Լրահոս
Օրվա լրահոսը

Էդուարդ Շարմազանովը չի փոխել Նիկոլ Փաշինյանի մասին իր կարծիքը

Մայիս 03,2018 12:28

Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն ասաց, որ ինքը չի փոխել Նիկոլ Փաշինյանի`վարչապետ դառնալու վերաբերյալ իր կարծիքը եւ մայիսի 8-ին կայանալիք ընտրությունների երկրորդ փուլի ժամանակ կրկին «դեմ» է քվեարկելու: Ասաց`սա անձնավորված որոշում չէ, այլ քաղաքական:

Ամեն դեպքում, հավաստիացրեց, որ ՀՀԿ-ն կմնա երեկ ընդունած որոշմանը հավատարիմ եւ կապահովի Նիկոլ Փաշինյանին պակասող «կողմ» ձայները: Ովքե՞ր կլինեն «կողմ» քվեարկողները`ինքը չգիտի:

Էդուարդ Շարմազանովն ասում է, որ պաշտոնաթող վարչապետ Սերժ Սարգսյանն իրենց որոշման վրա ազդեցություն չի ունեցել: Հիշեցնենք, երեկ ՀՀԿ նիստից առաջ, խորհրդարանում է եղել նաեւ Սերժ Սարգսյանը: Լրագրողները հետաքրքրվեցին`գուցե Սերժ Սարգսյանի Մոսկվա մեկնելու հետո՞ է բան փոխվել: Էդուարդ Շարմազանովն ասաց, որ իրենց որոշումը պայմանավորված էր «քաղաքական իրադրության փոփոխությամբ», իսկ Սերժ Սարգսյանը Մոսկվա չի մեկնել, չի էլ պատրաստվում մեկնել. «Նա իր, իր երեխաների եւ թոռների ապագան տեսնում է Հայաստանում»:

Հիշեցնենք, երկու օր առաջ ՀՀԿ-ն դեմ քվեարկեց Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը:

Հարցին`քաղաքական իրողությունը նոր չէ փոխվել, նախորդ քվեարկության օրը ՀՀԿ-ն չուներ գիտակցումը, որ քաղաքական իրողություն է փոխվել, Էդուարդ Շարմազանովը պատասխանեց. «Այդ գիտակցումը ունեցել, քվեարկել եմ հանուն Հայաստանի եւ հանուն Արցախի եւ պատրաստվում եմ նույն ձեւով քվեարկել»:

Այլ մանրամասները` տեսանյութում

Խոսելով արտահերթ ընտրությունների մասին, Էդուարդ Շարմազանովն ասաց, որ դրանք պատվերով համերգ չեն, որ ով երբ ցանկանա`կազմակերպի: Ամեն ինչ պետք է լինի Սահմանադրության համաձայն: «Մենք ամսի 8-ին կունենանք վարչապետ. Լավ է, վատ է`ժամանակը ցույց կտա: Եթե ունենում ենք վարչապետ`այդ փուլում արտահերթ ընտրություններ չենք ունենա: Եթե այդ վարչապետը բերում է կառավարության ծրագիր եւ այն անհրաժեշտ օժանդակություն է գտնում, բնականաբար, այդ փուլում էլ չենք ունենա»,- ասաց Էդուարդ Շարմազանովը` հավելելով, որ արտահերթ ընտրությունների դեպքում ԸՕ-ի փոփոխություն է անհրաժեշտ, ինչը ոտքի վրա հնարավոր չէ անել, մանավանդ, որ այն սահմանադրական օրենք է եւ փոփոխությունների հատուկ ընթացակարգեր է ենթադրում. «Այնպես չի, որ վարչապետը փոխվեց, քաղաքական ուժերը կառավարությունում փոխվեցին`ով ոնց ասի, էդպես պետք է լինի: Ամեն ինչ պետք է իրականացնենք ըստ ժամանակացույցի եւ ըստ դեբատների»:

Ի դեպ, Էդուարդ Շարմազանովը մնում է իր նախկին այն կարծիքին, որ ռեյտինգային ընտրակարգը խնդրահարույց չէ: Դիտարկմանը`Նիկոլ Փաշինյանը ԸՕ-ի փոփոխության առաջարկներ էր հնչեցրել հրապարակում իր ունեցած ելույթներից մեկում, Էդուարդ Շարմազանովը հակադարձեց. «Նիկոլ Փաշինյանը դիկտատոր չէ, որ միայնակ որոշի եւ պատգամավորները քվեարկեն»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031