«Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարին տված հարցազրույցում քաղաքական գործիչ Դավիթ Շահնազարյանը ներկայացրեց իր պատկերացումը` Հայաստանի Հանրապետությունը քաղաքական ճգնաժամից դուրս բերելու համար: Ըստ նրա` լավագույն, եւ, թերեւս, միակ սահմանադրական ելքը հետեւյալն է. ԱԺ երեք խորհրդարանական ուժերը` «Ելքը», «Ծառուկյան» դաշինքն ու ՀՅԴ-ն, ձեւավորում են կոալիցիա եւ կազմում փոքրամասնության կառավարություն:
ՀՀԿ-ն` պառլամենտի մեծամասնությունը, համաձայն այդ ուժերի հետ նախնական պայմանավորվածությունների, անվերապահորեն ընդունում է այդ կառավարության բերած օրենքները, այդ թվում` սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ, սակայն չի կրում որեւէ քաղաքական պատասխանատվություն: Ողջ քաղաքական պատասխանատվությունը կրում է փոքրամասնության կառավարությունը, որը կաշխատի` մինչեւ կձեւավորվի նոր խորհրդարան` արտահերթ ընտրությունների միջոցով:
Ըստ Դավիթ Շահնազարյանի`փոքրամասնության կառավարությունը բավականին բարդ լուծում է անգամ կայացած խորհրդարանական կառավարման համակարգ ունեցող երկրների համար, ուր մնաց թե` ընդամենը մի քանի շաբաթ առաջ խորհրդարանական կառավարման համակարգի անցած Հայաստանի պարագայում, սակայն մեր երկրին տրված է աննախադեպ շանս` ձեւավորել նման կառավարություն, ինչն է’լ ավելի կբարձրացնի ՀՀ առանց այդ էլ բարձրացած հեղինակությունը միջազգային հարթակում:
Պարոն Շահնազարյանն այս պարագայում կարեւորում է ոչ միայն Նիկոլ Փաշինյանին սատարող երեք ուժերի քաղաքական կոալիցիան, որը ձևավորելու է կառավարություն, այլեւ` ընդդիմություն դարձող հանրապետական մեծամասնության դերը: Իսկ բոլոր պայմանավորվածությունների երաշխավորը պետք է լինի ՀՀ նախագահը, որը, ըստ Շահնազարյանի` «կարեւոր եւ դրական դեր խաղաց եւ դեռ խաղալու է» այս խորը քաղաքական ճգնաժամից հանրապետությունը դուրս բերելու գործընթացում:
Պատրաստեց Մելանյա Բարսեղյանը
Համամիտ եմ, պարոն Շահնազարյան, ճգնաժամային իրավիճակներում լուծման տարբերակներից
մեկն է՝ մինչև նոր խորհրդարանի ձևավորումը: