարկել ՄԻԱՅՆ մայիսի 2-ին, երբ բոլոր ճանապարհները փակ էին։ Ոչ մեկ ինձ այս 10 օրերի ընթացքում չօ ասել, մի բերեք։ Սննդի մասին կցանկանայի հատուկ խոսել-այն սննունդը, որ երեխաս ստանում է մանկապարտեզում այնքան թարմ և բարձր որակի է, որ ես իմ տանը նման որակի սնունդ շատ հաճախ չեմ կարող ձեռք բերել։ Ամեն ինչ այնքան համեղ է, թարմ է, մաքուր է, այնքան հրաշալի մթնոլորտ է տիրում, որ երեխաս շաբաթ-կիրակի օրերին սպասոմ է, թե երբ է գնալու։
    Իսկ քնելու սենյակները առանձին են, բարձր որակի մահճակալներով, դոշակներով և բարձերով։ Շատ մանկապարտեզներում քնում, ուտում և խաղում են նույն սենյակներում, իսկ այստեղ բացարձակ առանձին են։

  8. Լուսինե says:

    Զրպատություն….Հետաքրքիր է ում կամ ինչն եք ցանկացել քննադատել համազգային շարժումը, թե պրն. Մարուխյանին: Երկուսն էլ անիմաստ, եթե բողոքելու տրամադրվածություն ունեք բողոքեք մանկական հիվանդանոցներից թեկուզ, որտեղ անապահով երեխաների իրավունքները ոտնահարվում են անընդհատ: Իսկ մանկապարտեզից բողոքելն ես չգիտեմ թե ինչ աստիճանի նենգություն է: Դուք, որ մանկապարտեզում եք նման որակի ու տարատեսակ սնունդ տեսել, որտեղ եք տեսել, որ տնօրենը աշխատողների հետ բակը մաքրի, երեխաների հետ խաղա ամեն հարցով հետաքրքրված լինի: Որ մանկապարտեզում է այսքան մաքուր և տաք, թե ձեզ թվում է մեր վճարած վարձով հնարավոր է նման որակի սնունդ տրամադրել: Նախահաշարկ արեք և շնորհակալ կլինեք պրն. Մարուխյանից, որ մեր բալիկների համար միջոցներ է հատկացնում համալսարանի բյուջեից: Շնորհակալ կլինեք մանկապարտեզի տնօրենից, ով ամբողջ օրը պահանջում է մատակարարներից, որակյալ սնունդ մատակարարեն մեր երեխաների համար: Գործադուլ չի եղել, մանկապարտեզը աշխատել է, նորմալ գրաֆիկով…ինձ անձամբ, ոչ ոք չի զանգել և չի տեղեկացրել նման բան, ընդհամենը մեկ օր շուտ ենք վերցրել, որովհետև ճանապարհները փակ էին, երեխաների հետ ճանապարհներին չմնալու պատճառով

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031