Լրահոս
Օրվա լրահոսը

Մշակույթի մարդիկ «Ելք»-ի ելքի մասին

Մայիս 03,2018 14:00

Այս օրերի քաղաքական ըմբոստության թեման բնականաբար վերաբերում է բոլորին, թեպետ բացահայտ է, որ տանող ուժը երիտասարդներն են, նույնիսկ պատանիները, իրենց համար սիրելի որոշ հեռուստադերասաններ, երգիչներ, քիչ թվով արվեստագետներ, ստեղծագործական որոշ խմբեր եւ մի շատ ինքնատիպ ու անսպասելի շերտ` վարորդները, առանձնապես բեռնատար մեքենաների վարորդները, որոնք «իրենց ամբողջ կյանքում», միշտ, կարգապահ, «իրենց աջը քաշած» «քշել են» իրենց ահռելի մեծ մեքենաները դանդաղ հզորությամբ, իսկ այս օրերին դարձել են «համազգային հեղափոխության» գործուն գործոններից մեկը: Սակայն, կարծես թե ընդհանուր «խաղից դուրս են մնացել» «մտավորական» համարվող մարդիկ, մեր դեպքում շեշտենք, մշակույթի ականավոր գործիչները: «Առավոտը» փորձեց մի քանի անվանի գործիչների զանգահարել եւ նախ հարցնել, թե ինչո՞ւ իրենք չկան ասպարեզում եւ երկրորդ` ի՞նչ կարծիք ու դիրքորորշում ունեն այս համահայկական ու համընդհանուր շարժման մասին: Ի զարմանս` ում զանգահարեցինք` գրեթե բոլորը, խուսափողական պատասխաններ տվեցին, չցանկացան իրենց վերաբերմունքը, կարծիքներն ու գնահատականները հայտնել, շեշտեցին, որ իրենց անունները «հանկարծ չհրապարակվեն» եւ գրեթե բոլորը ու գրեթե միաբերան ասում էին՝ «թե, ինչու՞ հենց ե՛ս, մի ուրիշին զանգեք, ես չեմ կարող պատասխանել», թեպետ ոմանք իրենց ֆեյսբուքյան էջերում անդրադառնում են դեպքերին: Այն հարցին՝ թե արդյոք դիրքորորշում չունե՞ք այս դեպքերի առիթով, ավելի զարմացական պատասխաններ ստացանք, որ շատ հստակ դիրքորոշում եւ հստակ տեսակետ ունեն, բայց բոլորովին հարմար չեն գտնում դրանք հրապարակելու, առավել եւս իրենց անունները հայտնելու:

Բավականին շատ կցկտուր պատասխաններից հետո դադարեցինք անհանգստացնել մշակույթի գործիչներին, բայց փորձեցինք այդուհանդերձ այդ պատասխանների պատառիկներից հասկանալ, թե ինչո՞ւմն է բանը, եւ ինչո՞ւ մշակույթի մարդիկ գործուն մասնակցություն չեն ունենում համազգային ընդվզման պրոցեսին: Հարգելով իսկապես վաստակաշատ գործիչների խնդրանքը եւ նրանց անուրանալի վաստակը, այնուամենայնիվ առանց անուններ նշելու կներկայացնենք ընդհանուր իրավիճակը գնահատող կողմ եւ դեմ հավաքական կարծիքներ, որոնք տարբեր դիրքորոշումների համադրություն են եւ որից ստեղծված «կոլաժը» մոտավորապես այս պատկերն ունի:

«Մասնակցում ենք, ասում եք` ձեզ շահարկում են, չենք մասնակցում, ասում եք բա դուք ու՞ր եք…»:

«Ուրախ եմ, որ իշխող ռեժիմը վերջապես փլուզվում է, բայց եկողներն էլ մի տեսակ շատ են խակ: Ի վերջո ամենակարեւորը մեր պետությունն է եւ ոչ թե այս կամ այն կողմը…»:

«Մրից դուրս ենք գալիս, բա որ մրջուրն ընկնենք… մարդ չի իմանում, որ կողմ գնա…»:

«Ինձ եթե չեն դիմում, ես գնամ, ի՞նչ անեմ, հո հետեւներից չեմ գնալու էս կողմ էն կողմ ու կանգնեմ փողոցներ փակեմ, հենա էրեխեքը լավ էլ անում են էդ գործը»:

«Հերթը մեզ չի հասնում, մեզ հարցնող էլ չկա, իրենք իրենց հասկացածի չափ անում են ու, իմիջիայլոց, ոչ մեկին էլ իրենց կողքին չեն ուզում տեսնել: Գուցեեւ ճիշտ են… թող իրենց հասկացածով անեն»:

«Ախր, տարիներ շարունակ աշխատել ենք բոլոր եկող գնացող սերունդների հետ, դիմության ու ընդդիմության հետ ու հո մի վայրկյանի բան չի` տասնամյակներով աշխատած մարդկանց փոխելը: Նոր սերունդը ոչ մեկին չգիտի ու չի էլ ուզում իմանա, հասկանալի է, բայց մենք էլ չենք կարող ամեն նոր եկող հեղեղի մեջ մտնել, իմանալով նախորդը»:

