Հայաստանում գնալով ավելի է սաստկանում անհանդուրժողականության մթնոլորտը։ Ապացույցը ՀՀԿ խմբակցության պատգամավորների դեմ վերջին օրերի հարձակումներն են՝ սոցիալական ցանցերում նրանց հասցեին հնչեցված ամենավերջին հայհոյանքները, ծաղրուծանակը, նվաստացումները, երբ պատգամավորներից մի քանիսի տների մոտ հենց նրանց նկարներով ծաղկեպսակներ էին մարդիկ դրել։
Հանուն արդարության պետք է նկատենք, որ ՀՀԿ խմբակցության պատգամավորներն իրենց գործողություններով վաստակեցին այդ վերաբերմունքը, երբ 20 տարի շարունակ գործում էին «մեր դեմ խաղ չկա» սկզբունքով բացահայտ արհամարհելով եւ նվաստացնելով ժողովրդին։ Իսկ արդեն ԱԺ վերջին նիստում ՀՀԿ-ականների ցինիկ կեցվածքը կարելի էր համարել այս ամենի գագաթնակետը։ Ու հիմա ՀՀԿ-ն ինչ ցանել է, այն էլ հնձում է։
Բացի այդ, ՀՀԿ քվեարկությանը ՀՀ քաղաքացիներն արձագանքեցին քաղաքացիական անհնազանդության նոր դրսեւորումներով. ողջ ՀՀ-ով մեկ երեկ փակվել էին փողոցները, անգամ՝ միջպետական ճանապարհները, հայտարարված էր տոտալ գործադուլ։ Երեկ չէին աշխատում ե՛ւ պետական, ե՛ւ ոչ պետական հիմնարկությունները՝ ուսումնական հաստատություններից բացի, նաեւ խանութներ, արտադրական ձեռնարկություններ, մի շարք սպասարկման օբյեկտներ, բանկեր։ Անգամ գործադուլ էր օդանավակայանում, մետրոյում, իսկ երկաթուղին ճանապարհների շրջափակման պատճառով հայտարարեց գործունեությունը ժամանակավորապես դադարեցնելու մասին։
Ասել է, թե ՀՀ տնտեսությունը գրեթե մեկ օր կաթվածահար վիճակում էր՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով հանդերձ։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում