Հարցազրույց granish.org կայքի
խմբագիր, գրականագետ Հասմիկ Հակոբյանի հետ
– Ինչպիսին է այսօրվա հայ ժամանակակից գրականությունը՝ որպես գրականագետ ձեր գնահատմամբ, հասկանալի է, որ այն միատարր չէ, բայց խնդրում եմ նշեք այն միտումները, որ առկա են այսօրվա՝ Հայաստանում ստեղծվող գրականության մեջ:
– Ժամանակակից հայ գրականության հիմնական դիմագիծը ձեւավորվել է հետանկախության տարիներին եւ սկզբունքորեն տարբերվում էր նախընթաց գրական գործընթացից, քանի որ տեղի էր ունեցել հասարակարգային անցում, փոխվել էր ժամանակի զգացողությունն ու մտածողությունը: Նոր ժամանակի ոչ միագիծ ընթացքը, հասարաքաղաքական ու տնտեսական նոր հարաբերությունները, ազատության ընդլայնված սահմանների ամրագրումը նոր իրավիճակ էին ստեղծել նաեւ գրականության զարգացման համար:
Տարօրինակ կերպով հենց «մութ ու ցուրտ» համարվող տարիներին անչափ հետաքրքիր գրական գործընթացներ են տեղի ունեցել, նոր գրական շարժումներ ու ուղղություններ ի հայտ եկել, որոնց հիման վրա էլ մինչ այսօր շարունակվում են կառուցվել մերօրյա գրական գործընթացները: Հետանկախության տարիների գրականության մասին արդեն բավական ամփոփումներ կան, գրված հոդվածներ ու գիտական աշխատանքներ, եւ ես չէի ցանկանա կրկին այդ մասին խոսել: Ավելի քիչ է խոսվել վերջին տասնամյակի գրական զարգացումների մասին: Գրական, տեսաբանական միտքը սակավ, հպանցիկ դեպքերից զատ, լուրջ ամփոփումներ չի կատարել, ինչը դժվարացնում է ամբողջական պատկերների մասին խոսել: Իմ խորին համոզմամբ՝ վերլուծությունների բացակայությունը փոխպայմանավորված է գրականության մեջ ստեղծված վակուումով: Ստեղծվում են առանձին գրական գործեր, որոնք, սակայն, համակարգային, լուրջ տեսական հիմքի պակաս ունեն: Դրան համապատասխան՝ գրվում են առանձին գրքերի մասին գրախոսականներ, բայց ոչ ընդհանրական պատկեր ստեղծող հոդվածներ ու ուսումնասիրություններ:
Գրականությունն՝ իր ամբողջ լրջությամբ, տեսական ու փիլիսոփայական մտքի ամրությամբ գրականագիտական մտքին կարծես սնունդ չի մատակարարում: Ժամանակը թույլ արձագանքներ է տալիս եւ հստակ դիմագիծ ու հրամայական չստանալով` ուղղահայաց հարթությունում գրողին մղում է դեպի ներս շարժման: Մարդկային մենության, վախերի ճանաչողության սահմանագիծը ուղղահայաց, ինքնամփոփ շարժման մեջ է, միեւնույն ժամանակ, շատ թույլ են զուգահեռ հարթությունում ընդհանրությունները:
Եթե փորձենք, այնուհանդերձ, դիտարկումներ կատարել, պետք է փաստենք, որ պոեզիայում, օրինակ, մենք ունենք առանձին հետաքրքիր բանաստեղծական ժողովածուներ, որոնք, սակայն, իրենց ուսերին չեն կրում ժամանակի հրամայականը եւ բանաստեղծական խոսքի շարունակականություն ապահովող ընթացքի պատասխանատվությունը:
Իմ դիտարկմամբ՝ ժամանակը, որպես գոյաձեւ, ներկա է հատկապես 80-ականների բանաստեղծական սերնդի (Ավագ Եփրեմյան, Վահագն Աթաբեկյան, Ներսես Աթաբեկյան) պոեզիայում, որին բնորոշ է դեպի ներս ուղղահայաց շարժումը եւ խոսքի միջոցով ինքն իրեն մոտենալու ներամփոփ ընթացքը: Մասնավորապես, անկախության պոեզիայի անցած ճանապարհի տրանսֆորմացիաները նկատելի են հատկապես Ներսես Աթաբեկյանի պոեզիայում: Ներքին խիստ ռիթմիկա, մշակութաբանական հղումներ, որոնք միախառնվում են անտիպոետիկ դաշտից եկող ազդակներին եւ խաղի միջոցով նոր վերդասավորումներ ստանալով՝ միտվում ուղղահայաց հարթությունում ինքնաճանաչման: Բանաստեղծական այս տեսակի շարունակությունը նկատելի է հատկապես երիտասարդ բանաստեղծ Արամ Թարվերդյանի պոեզիայում, որտեղ խիստ, կանոնիկ հանգերով ու ռիթմիկայով անտիպոետիկ իրականության նոր տեքստ է կառուցվում:
