Ռուսական «Գազպրոմին» պատկանող ՆՏՎ հեռուստաալիքով Հայաստանի նախագահի պաշտոնը 1998-2008 թվականներին զբաղեցրած Ռոբերտ Քոչարյանը որոշեց քաղաքագիտական դասեր տալ Նիկոլ Փաշինյանին, նաեւ՝ ի լուր ռուսական լսարանի:
Ուշագրավ է քաղաքական պահը, երբ դա տեղի ունեցավ, եւ այդ «դասի» բովանդակությունը, որն ավելի շատ հենց ռուսական իշխանությանն էր ուղղված, քան Փաշինյանին: Հայաստանում թավշյա հեղափոխությունը մոտենում է իր ձեռքբերումներն ամրագրելու կարեւորագույն փուլին. մեկնարկած քաղաքական գործընթացը, որի սուբյեկտներն են Նիկոլ Փաշինյանը եւ ՀՀԿ վերնախավը, միտված է օր առաջ հանգուցալուծելու քաղաքական ճգնաժամը: Գործընթացին ակտիվ եւ դրական մասնակցություն ունի նախագահ Արմեն Սարգսյանը: Իրական հանգուցալուծումը կարող է լինել մեկը, եւ դա այլընտրանք չունի. Նիկոլ Փաշինյանը պետք է նշանակվի Հայաստանի վարչապետ եւ գլխավորի գործադիր իշխանությունն անցումային շրջանում, եւ դա անհնարին է առանց ՀՀԿ-ի գիտակցված համաձայնության, որպեսզի գործընթացը մտնի ինստիտուցիոնալ փուլ: Դա է պահանջում պետական եւ հանրային շահը:
Ի պատիվ կողմերի, մենք խուսափեցինք «գազային դավադրությունից», երբ Կարեն Կարապետյանը փորձեց «զանգ ընկերոջը» դրսից ներկայացնել որպես լրջագույն փաստարկ, թե ինչու հենց նա պիտի դառնա Սերժ Սարգսյանի հրաժարականի եւ թավշյա հեղափոխության գլխավոր շահառուն: Պարզ դարձավ, որ նա չի կարող փաստացի գլխավորել Հայաստանը, որքան էլ որ Պուտինը 2017թ. ընտրությունները համարի լեգիտիմ, իսկ իր զանգով ցույց տա, թե այդ «լեգիտիմ» խորհրդարանի մեծամասնությունը ում պետք է հաստատի վարչապետի պաշտոնին՝ թքած ունենալով հայ ժողովրդի կարծիքի վրա:
Առանձին փորձերը թավշյա հեղափոխությանը հաղորդել «հակառուսական» բնույթ՝ նույնպես չդարձան մեյնսթրիմ, քանզի պաշտոնական Մոսկվան գիտակցեց, որ հաստատապես շահեկան չի լինի առաջնորդվել կայսերական բնազդներով, եւ պետք է ոչ ստանդարտ մոտեցում: Նիկոլ Փաշինյանին հաջողվեց զերծ պահել շարժումը վտանգավոր երկընտրանքներից եւ շրջանցել թակարդները՝ փարատելով ռուսների վախերը ներկայիս փուլում, արհամարելով նույնիսկ Նիկոլայ Ռիժկովի վիրավորական արտահայտությունները Երեւանում:
Եվ դրանից հետո Հայաստանի օլիգարխիայի մի կարեւոր սեգմենտը բացեց իր երրորդ խաղաթուղթը՝ փորձելով գրգռել Մոսկվային ընդդեմ հայկական թավշյա հեղափոխության: «Ի՞նչ է պահանջում Նիկոլ Փաշինյանը. ինձ իշխանություն տվեք, հենց հիմա, անհապաղ։ Իշխանությունը հո ճամպրուկ չէ, որ վերցնես ու փոխանցես,- նշել է Քոչարյանը։- Դա կոնկրետ մարդիկ են, խորհրդարան, պատգամավորական կորպուս, նրանք նույնպես ինքնասիրություն ունեն։ Եվ ստիպել նրանց գնալ իրենց կամքին, համոզմունքներին, քաղաքականության մասին իրենց պատկերացումներին հակառակ՝ շանտաժ անելով մարդկանց մեծ բազմությամբ, դա բոլորովին այլ ծայրահեղություն է», – հայտարարել է Ռոբերտ Քոչարյանը:
