Լրահոս
Օրվա լրահոսը

Ժողովուրդը կարմիր քարտ է ցույց տվել հանրապետականին

Մայիս 03,2018 14:30

Ինչպես են սոցիալական հարթակներում փաստաբաններն ու իրավաբաններն արձագանքում հանրապետությունում ընթացող ժողովրդական շարժմանը

Գեւորգ Գյոզալյան, փաստաբան. -Պետական իշխանությունը գործիք է կոնկրետ տարածքում ապրող անձանց բարեկեցությունը, անվտանգությունը, հավասարությունը ապահովելու համար, այն ստեղծվում է ժողովրդի կողմից եւ ժողովրդի համար։ Այն գործում է ժողովրդի կողմից գծած սահմաններում (Սահմանադրություն)։ Ժողովուրդը կաշկանդված չէ իր կողմից գծած սահմաններով եւ երբ պետական իշխանությունը չի ծառայում այն նպատակին ինչի համար այն ստեղծվել է, ապա ժողովուրդը կարիք չունի սպասելու հերթական ընտրություններին, որ փոխի այն, այլ ցանկացած ժամանակ կարող է դա անել»։

Վահագն Մարտիրոսյան, փաստաբան. -Ես՝ որպես Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի անդամ, որպես փաստաբան, կոչ եմ անում իմ բոլոր գործընկեր փաստաբաններին վաղը հայտարարել փաստաբանական գործադուլ եւ մեր համերաշխությունը հայտնել մեր ժողովրդին:

Հասմիկ Մանուկյան, իրավաբան.- Հանրապետականները, եթե երաշխիք ստանան, որ պառլամենտն անմիջապես չի ցրվի, իրենք կպահպանեն մանդատները առաջիկա մի քանի ամիսների կամ կես տարվա համար, համաձայն կլինեն յոթ օրվա ընթացքում Նիկոլին տալ վարչապետի հավաստագիրը:

Մարատ Կոստանյան, փաստաբան- ՀՀԿ կոչվող բանդայի անդամներին պետք է հայտարարել, որ հօգուտ Նիկոլի քվեարկելը վաղը դատարանում կդիտվի որպես «մեղմացուցիչ դեպք հանցանաց», ընդամենն այդքանը, ուրիշ ոչինչ:

Մարինե Ֆարմանյան, փաստաբան-Ո՞վ է լսել, որ վարչապետը գնա, իսկ իր վարչակազմը թողնի ժողովրդի գլխին պատուհաս եւ վերարտադրման ճիգեր գործադրող հրեշ: Ո՞վ է լսել, որ ժողովուրդն իր կամքը չկարողանա վավերացնել գրչի մեկ հարվածով: Այս ամենի պատճառը «ականապատ» եւ ՀՀԿ «հագով կարված» ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՆ է:
Երբ իրավաբաններս մեծածավալ գրավոր եւ բանավոր վերլուծություններ էինք անում, պայքարում էինք, որ այս իրավական ակտը չդառնա Մայր օրենք, երբ կոչ էինք անում գնալ եւ դեմ քվեարկել, մեզանից շատերն անտարբերությունից հորանջում էին կամ արդեն զբաղված էին իրենց ծանոթ-բարեկամ տարածքային ապագա թեկնածուների մոտալուտ ընտրությունների լոբբինգով եւ անտեսում էին այս կարեւորագույն փաստաթղթի ճակատագիրը, ինչի պատճառով այժմ եւս 7 կամ 50 օր ստիպված պետք է պայքարենք փողոցում: Սրանից հետո դաս` տեր կանգնեք Ձեր իրավունքներին:

Արմեն Մանուկյան, իրավաբան- Ակնհայտ է, որ հանրապետականը գնում է .
1 կամ 7 օր հետո իր սեփական թեկնածուի առաջադրմանն ու անցկացմանը: Նա ունի բավարար, գոնե հիսունհինգ ձայն:

Եթե անգամ կրկին ոչ մեկին չառաջադրի, Նիկոլի թեկնածությունը տապալելուց հետո Սահմանադրության 149 հոդվածի 3-րդ մասով, իրավունքի ուժով կհետեւի Ազգային ժողովի լուծարումն ու նոր ընտրությունները, կրկին իրենց վերահսկողության տակ պահվող Կարեն Կարապետյանի կառավարության հսկողությամբ՝ իրենց ռեսուրսներով ու մեթոդներով։

Լիանա Բալյան, փաստաբան-Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին: Ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաեւ Սահմանադրությամբ նախատեuված պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով:Իշխանության յուրացումը որեւէ կազմակերպության կամ անհատի կողմից հանցագործություն է:

Փաստաբան, որը փակել էր ԱՆ շենքի մուտքը-Օգտվում ենք դիմադրության իրավունքից:
Ղեւոնդ Պապոյան, փաստաբան- Մեր երկրում այսօր տիրող իրավիճակը ցույց է տալիս, որ Հայ ժողովուրդը այլ ելք չունենալով օգտվում է իր դիմադրության իրավունքից.
Դիմադրության իրավունքը յուրաքանչյուր քաղաքացու ԲՆԱԿԱՆ իրավունքն է հակադրվելու պետության օրենքներին ու հրաժարվելու ենթարկվել դրանց՝ խախտված սահմանադրական կարգը վերականգնելու համար։