Ստատիկ կառույցների, կլիշեավորված, արդեն պաթետիկ երանգ ստացող բառերի ու ֆրազների խաղարկում է նկատվում նաեւ Գեմաֆին Գասպարյանի պոեզիայում, պարզապես, եթե մյուս դեպքերում, բանաստեղծները եղած նյութը կազմաքանդելով ու խաղարկելով, վերջնական արդյունքում միտվում են ինքնաճանաչման, այստեղ նպատակ կա կազմաքանդել նաեւ բովանդակությունը՝ իրականության մեկ այլ կողմ ներկայացնելով:
Մյուս կողմում մշակութաբանական, աստվածաշնչյան տեքստի հիմքի վրա, նոր խաղարկումներով ստացվող տեքստն է, որը լավագույնս արտացոլվում է Հուսիկ Արայի վերջին շրջանի պոեզիայում:
Ինքնախոստովանական պոեզիայի եւ տարբեր մշակութաբանական, գրական ուղղությունների փոխազդեցության դաշտում են իրենց տեքստը կառուցում Հասմիկ Սիմոնյանը, Արամ Մամիկոնյանը, Լուսինե Եղյանը, Մանե Գրիգորյանն ու այլք:
Սեփական վախերի ամրագրումը, դեպի ներս ուղղված կենսական բնազդների ինքնափնտրտուքը նկատելի է Կարեն Անտաշյանի, Անահիտ Հայրապետյանի, Վահե Արսենի, Գեւորգ Թումանյանի, Արթուր Մեսրոպյանի բանաստեղծության մեջ:
Հետանկախության տարիների արձակը ազատության սահմանափակումների խորհրդային պատնեշը հաղթահարելով՝ բավականին սուր եւ ազատական տեքստ, բովանդակություն էր ստեղծում, միտվում գրական նոր հոսանքների ճանաչողության ու ձեւային նոր փնտրտուքի գնում (Գուրգեն Խանջյան, Լեւոն Խեչոյան, Զորայր Խալափյան, Գարուն Աղաջանյան): Հետագայում առավել երիտասարդ արձակագիրների մի խումբ եւս շարունակում էր այս ընթացքը (Արփի Ոսկանյան, Նառա Վարդանյան, Հովհաննես Թեքգյոզյան, Համբարձում Համբարձումյան)՝ ստեղծելով սեփական ազատության տեսլականի, կենսական բնազդների ներկայությունն ու կարեւորությունը հաշվի առնող տեքստեր՝ երբեմն սուր քննադատության ենթարկվելով, բանավեճեր հրահրելով:
Հետաքրքրական է, որ հաջորդող տարիներին, հասարակության պահանջները գրողին ուղղորդեցին հարմարվողականության, ընթերցողին անպայման դուր գալու դաշտ: Գրողի կամքի ազատությունը երբեմն փոխարինվեց հասարակության պահանջները բավարարելու ցանկությամբ եւ երբեմն չհիմնավորված, սոսկական ներկայությամբ որոշ թեմաներ սկսվեցին շահարկվել գրական տեքստերում (բանակ, հասարաքաղաքական իրադարձությունների ներկայություն, սոցիալական անարդարության, ազգային մենթալիտետ համարվող կեղծ կատեգորիաների շահարկում): Առաջին հայացքից դրական թվացող այս պահանջները, թե գրողն իր հասարակության կողքին է, խիստ սահմանափակեցին գրողի ազատության, նոր մտածողություն, նոր խոսք ձեւավորելու սահմանները եւ հասարակական պահանջների չափերով կարված տեքստ մատուցեցին ընթերցողին:
Այնուհանդերձ, տասնամյակի կտրվածքով ուշագրավ ու կարեւոր վեպեր են նաեւ ստեղծվել (Գուրգեն Խանջյան, Հրաչ Սարիբեկյան, Արամ Պաչյան, Դիանա Համբարձումյան): Վերջին տարիներին աչքի է ընկնում Հովհաննես Երանյանի արձակը (մասնավորապես՝ «Մեղքի պարան» վեպը), որը թեպետ դասական ձեւի մեջ, սակայն ժամանակի ընթացքի ուշագրավ, անսպասելի տեսլականով տեքստ է ստեղծել:
