Լրահոս
Օրվա լրահոսը

Լրագրողների թեժ ապրիլը. մամուլի ազատության օրվան նվիրված

Մայիս 03,2018 13:30

2018թ. ապրիլի 13- 25-ն ընկած ժամանակահատվածում Երեւանում, ինչպես նաեւ հանրապետության այլ բնակավայրերում լրագրողների մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու դեպքերի վերաբերյալ ՀՀ դատախազությունը պաշտոնապես տեղեկացրել էր, որ ստացվել է ընդհանուր առմամբ 17 ահազանգ: Դրանցից 11-ը՝ 13 լրագրողի վերաբերյալ: ՀՀ դատախազության ստորաբաժանումների կողմից հանձնարարվել էր ՀՀ ոստիկանությանը, նախաքննական մարմիններին՝ դրանցում ներկայացվող հանգամանքներն ստուգելու, նյութեր նախապատրաստելու եւ քրեական գործ հարուցելու հիմքերը պարզելու նպատակով: Ինչպես տեղեկացրել էր դատախազությունը, 9 դեպքի առթիվ` 11 լրագրողի վերաբերյալ արդեն հարուցվել են քրեական գործեր:

Լրագրողներին առնչվող առաջին ազդակը քաղաքական քայլարշավ իրականացնող «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի կողմից ապրիլի 14-ին ցուցարարների խմբի Հանրային ռադիոյի շենք մտնելու, ուղիղ եթեր տրամադրելուն էր վերաբերում:
Հաջորդ օրը ԶԼՄ-ներով միանշանակ չընդունվեց կատարվածը, կային հակասական մեկնաբանություններ ռադիոյի շենք մտնել-չմտնելու քայլի հետ: Սակայն հաջորդ օրվանից սկսած՝ բողոքի ալիքը խամրեցրեց լրագրողների նկատմամբ հետագայում կատարված դեպքերը:

Ապրիլի 16-ին Բաղրամյան պողոտայում ոստիկանությունը կիրառեց հատուկ միջոցներ, դրանց կիրառելու հետեւանքով վնասվածքներ ստացան «168.am» կայքի թղթակից Անի Քեշիշյանը եւ «Factor.am»-ի օպերատոր Հովհաննես Սարգսյանը, վնասվեց Վրեժ Մարգարյանի տեսախցիկը եւ ուղիղ հեռարձակման սարքը։

Ապրիլի 17-ի ուշ երեկոյան Երեւանի Մաշտոցի պողոտա – Թումանյան խաչմերուկի մոտակայքում մի խումբ անձինք հարձակվեցին «Factor.am» լրատվական կայքի գլխավոր խմբագիր Արեւիկ Սահակյանի եւ օպերատոր Գեւորգ Մարտիրոսյանի վրա, բռնության ենթարկելով նրանց:

Ապրիլի 18-ին դարձյալ Բաղրամյան պողոտայում, զրահատեխնիկան լուսանկարելու համար փոխոստիկանապետ Հունան Պողոսյանի հրամանով հետապնդման ենթարկվեց «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Նարեկ Կիրակոսյանը:
Հաջորդ օրը՝ ապրիլի 19-ին, «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության լրագրող Տիրայր Մուրադյանը ժամը 08:30-ի սահմաններում, երբ որպես լրագրող իր աշխատանքն է իրականացրել Արամի փողոցում գտնվող ՀՀ կառավարության 3-րդ վարչական շենքի դիմաց, քաղաքացիական հագուստով երկու անձ հարձակվել են լրագրողի վրա եւ բռնություն գործադրել։ Մեր գործընկերը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, ստացել անհրաժեշտ բուժօգնություն։ Լրագրող Տ. Մուրադյանը ճանաչվել էր տուժող, նա նաեւ հարցաքննվել է:

Ըստ լրագրողական մի շարք կազմակերպությունների հայտարարության` ապրիլի 21-ին, ժամը 15-ի սահմաններում, Արտաշատի ճանապարհին բողոքի ակցիան նկարահանելու եւ լուսաբանելու ժամանակ քաղաքացիական հագուստով անձը բռնություն էր գործադրել «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Արուս Հակոբյանի նկատմամբ՝ խոչընդոտելով նրա մասնագիտական գործունեությանը: Ի դեպ, ըստ ՀՀ Քննչական կոմիտեի պաշտոնական հաղորդման, Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասով՝ լրագրող Արուս Հակոբյանի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու դեպքի առթիվ։ Լրագրողը ճանաչվել է տուժող, նա նույնպես հարցաքննվել է։

Ապրիլի 22-ին՝ ԱԺ պատգամավորներ Սասուն Միքայելյանի եւ Արարատ Միրզոյանի ոստիկանության բաժիններ բերման ենթարկվելու օրը, ոստիկանների կողմից խոչընդոտվել էր «Media.am»-ի լրագրող Գայանե Ասրյանի աշխատանքը։ «aravot.am»-ին նա հայտնել էր, որ Էրեբունի-Արցախ փողոցների խաչմերուկում ցուցարարների ու ոստիկանների բախման ժամանակ հարված է ստացել դիմակավորված ոստիկանից. «Ձեռքս տարավ հետեւի կողմ ու իր արմունկով հարվածեց մեջքիս, հետո իմ շորերից բռնելով՝ տարավ դեպի ոստիկանական պատ, ես ասում էի՝ լրագրող եմ, բայց նա ինձ չէր լսում»: Նշենք, որ զրույցի ժամանակ նա տեղեկացրել էր, որ հանցագործության մասին հաղորդում չի ներկայացրել:
Ավան թաղամասում գտնվող Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի առանձնատան մոտ հարձակման է ենթարկվել «Սիվիլնեթի» լրագրող Անի Գրիգորյանը: Քաղաքացիական հագուստով անձը զայրացել էր լրագրողի հարցից` ինչով է պայմանավորված բողոքի ցուjցերում չմասնակցող մարդկանց կուտակումը այդ վայրում:

Իսկ Նոր Նորքի խաչմերուկում ցուցարաների նկատմամբ բռնություն կիրառող քաղաքացիական հագուստով անձանցից մեկն էլ տեսնելով, որ «lragur.am»-ի լրագրող Թեհմինե Ենոքյանը նկարահանում է իրենց գործողությունները, հարվածել էր նրա գլխին, այնտեղ հայտնված կանանցից մեկն էլ քաշել էր մազերից, մյուսը` պոկել լրագրողի պայուսակի քուղը: Թեհմինե Ենոքյանը հայտնել էր, որ իրեն ականատես քաղաքացիներն ասել են, որ բռնություն կիրառողները ներկայացել էին որպես թաղապետարանի աշխատակիցներ, որոնք սերտ շփվում են ավելի ուշ ժամանած ոստիկանների հետ:
Ապրիլի 22-ին լրագրող Վ. Թադեւոսյանը հաղորդում է ներկայացրել ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժնի Ավանի բաժանմունք, հայտնելով, որ նույն օրը՝ ժամը 18:30-ի սահմաններում, մայրաքաղաքի Աճառյան փողոցում գործող «Ֆորդ» սերվիսի մոտ դիմակավորված, քաղաքացիական հագուստով անհայտ անձինք մահակներով հարվածել են իրեն, ոլորել ձեռքերը՝ պատճառելով ֆիզիկական ցավ։ Նրանք հափշտակել են իր «IPad Air 2» տեսակի պլանշետը եւ «Samsung Galaxy J7» տեսակի բջջային հեռախոսը՝ դրանով խոչընդոտելով իր՝ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը, մահակներով հարվածել եւ վնասել իրեն պատկանող «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենան՝ պատճառելով գույքային վնաս: Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասի եւ 185-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով, որն ստացվել եւ վարույթ է ընդունվել ԵՔՔՎ Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում:
Ապրիլի 22-ի գիշերը մեկ այլ տեղեկության համաձայն, Գարեգին Նժդեհ հրապարակում ոստիկանները ծեծի են ենթարկել «Ազատության» ծրագրի թողարկիչ Անատոլի Եղիազարյանին։


Ըստ «Ազատության» ռադիոկայանի, միջադեպը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ աշխատանքից տուն վերադարձող Եղիազարյանը փորձել է հեռախոսով նկարահանել, թե ինչպես են մոտ հինգ տասնյակ ոստիկաններ փորձում, ուժ գործադրելով, ցրել հրապարակը արգելափակած մեքենաների ցույցը։ Նկատելով, որ իրենց գործողությունները նկարահանվում են, 6-7 ոստիկաններ հարձակվել են Եղիազարյանի վրա՝ չնայած նա կրելիս է եղել «Ազատության» ծառայողական վկայականը եւ այն հստակ ցուցադրել է, մի քանի անգամ զգուշացրել, որ «Ազատություն» ռադիոկայանից է:

«Ազատություն» ռադիոկայանի լրագրողներից Նաիրա Բուլղադարյանի տեսախցիկն էլ Հանրապետության հրապարակում սեւ դիմակով ոստիկանն էր մի կողմ նետել, թույլ չտալով նրան, որպեսզի նկարահանի, բարեբախտաբար, ուղիղ եթեր էր, եւ ակնհայտ են դարձել այն կադրերը, թե ինչպես են ոստիկանները վազել, լրագրողի տեսախցիկը ինչպես է հայտնվել գետնին՝ կադրեր գրանցելով։ Լրագրողի հարցերին ի պատասխան՝ հասարակական կարգն ապահովող Երեւանի փոխոստիկանապետ Վ. Օսիպյանը ասել է. «Ոստիկանները հատուկ գործողություն են իրականացնում, այնպիսի հատվածում եղեք, որ կամերաները չվնասվեն»։

Ի դեպ, մինչ այս, լրագրողների իրավունքների պաշտպանությամբ հայտարարությամբ հանդես եկած Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ապրիլի 23-ին առիթ ունեցավ այցելել ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում կարճաժամկետ հայտնված ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի ղեկավար Լեւոն Բարսեղյանին, գործուն աջակցություն էր տվել այդ պահին:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ»

02.05.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031