Գեւորգ Դավթյան, փաստաբան- Պետք է քայլել, մեքենաների տեղաշարժի սահմանափակման պատասխանատուն իշխող կուսակցությունն է, կարծում եմ նրանք պետք է շուտափույթ ընդունեն ժողովրդի պահանջը:
Առաջարկ ժողովրդական շարժման առաջնորդին եւ շարժմանը հարող քաղաքական ուժերին.

Հովհաննես Մանուկյան, Արդարադատության նախկին նախարար-ՀՀԿ խմբակցության կողմից սեփական թեկնածուն առաջադրելու եւ ժողովրդական թեկնածուին աջակցելը մերժելու պայմաններում հենց այս պահին արդեն խորհրդարանական երեք ուժերը (Ելք, ԲՀԿ, ՀՅԴ) հայտարարում են գործընթացին չմասնակցելու եւ խորհրդարանը լքելու մասին:

Տիգրան Աթանեսյան, փաստաբան-Առանց Սահմանադրությամբ կամ օրենքներով կամ դրանց հիման վրա ընդունված ենթաօրենսդրական նորմատիվ ակտերով նախատեսված կարգի պահպանման, վարչապետի պաշտոնակատարության յուրացումը որակվում է հետեւյալ կերպ՝
Հոդված 300. Իշխանությունը յուրացնելը
Իշխանությունը զավթելը` բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով, ինչպես նաեւ Սահմանադրությամբ չնախատեսված այլ եղանակով Հանրապետության նախագահի, Ազգային ժողովի, կառավարության կամ սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալը`պատժվում են ազատազրկմամբ` տասից տասնհինգ տարի ժամկետով:

Վահե Սարգսյան, իրավաբան- «Ցանկացած գործողություն ունի բացատրություն» կարգախոսը պետք չէ դրոշ սարքել, ինչ ուզում է անես:Իսկ էթիկան, մարդու իրավունքները, ազատությունները, դրանք ինչ եղան: Մենք բոլորս դրա համար ենք, չէ պայքարում: Հնարավոր է չընդունեմ շատերին որպես քաղաքական գործիչ, բայց չեմ ընդունում մանրապճեղ կոնտենտ լկտիությունը:

Երեմ Սարգսյան, փաստաբան- ԱԺ քննարկման ժամանակ ՀՀԿ գրեթե բոլոր պատգամավորները խոսում էին սկզբունքների, համոզմունքների եւ խղճի մասին, որ չեն կարող դրանց հակառակ քվեարկել, հարց էին հնչեցնում, թե ո՞վ կհարգի իրենց, եթե այս համաժողովրդական շարժման ալիքի ազդեցության տակ իրենց համոզմունքներին, սկզբունքներին եւ խղճին դեմ քվեարկեն, որով էլ փորձում էին արդարացնել Նիկոլ Փաշինյանի օգտին չքվեարկելը:

Հիմա հարց է ծագում` իսկ ինչու՞ են Ձեր սկզբունքները, համոզմունքներն ու խիղճը հակասում ժողովրդի սկզբունքներին, համոզմունքներին ու խղճին: էս ո՞նց եղավ, որ ամբողջ ժողովուրդն այլ սկզբունքներ, համոզմունքներ եւ խիղճ ունի, իսկ դուք 56 ՀՀԿ պատգամավորներով՝ այլ: Գուցե պատճառն այն է, որ դուք այլ իրականության մեջ եք ապրում, որ դուք տարիներ շարունակ կտրված եք եղել հասարակ քաղաքացուց, որ ձեր համար որեւէ «փակ» դուռ չի եղել, չլուծվող հարց չի եղել, հացի խնդիր չի եղել …
Ավելին` էս ո՞նց ստացվեց, որ դուք` այդ 56 ՀՀԿ պատգամավորներով, հենց նույն սկզբունքները, համոզմունքներն ու խիղճն ունեք:

Մի՞թե սա չի վկայում այն մասին, որ քվեարկելիս ոչ թե ձեր խղճով, սկզբունքներով կամ համոզմունքներով եք ղեկավարվել, այլ` ինչ-որ մեկի թելադրանքով, պահանջով կամ հրամանով:

Հիմա էլ ուրիշ հարց է ծագում` իսկ ինչու՞ այդ պահանջը ներկայացնողին կամ հրամանն արձակողին չեք ասում (ժամանակն էլ ցույց տվեց, որ երբեք էլ չեք ասել), որ դուք եւս սկզբունքներ , համոզմունքներ եւ խիղճ ունեք, որ չեք կարող դրանց դեմ գնալ:

Պատրաստեց`
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆԸ

«Առավոտ»

03.05.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031