«Այսօր ՀՀ-ում չի եղել որևէ բաց ճանապարհ»,-Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքի ժամանակ հայտարարեց ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը: Ըստ նրա` ամենասենսացիոնն այն էր, որ այսօր առավոտյան Թումանյան փողոցը փակվել է չինացի զբոսաշրջիկների կողմից. նրանք փողոցը փակելով պահանջել են ժողովրդի թեկնածուին ընտրել ՀՀ վարչապետ:
Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ այսօր հանդիպել է ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ, հետո խոսակցություն է ունեցել ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի հետ, այնուհետև տեղեկացրեց, որ իրենք բոլորը ներկայացում են ԵԼՔ խմբակցությունը և պարզաբանեց. «Ըստ այդմ՝ ես վաղը ձեր թույլտվությամբ պաշտոնապես ԱԺ պատգամավորների 1/3-ի կողմից կառաջադրվեմ որպես ՀՀ վարչապետի թեկնածու»:
Դառնալով երեկ ՀՀ ԱԺ-ում տեղի ունեցած քվեարկությանը, երբ ինքը որպես ՀՀ վարչապետի թեկնածու չընտրվեց, պարոն Փաշինյանը հայտարարեց. «Այն, ինչ երեկ տեղի ունեցավ ՀՀ ԱԺ-ում՝ ՀՀԿ-ի պահվածքը, ուներ երեք հիմնական նպատակ: Նրանք հույս ունեին, որ հարցուպատասխանի ընթացքում չգիտեմ՝ ինչ էր տեղի ունենալու, մանավանդ դրա համար Հանրային հեռուստատեսությամբ հեռարձակում էին, թե այդ ընթացքում ինչ է տեղի ունենում, և ժողովուրդը միանգամից փոխելու է կարծիքը, տեսակետն իմ ու մեր շարժման մասին: Դա չաշխատեց»:
Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ ՀՀԿ-ականները հույս ունեին, որ իրենց պահվածքով կբորբոքեն ժողովրդին և սադրանքներ կկազմակերպեն: Մյուս կողմից ըստ Նիկոլ Փաշինյանի՝ նրանք հույս ունեին, որ իբր տենց խրոխտ կանգնում, դեմ են քվեարկում, ժողովուրդը դրանից կհուսահատվի, և հանրահավաքների, ցույցերի մասնակիցների թիվը կպակասի. «Թան էլ չէ, փրթած մածուն: Այն, ինչ տեղի ունեցավ այսօր, աննախադեպ էր մեր շարժման համար: Այսօր Երևանում և ՀՀ-ում չի եղել ոչ մի բաց ճանապարհ: Զվարթնոց օդանավակայանն էլ էր փակ, այսօր ինձ առավոտից Հանրապետության տարբեր մարզերից զանգում էին գյուղապետեր և ասում՝ 8.15 ճանապարհը փակել ենք»:
Նիկոլ Փաշինյանը որպես սկզբունք հայտարարեց. «Կարիք չկա հավատալ որևէ քաղաքական գործչի կամ քաղաքական ուժի: Հավատացեք ինքներդ ձեզ, և միայն այդ պարագայում է, որ դուք միշտ կհաղթեք: ՀՀ ժողովուրդը հաղթել է և սրանից հետո նա պիտի հաղթի, նա պիտի հաղթի, նա պիտի հաղթի….չկա ուրիշ տարբերակ»:
Նշենք, որ Հանրապետության հրապարակում հավաքված քաղաքացիները հերթով ցանկություն են հայտնում լուսանկարվել Նիկոլ Փաշինյանի հետ: Նիկոլ Փաշինյանը հերթով կատարեց նրանց ցանկությունը, այնուհետև իր թիկնապահների և քաղաքացիների ուղեկցությամբ հեռացավ Հանրապետության հրապարակից՝ մուտք գործելով «Մարիոթ» հյուրանոց:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