Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը հերքում է իր, իր տեղակալի եւ Մասիսի սպորտդպրոցի տնօրեն Արմենակ Հակոբյանի մասնակցությունը ցուցարարների ծեծկռտուքում:
«Բացառված է»,- Aravot.am-ին ասաց քաղաքապետը:
Մեր հարցին, թե ձեզ հետ կապ ունեցող անձանց մասնակցությո՞ւնն էլ եք բացառում, մեր զրուցակիցը պատասխանեց. «Ինձ հետ կապ ունեցող անձինք, որոնք եղել են, ամեն մեկն իր տեղում եղել է, բայց որ իմ անունն եք կապում, որ այնտեղ եմ եղել, նման բան չկա:
Իրավիճակը պետք չէ սրել: Սովորական բան է տեղի ունեցել, բայց ես ցանկացած բռնություն մերժում եմ, լավ չեմ վերաբերում, կապ չունի՝ որ կողմն է իրականացրել»:
Մեր հարցին՝ պարզե՞լ եք՝ ինչու էին այդքան ագրեսիվ ձեր մտերիմները ու ինչու էին ծեծում խաղաղ ցուցարարներին, պարոն Համբարձումյանը պատասխանեց. «Ես ձեր փոխարեն նման կերպ չէի արտահայտվի, որովհետեւ յուրաքանչյուր մարդու հետ էլ կարող է նման դեպք լինել եւ ագրեսիան երկկողմանի է եղել»:
Նա վստահեցրեց, որ տեսանյութում արձանագրված հայտնի միջադեպերին չեն եղել ոչ իր տեղակալ Կարեն Օհանյանը, ոչ էլ՝ Արմենակ Հակոբյանը:
Մեր հարցին՝ ֆոտոշո՞փ եք համարում, քաղաքապետն ասաց. «Ես չգիտեմ՝ ինչ եք ասում, ես չեմ տեսել Օհանյանին, ոչ էլ Արմենակին: Էրեբունիի եւ Հերացիի դեպքերի ժամանակ Հայաստանում էլ չեմ եղել»:
Հովտաշատ գյուղում տեղի ունեցած միջադեպին անդրադառնալով՝ քաղաքապետը կրկին հերքեց. «Չի եղել նման բան»:
Նա վստահեցրեց, որ ոչ իր, ոչ իր կողմնակիցների կողմից ցուցարարներին չի արգելվել ցույցերի մասնակցել, ոչ էլ ծեծկռտուք է եղել. «Չկան նման բաներ»:
Հիշեցնենք, որ ըստ տարածված տեսանյութի, Էրեբունի վարչական շրջանում Մասիսի քաղաքապետը, նրա քեռու տղան, տեղակալը եւ Մասիսի սպորտդպրոցի տնօրենը հարձակվել են ցուցարարների վրա եւ ծեծել:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