Սովորաբար, իր հրապարակային ասելիքը այս կամ այն օրախնդիր հարցերով նա բարձրաձայնում է իր ոչ պաշտոնական կայքի միջոցով, բայց այս մեկը նա գերադասեց անել հենց ռուսական ՆՏՎ-ով: Նրա քաղաքագիտական դասերը տեղ չգտան լիովին պաշտոնական ՕՌՏ եւ ՌՏՌ հեռուստաալիքներում, բայց Կարեն Կարապետյանի ձախողումից նեղված «Գազպրոմին» պատկանող ՆՏՎ-ն նրան տվեց այդ հնարավորությունը:
Քոչարյանի ուղերձը, շոշափելով Փաշինյանի անունը, մի կողմից՝ ուղղված է ՀՀԿ վերնախավին որպես կշտամբանք, փորձելով խաղալ նրանց ինքնասիրության վրա, մյուս կողմից՝ սա փորձ է խաղալ Կրեմլի հասկանալի վախերի վրա, վախեր, որոնց մասին բարձրաձայնում է Լուկաշենկոն: Իսկ Կրեմլը վախենալու բան ունի: Եթե Հայաստանում կարելի է հավաքվել եւ իշխանությանը հրաժարական պարտադրել, ապա ինչո՞ւ դա չի կարելի անել, ասենք, օրինակ, Մինսկում, Մոսկվայում, կամ Կազանում, Գրոզնիում, Մախաչկալայում: Հասկանալի է նաեւ, որ նույնիսկ եթե Երեւանի ցուցարարները դուրս գան Ռուսաստանի դրոշներ ծածանելով՝ Կրեմլի վախը դրանից չի պակասելու:
Ռոբերտ Քոչարյանը գերադասեց լռելու փոխարեն միանալ Մոսկվային «սիգնալ տվողների» փոքրիկ խմբին՝ լծվելով Հայաստանի պետական շահերի դեմ ուղղված գործողությանը: Եվ ավելացնենք՝ անիմաստ գործողությանը: Անիմաստ՝ առաջին հերթին արդյունավետության տեսակետից:
Ռոբերտ Քոչարյանն առանց այն էլ այնպիսի «ժառանգություն» չի թողել, որ իր ՆՏՎ-ական «մտահոգությունները» ՀՀԿ-ի վերնախավի կամ, մանավանդ, հանրային կարծիքի դրական արձագանքին արժանանալու շանս ունենան: Հանրությանն ավելի շատ կհետաքրքրի նրա «կարծիքն», ասենք, 2008 թվականին արձակած 0038 հրամանի, մարտի 1-ի տասը զոհերի, «կրակող ցուցարարների» մասին տեղեկությունների աղբյուրի վերաբերյալ: Եվ ակնհայտ է, որ այդ հետաքրքրությունը կներկայացնի արդեն ոչ թե «Գազպրոմի» հեռուստաալիքը, այլ ՀՀ իրավապահ մարմինների ներկայացուցիչ՝ «ուչաստկովի» քննիչը:
«Առավոտ» 2.05.2018
Ռուբեն ՄԵՀՐԱԲՅԱՆ
Հենց այդ հրամանի հետևանքների վախն է ,որ համառում են ,բայց յուրաքանչյուրը իր արարքների համար պետք է պատասխան տա ;Մենք պիտի հասկանանք վերջապես եթե Սերժը ձախողվում է ազգային անվտանգության պետի պաշտոնում/ հակտեմբերի 27/ ինչպես է դառնում պաշտպանության նախարար. կամ նախագահը ըստ սահմանադրության ապահովում է օրենսդիր և գործադիր մարմինների բնականոն աշխատանքը, որը Ռոբերտ Քոչարյանը չի կարողացել անել/ էլի հոկտեմբերի 27/ այս և այլ հարցերի պատասխանը պիտի հայ ժողովուրդը ստանա և դա Նիկոլը պիտի անի, այլապես կգործի այս ինչ օրենքի այն ինչ կետով-ը…
Այս մարդը նախագահ եղած ատենը երկու բառ չկրցաւ քով քովի դնել, ինչքան ասոր տեսնեմ այնքան մեր անկարողութիւնը կը տեսնեմ, 12 տարի մեր ժամանակը առաւ, ափսոս գրել ալ չի գիտեր, Բոլոր սերունդի մը կեանքը տարաւ,