«Ես հաջողություն ու հաղթանակ եմ ցանկանում հիացմունքի արժանի շարժմանը, բայց անհանգստանում եմ, թե արդյոք մինչեւ վերջ կարո՞ղ են հասնել որեւէ վնաս չպատճառելով, ոչ իրենց ոչ ուրիշներին»:

«Ինչ ասեմ, երեւի մի քիչ կատակով ասեմ, հայտնի ֆիլմի սիրված հերոսի նման. «Ախր, որ իմանամ ի՞նչ անեմ, կանեմ, բայց որ չեմ իմանում ինչ անեմ, ի՞նչ անեմ…»:

«Շատ եմ գնահատում շարժման լիդերի եւ երիտասարդության թարմությունն ու ավյունը, ուղղակի հիանում եմ, փայլուն իրագործվող շարժում է եւ կառավարում, բայց մի բան ինձ վանում է այս շարժման մեջ…Զարմանում եմ, որտեղի՞ց այդ աստիճանի չարություն ու անմակարդակություն իրենց գրառումներում, դա է հենց սերիալների վատ ազդեցության հետեւանքը»:

«Անկախ ամեն ինչից` ով ում է հարում, ով ում կողմից է, երբեք չպետք է ավելորդ թշնամանք ստեղծվի, ընտանիքների, երկրի, բարեկամների, ընկերների եւ գործընկերների միջեւ եւ այնքան խելացի լինենք, որ այս ամենն անելով չպառակտվենք ու ավելի լավի հասնելու փոխարեն եղածն էլ չքանդենք: Կարեւորը հայ ազգի միասնությունն է. եւ շարժումը մեկ ընտանիքի մեջ պետք է լինի, ոչ թե ինչպես աշխարհում կամ արեւմուտքում է ընդունված, իբր դեմոկրատիան է կարեւոր: Այդպես չէ, ազգն է կարեւոր. վաղը պետք է կարողանանք իրար աչքերի մեջ նայել, իսկ այդ բարոյականը խիստ վտանգված է»:
«Չափազանց շատ են իրար հայհոյում, արդեն նողկալի է դառնում»:

«Հարցնում եք ինչու մտավորական չկա՞, շատ պարզ պատճառով, սա լավ մտածված, բայց մտավորական շարժում չէ, մանավանդ ֆեյսբուքյան գռեհկությունը անտանելի է ուղղակի»:

«Զինվոր, սահման, երկիր, անվտանգություն, հետո նոր մնացած բաները: Դա խոսքի մեջ երեւում է, բայց գործողություններում կարեւորության այս աստիճանը չի երեւում»:

«Նիկոլն իր կողքին ոչ մեկին չի թողնի, ում կարիքը, որ լինի, առաջինն ինքը կասի: Իր կերպարով եւ բնույթով նա ոչ մեկի կարիքը չունի եւ հազիվ թե հետագայում ունենա»:

«Ես մշակույթի մարդ եմ, սա քաղաքական շարժում է, մեր երկրում ոչ մի քաղաքական գործիչ երբեք հայկական մշակույթը որպես գլխավոր գործոն չի դիտարկում, ոչ մի կողմից ոչ մի խոսք չկա մշակույթի մասին, իսկ եթե Հայաստանը մշակութային երկիր չէ, ինձ համար, մնացած դեպքերում անհասկանալի է, թե ինչ երկիր է: Մնացածը «սովորական» երկրների ճանապարհն է, դեմոկրատական հիմարություն»:

«Եթե մշակութային հարցադրում չկա, գնամ ի՞նչ անեմ…»:

«Փայլուն երիտասարդներ են, նրանց օգնելու ոչինչ չեմ տեսնում…Նրանք ամեն ինչ տեղը տեղին կանեն»:

«Մասնակիցները լսում են միայն այն, ինչ եւ ում ուզում են լսեն եւ ինչ որ ուզում են եւ ում որ ուզում են իրենք լսում են: Ոչ մեկի ու ոչ մի ուրիշ մտքի կարիքը չկա…Աստված իմաստություն տա բոլորին: Աստված անփորձանք պահի բոլորին»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ»

03.05.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հարգելի ընթերցող,

    Կարդացի վերի կարծիքները…

    Չեմ կարողանում հասկանալ, թե իմ մշակույթի գործիչը ոչինչ չունի ասելու, երբ համակարգի

    կարքավորման առիթ է տրվելու, եւ այդ առիթի ժամակակ ով է՞ որ ուղություն է տալու բարելավելու այն:

    Այն սկսվում է ներկայությունով եւ ապա մասնակցելով առողջ փոփոխության առաջարկներով:

    Շատ անհասկանալի է այս պատկերը:

    Ես կարծում եմ դրսում լինելը չի օգնում հասկանալ այն իրականության ծալքերը որ իմ մշակույթի եղբայր գործիչը զգում է իր մորթի վրա:

    Վստահ եմ կան պատասխաններ, որ մի օր կիմանանք:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031