Չտեղայնացված, ներքին անկաշկանդությամբ ու ազատությամբ, գեղարվեստական նոր ձեւերի փնտրտուքը նկատելի է հատկապես Քրիստիան Բատիկյանի, Անրի Գրիգորյանի եւ Երվանդ Վարդանյանի տեքստերում: Քրիստիան Բատիկյանի «Սուփըր հերոսները կը մեռնին ամրան» պատմվածքների ժողովածուն երիտասարդ, ներամփոփ մարդու եւ կոմիքսների հերոսների մշակույթի ու հոգեբանության զուգահեռումներում ստեղծված ամբողջական, կուռ տեքստ է՝ խորը հոգեբանական դիտարկումներով ու բարձր գեղարվեստականությամբ գրված:
– Ինչ ասել է լավ գրականություն, ըստ ձեզ՝ ո՞րն է լավ գրականության չափանիշը:
– Իմ պատկերացմամբ՝ լավ գրականությունը իր ժամանակի շնչառությունն ու ռիթմը վավերագրող, փիլիսոփայական ամուր հենք ունեցող, մշակութաբանական աղբյուրներից սնվող տեքստն է, որը միեւնույն ժամանակ մարդկային կյանքի ու հոգեբանության խորքային դիտարկումներով է հարուստ, փոխում է մարդու մտածողությունն ու աշխարհայացքը, դարձնում աշխարհն ավելի թարգմանելի եւ հաճախ շատ իրարարմերժ ու հակասական մեթոդներով մարդուն մղում ինքնափնտրտուքի, ինքնաճանաչողության: Նման գրականության օրինակներ են ինձ համար՝ Օրհան Փամուկի «Ձյունը», «Սեւ գիրքը», Էլֆրիդե Ելինեկի «Դաշնակահարուհին», Ջորջ Օրուելի «1984», Միլեն Կունդերայի «Կեցության անտանելի թեթեւությունը» վեպերը, Հովհաննես Գրիգորյանի պոեզիան:
– Ինչն եք անընդունելի համարում գրական գործընթացներում եւ ինչը պարտադիր:
– Գրական առողջ գործընթաց ունենալու համար կարեւոր եմ համարում գրական մամուլի բազմաբնույթ, տարակարծիք ներկայությունը եւ գրական գործընթացներն ամբողջացնող գրականագիտական, քննադատական մտքի առկայությունը: Գրական մամուլը գրող- հրատարակիչ- ընթերցող շղթայի կարեւոր մասն է կազմում եւ ֆիլտրող, արժեքային ճիշտ համակարգ ստեղծող գործիք է, որի նորմալ աշխատանքի պարագայում անընդունելիների մասին խոսելու կարիքը մինիմալի է հասնում: Սակայն փաստ է նաեւ, որ մերօրյա գրական գործընթացում այն լիարժեք չի աշխատում՝ ստեղծելով թեական վիճակներ:
– «Գրանիշի» դերի մասին խնդրում եմ մի փոքր խոսեք:
– Ի սկզբանե «Գրանիշը» ստեղծվել էր որպես մի հարթակ՝ մեր սերնդի գրական պատկերացումներն ու գործընթացները համացանցային լայն տիրույթում ներկայացնելու համար: Սերունդ, որը կարելի է ասել «Գրեթերթ»-յան եւ մեր գրական ակտիվ հանդիպումների ու երկխոսությունների արդյունքում էր ձեւավորվել եւ կարծում եմ՝ մեծ աշխատանք կատարեց վերջին տասնամյակում՝ գրական նոր մտածողություն ձեւավորելով, գրքի հանդեպ նոր մշակույթ դաստիարակելով: Մենք համացանցային տիրույթ բերեցինք ժամանակակից գրականությունը, թվայնացրեցինք անկախության շրջանի բազմաթիվ գրողների ստեղծագործություններ եւ բազմաթիվ բանավեճերով ու քննարկումներով ժամանակակից գրականության ընկալման որոշակի դաշտ ստեղծեցինք:
Այսօր արդեն «Գրանիշի» նպատակը գրական կենդանի պրոցեսների շարունակականության ապահովումն է:
– Ինչ է պակասում այսօրվա հայ գրականությանը, չնչին բացառություններով, ինչո՞ւ հայաստանցի գրողները չեն կարողանում ճեղքել մեծ գրականություն մտնելու պատնեշը: Ինչո՞ւ են գործեր ստեղծվում, այսպես կոչված, ներքին սպառման համար եւ զուտ հայաստանյան շրջանակի համար:
-Նախորդ հարցերին պատասխանելիս արդեն խոսել եմ այն որոշակի թերացումների մասին, որոնք կարող են գրականությունը տեղային դարձնել. մասնավորապես՝ տվյալ հասարակության պահանջներով գրված գործը կարող է հասանելի լինել միայն տվյալ հասարակության անդամներին: Առավել լայն ճանաչելիության սահմանն ունենալու համար գրական գործը սեփական դիմագիծ պետք է ունենա եւ հնարավորինս բազմաբնույթ ու շատ ազդակներով աշխարհի հետ երկխոսելու ցանկություն ու թիրախներ:
