Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ինչ էլ լինի, մայիսի 8-ը, Փաշինյանի ասած՝ նոր Հայաստանի սկիզբն է

Մայիս 03,2018 15:00

Մայիսի 8-ին Հայաստանի Հանրապետությունը ունենալու է սահմանադրական ճանապարհով ընտրված վարչապետ: Այս մասին երեկ երեկոյան հայտարարել է իշխող ՀՀԿ խմբակցությունը: Թեեւ դեռ մեկ շաբաթ կա մինչեւ ՀՀ վարչապետի հաջորդ ընտրությունները, այնուամենայնիվ, շաբաթներ տեւած քաղաքական ճգնաժամի հանգուցալուծումը կարծես թե մոտ է: Փաշինյանի առաջնորդած թավշյա, բաց ձեռքերի ու զտարյուն, ժողովրդական հեղափոխությունը վերջնակետին է հասնում:

Երեկ ՀՀԿ-ն վստահեցրել է, որ վարչապետի թեկնածու չի առաջադրելու մայիսի 8-ին կայանալիք վարչապետի 2-րդ ընտրություններին: ՀՀԿ-ն մայիսի 1-ին էլ՝ վարչապետի ընտրություններին էլ ընդառաջ թեկնածու չէր առաջադրել եւ վստահեցրել էր՝ չի խոչընդոտի վարչապետի ընտրություններին եւ կապահովի քվորում: Քվորում ապահովեց, սակայն ԱԺ մեծամասնությունը՝ ՀՀԿ-ն, դեմ քվեարկեց Փաշինյանի թեկնածությանը:

Ի՞նչ սպասել մայիսի 8-ին, արդյոք ՀՀԿ-ն կքվեարկի՞ Փաշինյանի օգտին եւ, ինչպես համաժողովրդական շարժման սկզբից ասում էր Փաշինյանը՝ անցնցում հանձնել իշխանությունը, իրականություն կդառնա՞: Համենայնդեպս, ՀՀԿ-ն երեկ վստահեցրել է, որ մայիսի 8-ին վարչապետի ընտրություններում սատարելու է ԱԺ-ի 1/3-ի կողմից առաջադրված թեկնածուին: Այս հայտարարությանը գրեթե զուգահեռ երեկ «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում բանակցել են Փաշինյանն ու ԱԺ «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը: Ապա լրագրողների հետ զրույցում Ծառուկյանը վստահեցրել է՝ 2-րդ անգամ էլ ընտրություններին պաշտպանելու են ժողովրդի թեկնածուին՝ Նիկոլ Փաշինյանին: Այսինքն՝ թեկնածուի համար ԱԺ-ի 1/3-ն ապահովված է:

«Մենք պարոն Փաշինյանի հետ հանդիպեցինք առանց նախապայմանի, հաղթանակը ժողովրդինն է, ժողովուրդն է որոշելու, մենք ժողովրդի թեկնածուին ենք քվեարկելու՝ առաջին անգամ, երկրորդ անգամ, երրորդ անգամ, մեր խոսքը գործ է, Աստված պահապան: Երբ պարոն Փաշինյանին, Սասուն Միքայելյանին ու Արարատ Միրզոյանին ձերբակալել էին, իրենք դուրս եկան ու հայտարարեցին, որ ժողովրդի կողքին են, քաղաքական իրադրություն փոխվեց: Այսօր իմ՝ այստեղ լինելը նույնպես քաղաքական իրադրություն կփոխի»,- ասել է Ծառուկյանը:

Նիկոլ Փաշինյանն էլ հաստատեց երեկ, որ «Ծառուկյան» խմբակցությունը մայիսի 8-ի ընտրություններին կպաշտպանի վարչապետի թեկնածուին՝ վստահեցնելով, որ իրավիճակ է փոխվել. «Ես կարծում եմ՝ ՀՀԿ-ն դիրքորոշում կարտահայտի»:

Սրան զուգահեռ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը երեկվանից խորհրդակցություններ է սկսել Ազգային Ժողովում ներկայացված պատգամավորական խմբակցությունների ղեկավարների հետ: Խորհրդակցությունների նպատակը, ըստ նախագայի մամուլի ծառայության, երկրում ստեղծված իրավիճակը քննարկելն ու լուծումներ գտնելն է:
Մինչ ՀՀԿ-ի հայտարարությունը՝ երեկ խորհրդարան էր գնացել ՀՀԿ նախագահ, ժողովրդի ճնշման արդյունքում հրաժարական ներկայացրած նախկին վարչապետ Սերժ Սարգսյանը:


ՀՀԿ-ի տարածած հայտարարության մեջ նշված չէր Նիկոլ Փաշինյանի անունը, թե՝ որպես ՀՀ վարչապետի թեկնածուի՝ ՀՀԿ-ն հենց նրան կսատարի: Սակայն այս խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը լրագրողների ճշտող հարցին՝ սատարելու եք Նիկոլ Փաշինյանի՞ն, պատասխանել է. «Շատ պարզ է գրված. ում էլ առաջադրեն 1/3-ի կողմից, մենք աջակցելու ենք, որը ՀՀԿ-ի թեկնածուն չի լինելու: 1/3-ի կողմից առաջադրված թեկնածուին կաջակցենք, մենք անուն չենք նշում»:

Կարծես թե ՀՀԿ-ն դիրքերը հանձնում է, հավանաբար այլ ճար չկար՝ ժողովրդի ճնշումն ու պահանջը վայրկյան առ վայրկյան ամրապնդվում ու ուժգնանում էին: Մայիսի 1-ին ՀՀԿ-ն չքվեարկեց Փաշինյանի օգտին, համաժողովրդական շարժումը նոր թափ ստացավ: Քվեարկության հենց հաջորդ օրը վաղ առավոտից մայրաքաղաք Երեւանը, կարելի է ասել, կաթվածահար վիճակում էր: Քաղաքացիական անհնազանդության գործողությունները վերսկսվել էին, մարդիկ փակել էին Երեւանի գրեթե բոլոր գլխավոր փողոցները, օդանավակայան տանող ճանապարհները: Զբոսաշրջիկները ոտքով էին գնում օդանավակայան: Նույնիսկ «Զվարթնոց» օդանավակայանը որոշ ժամանակ ցուցարարները շրջափակել էին: Գործադուլ ու դասադուլ էր, անգամ ՏՏ ոլորտի մասնագետներն ու ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Երեւան Սիթի» սուպերմարկետների աշխատակիցներն էին բողոքի ցույցի դուրս եկել: Իրավիճակն ավելի էր սրվում: Բոլորը մեկ մարդու պես հավաքվում էին Հանրապետության հրապարակում՝ երեկոյան հանրահավաքի մասնակցելու: Երեկ Հանրապետության հրապարակն աննախադեպ մարդաշատ էր: Եվ արդեն ՀՀԿ-ի եւ Ծառուկյան-Փաշինյան հայտարարություններից հետո մարդիկ ցնծում էին ու ոգեւորված բացականչում՝ «Հաղթանա՛կ»:

Փաշինյանը երեկ հայտարարեց ժամանակավոր դադարեցնել անհնազանդության ցույցերը, հանգստանալ, բայց զգոն մնալ եւ սպասել ընդդեմ ՀՀԿ-ի համաժողովրդական շարժման «կուլմինացիային»՝ մայիսի 8-ի ընտրություններին:

Ինչ էլ լինի, մայիսի 8-ը, Փաշինյանի ասած՝ նոր Հայաստանի սկիզբն է:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ»

03.05.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031