«Իմ կարծիքը ո՞րն ա, ֆրակցիան ա որոշում: Ես ՀՀԿ ֆրակցիայի անդամ եմ, անհատական եթե իմ կարծիքն եք ուզում`օրը կգա`կասեմ»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը`պատասխանելով ստեղծված քաղաքական իրավիճակի վերաբերյալ լրագրողների հարցերին:
Մանրամասները` տեսանյութում
Հիշեցնենք, որ երեկ ՀՀԿ խմբակցությունը որոշում կայացրեց`ամսի 8-ին քվեարկել 1/3-ի կողմից առաջադրված թեկնածուի օգտին: Հետագայում, ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հստակեցրել էր, որ այդ թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է:
ՀՀԿ-ի սխալը ո՞րն էր, որ նման իրավիճակ ստեղծվեց`հարցին, ՀՀԿ խմբակցության մեկ այլ գեներալ-պատգամավոր Սեյրան Սարոյանը պատասխանեց. «Չեմ կարա ասեմ: Էդի հետո պատմությունը ցույց կտա, ով ի՞նչ սխալ արեց, ով ի՞նչ չարեց, ով ինչի՞ համար արեց: Իմ խիղճը մաքուր ա»: Լրագրողները հարցրեցին`հիմա ձեզ ընդդիմադիրի դերում պատկերացնո՞ւմ եք: «Ես երբ եմ, մթոմ իշխանություն եղել, հիմա էլ ընդդիմություն… Ինչը ժողովրդի հարցն ա եղել, հելել եմ ժողովրդի կողմից խոսացել եմ: Պռոստը վատը գիտե՞ս ինչն ա, Նիկոլը դառնում ա իշխանություն, ես էլի մնում եմ իմ տեղում»:
Aravot.am-ի դիտարկմանը`Նիկոլ Փաշինյանը երբ ասում էր իշխանությունը փողոցում դրած է, բոլորը հեգնում էին, փաստորեն, դրած էր, Սեյրան Սարոյանը պատասխանեց. «Ժողովուրդը ինչ որոշի, ըտենց էլ պտի ըլնի`Նիկոլ կլնի, Սեյրան կլնի, Պողոս կլնի… ժողովուրդը ոնց որոշավ ըտենց էլ կլնի»:
Մեր մյուս հարցին`չե՞ք ցանկանում, որ ձեր անունն էլ Ֆելիքս Ցոլակյանի նման «ոսկե տառերով գրվի», նա պատասխանեց. «Ամեն մարդ իրա խելքն ունի, իրա ձեւն ունի: Բայց Ցոլակյանը իրա… մարդը երեւի համոզված էր, որ սենց ճիշտ ա էլի»: Հետո հավելեց. «Իմ անունը շատ ա գրած, հմի էլ ոսկե տառերով…»:
Այլ մանրամասները` տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