Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Կոստանյանը Էմիլ Բաբայանին գովելու համար ասաց՝ «հայերենից լավ է խոսում ռուսերեն ու անգլերեն», պատգամավորները վիրավորվեցին

Մայիս 03,2018 11:06

Այսօր «Ծառուկյան դաշինք» խմբակցությունը դադարեցնում է իր քաղաքական բոյկոտը, քանի որ ՀՀԿ-ն փոխել է իր որոշումը. այս մասին հայտարարեց Վահե Էնֆիաջյանը:

Այժմ ԱԺ-ում քննարկվում է Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար Էմիլ Բաբայանի թեկնածության հարցը: Բաբայանին ներկայացրեց Գեւորգ Կոստանյանը:

Նա ասաց, որ 2006-ից սկսած Բաբայանի հետ ներգրաված են եղել Հայաստանի Հանրապետության շահերը ՄԻԵԴ-ում ներկայացնելու գործին. «Այդ ամբողջ ժամանակահատվածում Էմիլ Բաբայանը ներգրաված է եղել Ադրբեջանի կողմից ներկայացված հայցերը ընդդեմ ՀՀ-ի, ԼՂ-ի կոնֆլիկտի ներառմամբ հարցերի քննարկման մեջ: Ինչպես տեսաք, Էմիլ Բաբայանը Ամերիկյան համալսարանում ղարաբաղյան կոնֆլիկտ է դասավանդել, այդ թեման ուսումնասիրել է գիտական մակարդակի վրա»:

Նա նաեւ ցեղասպանություն է դասավանդել, ինչը, ըստ Կոստանյանի, բնութագրական է նրա համար: Նա երբեւէ կուսակցական չի եղել. «Բացարձակ ապաքաղաքական սուբյեկտ է Էմիլ Բաբայանը, որեւէ քաղաքական ուժի չի հարել: Որպես Լեռնային Ղարաբաղի նախագահի խորհրդական՝ Էմիլ Բաբայանը դե ֆակտո ներկայացրել է ԼՂ-ն եվրոպական դատարանի հետ աշխատանքներում, իսկ 2015-ին ԵԽ նախարարների խորհրդի պաշտոնական նիստին ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի դիրքորոշումը: Սա աննախադեպ էր եւ Էմիլ Բաբայանը կարողացավ դա պատվով իրականացնել»:

Կոստանյանը հորդորեց, որ անկախ ներքաղաքական այս իրավիճակից, կուսակցական շահերից, Էմիլ Բաբայանի թեկնածությունն ընդունեն, քանի որ դա բոլորին է պետք:

Ամփոփելով իր խոսքը՝ Գեւորգ Կոստանյանը շեշտեց, որ Բաբայանը 95-97-ին ծառայել է բանակում. «Բացարձակ տիրապետում է անգլերեն եւ ռուսերեն լեզվին, որ ավելի տպավորիչ լինի, ասեմ, որ հայերենից լավ է խոսում ռուսերեն ու անգլերեն»:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն ասաց, որ եթե Կոստանյանն ու Բաբայանը երկար տարիներ իրար հետ են աշխատել ու հիմա հենց Կոստանյանն է նրան ներկայացնում ԱԺ-ում, էթիկայի տեսակետից խնդիր կա, շահերի բախում կա: Նա նաեւ դժգոհեց, որ այլ թեկնածուներ, ընտրության հնարավորություն չկա: Գեւորգ Կոստանյանը պատասխանեց. «Իմ տեղը որ դուք էլ լինեիք ներկայացնող, ներկայացնելու էիք այդ նույն փաստերը, որոնք կան: Ես հանրահայտ փաստեր եմ ներկայացրել: Ինչ վերաբերում է ավելի անկողմնակալին, կարծում եմ, գոնե այս ամբողջ ժամանակահատվածում ես առիթ չեմ տվել երբեւէ կասկածելու, ես միշտ ներկայացնում եմ պրոֆեսիոնալ հարթության վրա»:

Ինչ վերաբերում է այլ թեկնածուներին, Կոստանյանն ասաց, որ իհարկե, մեր երկրում շատ շնորհալի երիտասարդներ կան, որոնք կարող են զբաղեցնել այդ պաշտոնը ՍԴ-ում. «Մենք չենք ասում, որ ինքը բացառիկ է, բայց մենք իր թեկնածությունն ենք առաջարկում: Մենք Սահմանադրությամբ չենք կարող 4 թեկնածու ներկայացնել, որ ընտրեինք: Թեկնածուին առաջարկում է ՀՀ նախագահը»:

Բագրատյանը նաեւ վիրավորվեց, երբ Կոստանյանը, որպես գովեստի խոսք ասաց, որ Էմիլ Բաբայանը անգլերեն ու ռուսերեն ավելի լավ գիտի, քան հայերեն: Նա հիշեցրեց՝ մեր պետական լեզուն հայերենն է: Կոստանյանն էլ արձագանքեց. «Ես չէի կարծում, որ իմ ասածից կարող եք նման հետեւության հանգել, ես ընդամենը դրանով ընդգծեցի ոչ թե հայերենի իմացության պակաս մակարդակը, այլ ռուսերենի եւ անգլերենի իմացության բարձր մակարդակը: Հիմա ինքը հայոց լեզվի դասախոս էլ կարող է աշխատի Երեւանի պետական համալսարանում, ուզո՞ւմ եք՝ համոզվեք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031