ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը մայիսի 1-ին անցկացված վարչապետի ընտրության հատուկ նիստում անակնկալ որոշում կայացրեց՝ չքվեարկել։ Ո՛չ դեմ, ո՛չ կողմ. Վարդանյանն ասաց, որ ինքն ուղղակի չի մասնակցի քվեարկությանը։ Նա իր ելույթում ասաց, որ անսահման դժվար է հոսանքին հակառակ գնալը, ինքը բարձր է գնահատում Նիկոլի անձնազոհությունն ու վճռականությունը, հավատում է նրա ձգտումներին ու ազնվությանը, բայց վտանգի կանխազգացում ունի, եւ իրեն երկու տարբերակ են թողել՝ «քվեարկել կա՛մ Նիկոլին, կա՛մ Փաշինյանին»։ «Վստահ եղեք, ես առանց հիմքի ոչինչ չեմ ասում»,- իր ելույթում ասել էր նա՝ վերջում նշելով, որ եթե կուսակցությունը պահանջի, պատրաստ է անգամ մանդատը վայր դնել։ Սրանով ընկեր Աղվանը փաստացի դեմ գնաց 127-ամյա կուսակցության որոշմանը՝ կողմ քվեարկել Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը։
Եվ ՀՅԴ-ն սա չներեց։ Կուսակցությունը ելույթից ընդամենը րոպեներ անց պահանջեց նրանից մանդատը վայր դնել։
ՀՅԴ-ի եւ մյուս կուսակցությունների այս մոտեցումը երեկ իր հայտարարությամբ քննադատել էր անգամ ՀՅԴ-ի «ոխերիմ բարեկամ» Լեւոն Տեր-Պետրոսյանը՝ հիշեցնելով Սահմանադրության 94-րդ հոդվածը. «Պատգամավորը ներկայացնում է ամբողջ ժողովրդին, կաշկանդված չէ հրամայական մանդատով, առաջնորդվում է իր խղճով եւ համոզմունքներով», եւ նշելով. «Մանդատից հրաժարվելու՝ պատգամավորներ Գրիգոր Ավալյանին, Ֆելիքս Ցոլակյանին եւ Աղվան Վարդանյանին ներկայացվող պահանջը հակասահմանադրական է»։
ՀՅԴ գերագույն մարմնի ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը, բնականաբար, ծանոթ էր առաջին նախագահի այս հայտարարությանը, բայց իրենց որոշումն այսպես մեկնաբանեց. «Այո, Սահմանադրության 94-րդ հոդվածն ասում է՝ պատգամավորը կաշկանդված չէ հրամայական մանդատով, առաջնորդվում է իր խղճով եւ համոզմունքներով, բայց հարցն ունի բարոյական կողմ եւ քաղաքական կողմ»։ Բարոյական կողմն էլ, հավանաբար, վերջին պահին կոալիցիոն գործընկերոջը լքելն ու Փաշինյանին միանալն էր։ Իսկ հնարավո՞ր է կուսակցությունից հեռացնելու որոշում էլ կայացվի, Համբարձումյանն ասաց. «Եթե նման որոշում լինի, կտեղեկացնենք»։
– Իսկ սա հենց այն առի՞թն է, որ կարելի է ներկուսակցական որոշմամբ ստիպել պատգամավորին վայր դնել մանդատը։
– Դաշնակցությունն ունի ավանդույթներ, Դաշնակցությունն առաջնորդվում է որոշումներով, եւ մեր կեցվածքը եւ մոտեցումները պայմանավորված են հենց այս մոտեցումը հաշվի առնելով։
Վահե ՄԱԿԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում