Նիկոլ Փաշինյանի առաջադրման համար «մեծ արագությամբ» ստորագրությունները հավաքվում են: Այդ մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը:
Հիշեցնենք, ամսին 8-ին կայանալիք վարչապետի ընտրությունների երկրորդ փուլի համար ընդդիմադիր գործիչ Նիկոլ Փաշինյանին անհրաժեշտ են պատգամավորների 1\3-ի ստորագրությունները: ՀՅԴ եւ «Ծառուկյան» խմբակցությունները սատարում են Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը, երեկ խորհրդարանական մեծամասնություն ունեցող ՀՀԿ խմբակցությունն էլ հայտարարեց`Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը սատարելու մասին:
Aravot.am-ի հարցին`Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանն իրար են խառնվել, ցանկանում են քաղաքական գործընթացները կառավարել, բացի ժողովրդի ճնշումից ի՞նչը խանգարեց այդ գործիչներին`հետ քայլ անել, Արարատ Միրզոյանը պատասխանեց, որ իրենք միշտ եւ հրապարակային հայտարարել են`նրանք իրենց ֆիզիկական անվտանգության երաշխիքները ստանալու են գնան, ՀՀԿ-ականների վրա թողնելով քվեարկությունը:
Նկատեցինք`այդ մարդկանց անունները նաեւ քրեական պատմությունների հետ են առնչվում: Պատասխանեց`դրանց պատասխանները դատական իշխանությունը կտա:
Իսկ նոր կառավարության ձեւավորման մասին այժմ խոսելը Արարատ Միրզոյանը վաղ է համարում: Հիշեցնենք, իր ֆեյսբուքյան էջում Արարատ Միրզոյանը գրառում էր կատարել`Նիկոլ Փաշինյանին կողմ քվեարկած ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանին ԱԱԾ ղեկավար նշանակելու մասին: Արարատ Միրզոյանն ասաց`գրառումը կատարել է քաղաքացիների առաջարկների հիման վրա. «Մեծագույն հարգանք ունեմ Ֆելիքս Ցոլակյանի հանդեպ եւ դա ունեցել եմ մինչեւ իր քվեարկությունը»:
Հետաքրքրվեցինք`գրառումից առաջ հանդիպել եւ քննարկե՞լ են առաջարկը Ֆելիքս Ցոլակյանի հետ: Արարատ Միրզոյանը պատասխանեց. «Քվեարկությունից հետո հանդիպել եւ քննարկել այդ հնարավոր նշանակումը, գուցե տեղին չլիներ եւ անհարգալից լիներ եւ իր նկատմամբ, եւ մեր նկատմամբ: Էս գործընթացը սրա մասին չէ`կքվեարկես`պաշտոն կստանաս, չէ`չէ: Սա ոչ մեզ է սազական, ոչ Ֆելիքս Ցոլակյանին»:
Արարատ Միրզոյանը հիշեցնում է իրենց հայտարարությունները`որեւէ պրոֆեսիոնալ կադր անհանգստանալու խնդիր չունի:
Հիշեցնենք, ավելի վաղ, Արարատ Միրզոյանը գրել էր ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանին պաշտպանության նախարարի «հիանալի թեկնածու» լինելու մասին:
Այլ մանրամասները`տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հ. Գ. «Նիկոլ Փաշինյանին առաջադրելու համար անհրաժեշտ ստորագրությունների թիվն արդեն կա»,- ավելի ուշ տեղեկացրեց Արարատ Միրզոյանը: