Լրահոս
Օրվա լրահոսը

«Տեղյա՞կ եք, որ նախագահին կոչ են անում հետ կանչել Էմիլ Բաբայանի թեկնածությունը». Արտակ Զեյնալյան

Մայիս 03,2018 11:33

ԱԺ-ում քննարկվում էր Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար Էմիլ Բաբայանի թեկնածության հարցը: Բաբայանին ներկայացրեց Գեւորգ Կոստանյանը:

Արտակ Զեյնալյանին հետաքրքրում էր, թե ինչու է նախագահի կողմից ներկայացված թեկնածուին ԱԺ-ում ներկայացնում Կոստանյանը, այսինքն, նախագահի ներկայացուցիչը Կոստանյանն է, Գեւորգ Կոստանյանն էլ պատասխանեց. «Որովհետեւ նախագահը տեսավ, որ միակ մարդը, ով կարող է Էմիլ Բաբայանին բոլոր կողմերից ներկայացնել, էդ ես եմ: 12 տարի շարունակ Էմիլ Բաբայանի հետ աշխատել եմ՝ գիշեր-ցերեկ»:

Արտակ Զեյնալյանը նաեւ հարցրեց՝ տեղյա՞կ եք, որ այս պահի դրությամբ 32 ՀԿ-ների ստորագրմամբ դիմում է մուտքագրվել նախագահի գրասենյակ, որում նախագահին կոչ են անում հետ կանչել Էմիլ Բաբայանի թեկնածությունը, որպեսզի իրավունքի դատարաններին հատուկ ձեւով՝ հրապարակային, թափանցիկ ձեւով ընտրվի թեկնածուն: Այդ դիմումը նաեւ ուղարկվել է ԱԺ:

Գեւորգ Կոստանյանը պատասխանեց, որ իհարկե, ծանոթ է այդ նամակին. «ՀԿ-ները խնդիրը դրել են հետ կանչման բացառապես Էմիլ Բաբայանի ներկայացման ընթացակարգի վերաբերյալ: Իրենցից ոչ մեկը Էմիլ Բաբայանի թեկնածության վերաբերյալ խնդիր չի բարձրացրել, այլ ընդամենը նրան ներկայացնելու, նրան որպես թեկնածու ընտրելու ընթացակարգի տեսանկյունից: Ճիշտ եք ասում, իրենք նշել են, որ միջազգային ատյանի դատավորներին ընտրելու ընթացակարգեր գոյություն ունեն: Միջազգային դատարանների անդամությունը եւ դատարանների դատավորների ընտրության գործընթացը տրամագծորեն տարբերվում են ներպետական դատավորների ընտրության ընթացակարգերից: ՍԴ անդամին ներկայացվող պահանջներն ու ընթացակարգը չի կարող նույնը լինել, ինչ միջազգային դատարանների դատավորների ընտրության: Նույն սկզբունքից ելնելով՝ մենք ունենք Դատական օրենսգիրք: Նույն ՀԿ-ները կարող են ասել՝ ոնց Եվրոպական դատավոր ենք ընտրում, նույն ձեւ էլ եկեք Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր ընտրենք»:

ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը հիշեցրեց, որ Սահմանադրական դատարանի անդամի ընտրությունը պետք է լինի փակ, գաղտնի քվեարկությամբ եւ նա ընտրվելու է պատգամավորների ձայների առնվազն 3/5-ով:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031