ՀՀԿ-ն հաստատում է, որ կաջակցի ժողովրդի թեկնածուի՝ ՀՀ վարչապետ ընտրվելուն: Այս մասին քիչ առաջ «ֆեյսբուքյան» էջով ուղիղ եթերով հայտարարեց «Իմ քայլը» շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը: Նա հայտնեց, որ արդյունքները հաստատվել են ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հետ այսօրվա հանդիպման ընթացքում. «Նա հաստատեց, որ ՀՀԿ-ն կաջակցի ժողովրդի թեկնածուին՝ վարչապետ ընտրվելու հարցում»:
Փաշինյանը նշեց. «Արդեն իսկ հավաքված են անհրաժեշտ թվով ստորագրություններ: Իմ առաջադրումը կարելի է փաստ համարել: Մայիսի 8-ին ժամը 12-ին ԱԺ-ում կկայանան վարչապետի ընտրություններ: Հույս ունեմ, որ քաղաքացիները կրկին կհավաքվեն Հանրապետության հրապարակում՝ այդ գործընթացին էկրաններին հետեւելու համար: Այս ընթացքում էլ պետք է պատրաստ լինենք քաղաքական իրավիճակի հնարավոր փոփոխության»:
Դիմելով ցուցարարներին՝ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Պետք է բացառենք ատելության քարոզչությունը ՀՀ-ում: Այդ էջը փակված է: Կոչ եմ անում բոլորին՝ մի արեք այնպիսի գործողություններ, որոնք կասկածի տակ կդնեն նշյալ պնդումը: Սա սիրո եւ հանդուրժողականության հեղափոխություն է»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