Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Գագիկ Ղազինյան. «Ես ամբողջովին կիսում եմ կարծիքը, որ ոչ թե Նիկոլն է ժողովրդին հանել փողոց, այլ իշխանությունը՝ իր վատ կառավարման արդյունքում». «Ժամանակ»

Մայիս 03,2018 11:02

«Ժամանակի» զրուցակիցն է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ Գագիկ Ղազինյանը։

Պարոն Ղազինյան, հիմա ստեղծված վիճակում Հայաստանում սահմանադրական ճգնաժամ առկա՞ է։

-Ես կարծում եմ, որ ոչ։ Մենք արդեն խոսեցինք Սահմանադրության խութերի մասին, եթե անգամ դրանք էլ ենք հաշվի առնում, ապա եթե առաջնորդվում ենք Սահմանադրությամբ, ապա ոչ մի խնդիր չի առաջանում։ Գնում ենք երկրորդ փուլով վարչապետի ընտրության, ապա եթե չի ստացվում, արդեն արտահերթ խորհրդարանական ընտրությունների։ Ով ստանում է մեծամասնություն, նա էլ կազմում է կառավարություն և նշանակում է վարչապետ, ու դրանով հարցը փակվում է։

Պարոն Ղազինյան, իսկ ինչպե՞ս եք վերաբերում այս օրերի անհնազանդության ակցիաներին։ Դրանք Ձեզ անհանգստացնո՞ւմ են։

-Ես ամբողջությամբ հասկանում եմ ժողովրդի պոռթկումը։ Ես ամբողջովին կիսում եմ կարծիքը, որ ոչ թե Նիկոլն է ժողովրդին հանել փողոց, այլ իշխանությունը՝ իր վատ կառավարման արդյունքում։ Ես Նիկոլի հետ էլ եմ համաձայն, որ խոսքը, ոչ թե անձերի մասին է, այլ կուտակված էներգիան, դժգոհությունը արտահայտելու։ Եթե չլիներ այդ քաղաքական գործիչը, լիներ մեկ ուրիշը, նույնն էր լինելու։ Նիկոլը ընդամենը դետոնատորի դեր էր կատարում։ Շատ խելոք, շատ մեղմ, հավասարակշռված, զուսպ։ Այդ քաղաքական գործիչը րոպե առ րոպե է աճում, և ես զարմացած եմ երեկվա իր զուսպ պահվածքով։ Ոչ մի պրովոկացիայի չենթարկվեց։ Իսկ իր վերջին խոսքը ինձ վրա մեծ տպավորություն թողեց։

Փոխարենը ես խորապես զարմացա մյուսների էժանագին ելույթներից ու այն մակարդակից, որին իջել հասել էին։ Իրենք էլ շատ լավ գիտեն ու հասկանում են, որ մի բան է ընդդիմադիր քաղաքական գործիչը, այլ բան է՝ պետության ղեկավարի հավակնորդ լինելը։ Ինչ կարիք կար իջնել այդ մակարդակին ու նման ելույթներ անել։

Եվ ես ուզում եմ արձանագրել, որ ես սխալվել եմ մի հարցում։ Ես նախկինում հայտարարել եմ, որ մեր երիտասարդները անտարբեր են, անտարբերությունը տարածվում է երիտասարդության շրջանում, որը սպառնալիք էր արդեն մեր երկրի, մեր ժողովրդի գոյությանը։ Խոր անվստահություն և հուսահատություն կար ամեն ինչի նկատմամբ, որը բերում էր անտարբերության։ Եվ ես հիմա ուզում եմ ուրախությամբ ընդունել իմ սխալը։ Ես սխալվել եմ, որի համար շատ ուրախ եմ։ Մեր երիտասարդությունը հիմա անտարբեր չի ոչ միայն իր ապագայի, այլև երկրի ապագայի նկատմամբ։ Համոզված եմ, որ այս դեպքում այլ ելք չի կարող լինել։ Ժողովուրդը հաղթելու է հաստատ։ Ժողովուրդը հաղթելու է անտարբերությանը, որը հիմք է ստեղծելու մեր հետագա զարգացմանը։

Սոնա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031