Ընդդիմադիր առաջնորդ Նիկոլ Փաշինյանը եւ «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը քիչ առաջ Արմենիա Մարիոթ հյուրանոցում տեղի ունեցած հանդիպումից դուրս եկան եւ հայտարարություն արեցին:
Գագիկ Ծառուկյանն ասաց, որ երկրորդ անգամ ընտրություններին էլ պաշտպանելու ժողովրդի թեկնածուին՝ Նիկոլ Փաշինյանին:
«Մենք պարոն Փաշինյանի հետ հանդիպեցինք առանց նախապայմանի, հաղթանակը ժողովրդինն է, ժողովուրդն է որոշելու, մենք ժողովրդի թեկնածուին եք քվեարկելու՝ առաջին անգամ երկրորդ անգամ երրորդ անգամ, մեր խոսքը գործ է, Աստված պահապան»,-ասաց պարոն Ծառուկյանը:
Նրա խոսքով, երբ պարոն Փաշինյանին, Սասուն Միքայելյանին ու Արարատ Միրզոյանին ձերբակալել էին իրենք դուրս եկան ու հայտարարեցին, որ ժողովրդի կողքին են, քաղաքական իրադրություն փոխվեց. «Այսօր իմ՝ այստեղ լինելը նույնպես քաղաքական իրադրություն կփոխի»,-ասաց պարոն Ծառուկյանը՝ հորդորելով լինել Նիկոլ Փաշինյանի կողքին:
Հարցին, թե ի՞նչ է փոխվել Գագիկ Ծառուկյանն ասաց. «Ձեր ուժն է կայուն, դուք միասնական եք ամբողջ աշխարհն է մեզ միացել»:
Այս հայտարարությունից հետո ցուցարարները վանկարկեցին «Նիկոլ, Նիկո՛լ», ապա՝ «Ծառուկյա՛ն, Ծառուկյա՛ն»:
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ «Ծառուկյան» դաշինք խմբակցությունը մայիսի 8-ի ընտրություններին կպաշտպանի վարչապետի թեկնածուին՝ վստահեցնելով, որ իրավիճակ է փոխվել. «Ես կարծում եմ, ՀՀԿ-ն դիրքորոշում կարտահայտի»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