Եվ այնուհանդերձ… Ես չեմ կարծում, որ մեր գրական դաշտն ամբողջովին անհետաքրքիր է, մենք ունենք լավ գրականություն, որը հնարավոր է թարգմանել եւ ներկայացնել դրսի ընթերցողին, պարզապես մեծ ֆինանսական ներդրումներ են պահանջվում այս ոլորտում եւ հետեւողական աշխատանք ու գովազդ: Փոքր քայլեր, իհարկե, արվում են այս ուղղությամբ, այդ թվում նաեւ մշակույթի նախարարությունն է հատուկ թարգմանական ֆոնդ ստեղծել, սակայն եղածը բավարար չէ մեծ հաջողություններ ամրագրելու համար:
– Գրականությանը եւ գրողին տրվող պետական մրցանակների մասին էլ խնդրում եմ անդրադարձ արվի, մրցանակակիրների ընտրության օբյեկտիվության, ընտրության չափանիշների եւ այլնի: Պետական մրցանակն արդյոք յուրատեսակ կաշկանդում չէ՞, իշխանությունների կողմից` ազատ մտածող գրողին յուրային դարձնելու փորձ կամ նման մի բան:
-Անշուշտ, համաձայն եմ, որ գրականության մրցանակները հանձնեն ոչ թե պետական ինստիտուտները, այլ առանձին, անկախ մշակութային ֆոնդերը: Ստեղծագործ մարդը հնարավորինս պետք է ազատ, չկաշկանդված լինի, մրցանակ շնորհող հանձնաժողովի անդամներն էլ՝ առնվազն գրական գործընթացներից ու ժամանակակից գրականությունից քաջատեղյակ: Մյուս կողմից, ազնվության համար պետք է նշեմ, որ հանձնաժողովներից մեկի անդամ լինելով, երբեք անմիջական պետական միջամտություն չեմ արձանագրել նախատեսվող մրցանակակրի ու գրական գործի ընտրության պարագայում:
Բայց այստեղ կուզեի մի զուգահեռում անցկացնել: Օրեր առաջ մենք ականատեսը եղանք, թե ինչպես կրթված, պահանջատեր, իր իրավունքներն ունեցող երիտասարդությունը (որը տարիներ շարունակ անտեսված դիրքում էր), պահանջատեր ու հետեւողական եղավ եւ սեփական պահանջները թելադրելով՝ իշխող կուսակցությանը պարտադրեց լսել ու ընդունել իր ձայնը:
Նույն օրինակը կարելի է զուգահեռել նաեւ մրցանակային հանձնաժողովների գործունեության ոլորտում. եթե մենք ունենանք գրական զարգացած համայնք (գրական մամուլ, հրատարակիչներ, հրատարակչական խմբագիրներ, գրականագետներ, գրականության գիտակ ընթերցողներ), որը պահանջատեր է, բարձր գրականության սեփական տեսլական ունի, ապա գրականության հանձնաժողովների անօբյեկտիվ գնահատականները կարելի է հասցնել մինիմումի: Եթե գրական հանձնաժողովի անդամը իր հետեւում զգա գրական համայնքի առջեւ իր խոսքի հաշվետվությունը, նա պարզապես չի կարող վերցնել ու ձայն տալ չափազանց թույլ գրական գործին՝ սոցապ նախարարության դեր կատարելով կամ ըստ տարիքային հիերարխիայի՝ մեծին հարգելու ցանկությամբ: Նաեւ պետք է փաստեմ, որ վերջին տարիներին գրական հասարակության քիչ թե շատ կայացածության շնորհիվ, տրված մրցանակները հետզհետե կոտրել են կարծրատիպային շատ մոտեցումներ:
Զրուցեց
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆԸ
«Առավոտ»
02.05.2018
Աղջիկ ջան, ամբողջ պոեզիան դեպի ներսի մասին է, ֆեյսբուքյան գրառումները դեռ բանաստեղծություն չեն: Այդ նշվածներիդ մեծ մասի պոեզիան անզգացմունք ու չազդող բնույթ ունեն, մասնավորապես սկսնակներինը, որոնց մինչև վերջ չենք կարողանում կարդալ: Եվ գոնե ձևական, սխալներ շատ չանելու համար ասա և այլն, որովհետև բազմաթիվ մարդիկ այլ հրաշալի պոետների են գնահատում, ովքեր ազգային արժեք են: