Արարատ Զուրաբյանը վստահ է՝ 2008-ի իրադրությունը չի կրկնվի,
ՀՀԿ-ն ուզում է բանակցել, որ ինչ-որ բան ստանա
ԹԵ ինչու Նիկոլ Փաշինյանին ՀՀԿ-ականները մայիսի 1-ին չընտրեցին վարչապետ՝ նրանք բացատրում էին Սահմանադրությամբ, պնդում էին, որ իրենց ոչ ոք չի կարող պարտադրել իրենց կամքին հակառակ քվեարկել, անօրինական է, անթույլատրելի է եւ այլն: ՀՀԿ պատգամավոր Արման Սաղաթելյանը ԱԺ հատուկ նիստում ասաց. «Կառավարության գործունեության համար պատասխանատվություն է կրում այն քաղաքական ուժը, որը ձեւավորել է պառլամենտը, ու ասել, որ քաղաքական պատասխանատվություն կրում է շարժումը, կեղծ կատեգորիա է. քաղաքական ուժերը կողմ են քվեարկում մեկ այլ ուժի թեկնածուին, եթե նրա հետ կազմել են քաղաքական կոալիցիա եւ նրան հավասար ստանձնել քաղաքական պատասխանատվություն, ցանկացած այլ դրսեւորում պատասխանատվությունից խուսափել է»: Նա ասաց, որ «Ելքի» թեկնածուին ԱԺ երկու խմբակցություններ որոշել են կողմ քվեարկել՝ չունենալով որեւէ կոալիցիոն համաձայնագիր, ինչը նույնպես անթույլատրելի է. «Անթույլատրելի է հանրային ճանաչում ունեցող մեկ անձով գնալ չգիտեմ ուր, չգիտեմ ոնց, բայց ասել, թե գիտենք՝ ինչի համար ենք գնում»:
Ինչպես հայտնի է, ՀՀԿ-ն, ի հեճուկս նախորդ օրվա իր այս եւ այլ պնդումների, հայտարարել է, որ պատրաստ է սատարել խորհրդարանի երեք ուժերի առաջադրած վարչապետի թեկնածուին:
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արարատ Զուրաբյանն «Առավոտի» հետ զրույցում ՀՀԿ-ականներին, որոնք Սահմանադրությունն էին վկայակոչում իրենց քայլն արդարացնելու համար, հակադարձեց մի պարզ փաստով. «Սահմանադրության 2-րդ հոդվածն ասում է՝ ՀՀ-ում իշխանությունը պատկանում է ժողովրդին»:
Արարատ Զուրաբյանը վստահ էր՝ իշխանություններն այլեւս չէին կրկնի Մարտի 1-ի սխալը եւ զենքով, բռնություններով հարցերը չէին փորձի լուծել. «Հնարավոր չէր, չէին դիմի դրան: Իրենք չունեին այդ հնարավորությունը, չունեին այդ ռեսուրսը: Ի վերջո, դա մարդիկ պետք է անեն, չէ՞, զենք կրողները: Այսօր ես չեմ տեսնում Հայաստանում մարդ, որը կոնկրետ կկրակի իր ժողովրդի վրա ու կգնա ժողովրդի դեմ»:
Իսկ թե ինչու էին ՀՀԿ-ականները այսպես ձգձգում, ավելի սրում իրավիճակը՝ Արարատ Զուրաբյանն ասաց. «Ուզում են բանակցել, ուզում են ինչ-որ բան ստանալ: Չգիտեմ, թե ինչ, բայց ուզում են բանակցել: Գուցե կոնկրետ պաշտոններ, լծակներ, չգիտեմ»:
Նիկոլ Փաշինյանը թե՛ հանրահավաքներին, թե՛ ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ ազգային համաձայնության կառավարություն է ուզում ստեղծել՝ համերաշխ մթնոլորտում, նա ասել էր, որ ՀՀԿ-ականներին չի լիկվիդացնելու, վենդետա չի անելու, կադրային ջարդ չի լինելու, ՀՀԿ-ականները չե՞ն հավատում Փաշինյանի այս խոստումներին՝ Արարատ Զուրաբյանը պատասխանեց. «Հարցը նրանց պետք է ուղղել, բայց ես ենթադրում եմ, որ նրանք ուզում են բանակցել, ինչ-որ երաշխիքներ ստանալ ավելի, քան թե Նիկոլ Փաշինյանը հրապարակային ելույթում արտահայտեց: Ուզում են ինչ-որ բան, կոնկրետ:
Մի բան ակնհայտ է՝ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը նիստի ժամանակ հայտարարում է, որ մենք ընդունում ենք պարտությունը, բայց հետո գնում են այլ ճանապարհով: Ընդ որում, մի բան ակնհայտ է, որ խոսքը գնում է ժամանակավոր վարչապետի՝ ժամանակավոր պաշտոնյայի մասին, որը զուտ մի բան ունի անելու մեծ հաշվով՝ այս անցումը անցկացնելու մի 2-3 ամիս եւ նոր ընտրություններ կազմակերպելու, դրա երաշխավորը լինելու: Ես կարծում եմ՝ նրանք պետք է մտահոգություն չունենային: Եթե իրենք այնքան վստահ լինեին, որ ունեն համախոհների մեծ բանակ, մեծ թիվ, որը կգա եւ իրենց ձայն կտա՝ ձայն տվողը միշտ էլ գալու է ու ձայն տալու է, թող իրենք ապացուցեն, որ իրենք այդ մեծամասնությունն են: Իրենք վստահ չեն, որ ձայն կստանան, որովհետեւ իրենք այլ ճանապարհով են ձայն ստացել, այլ ընտրությունների այլ մեխանիզմով են հասել այստեղ, դրա համար էլ այս գործընթացը այս վիճակում է: Բայց կարծում եմ՝ այն կհանգուցալուծվի դրական»:
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի ղեկավար Լեւոն Բարսեղյանն ասաց, որ լուրեր են շրջանառվում, որ Կարեն Կարապետանը կուսակցություն է ուզում ստեղծել, որ մասնակցի ընտրություններին. «Ախպեր, ստեղծի՛ր ու մասնակցի՛ր, բայց դու չպիտի՛ կազմակերպես ու անցկացնես այդ ընտրությունները: Դու իրավունք չունես: Ապականել եք տարիներ շարունակ ընտրությունները, դուք ո՞նց պիտի ընտրություն անեք»:
Լեւոն Բարսեղյանն ասաց, որ Կարեն Կարապետյանը «своя игра» էր ուզում անել. «Երեւի առիթ համարեց, բայց մյուս կողմից էլ՝ այս կլանն ահագին խորը արմատներ ունի, երեւի ուզում են պահպանել հիմնական ֆունդամենտը»:
Ըստ Բարսեղյանի՝ ավտորիտար համակարգի բուրգը զոռով կպցրած է՝ ավտորիտարիզմի բերումով. «Սա նշանակում է, որ երբ կոնը՝ գլուխը պոկում ես, սաղ քանդվում է: Եթե արդար համակարգ լիներ, Սերժ Սարգսյանի հրաժարականով չէր քանդվի ամբողջը, զոռով են կպցրել: Այսօր շատ են քննադատում, թե հլը տեսեք՝ ովքեր են միանում շարժմանը, ինչ գարշելի կերպարներ են միանում՝ անուններ չտամ: Բայց գիտեք, ժողովուրդ, սա հեղափոխության հատկանիշ է, ավելին՝ սա հեղափոխության հաղթանակի հատկանիշ է: Այդ դեպքում է, որ վազում են ուժեղի մոտ, սա բնական է: Միշտ կլինեն այդպիսիք, որոնք տարբեր պատճառներով եղել են ուժեղի մոտ, բայց կփախնեն այնտեղից: Սարսափելի բան չկա: Արդար ընտրությունը թույլ կտա նորմալ սելեկցիա անել: Իդեալական չի լինի, բայց այն այլանդակությունը չի լինի, ինչ եղել է մինչ այսօր»:
ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ
«Առավոտ»
03.05.2018