Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Մեզ պետք էր բացահայտել՝ մենք բացահայտեցինք». Վահրամ Բաղդասարյանը՝ ՀՀԿ-ի որոշման փոփոխության մասին

Մայիս 02,2018 19:33

«Ինչպես արդեն հայտնել ենք, քիչ առաջ ավարտվեց ՀՀԿ խմբակցության նիստը եւ նիստից հետո խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարեց իրենց որոշումը:

Նրա խոսքով՝ «Մենք դրական ենք գնահատում փաստը, որ ԱԺ քննարկումներում խորհրդարանական 4 խմբակցությունների կողմից հնչեցվեցին բոլոր մտահոգությունները, որոնք կան երկրում ստեղծված իրավիճակը հանգուցալուծելու տեսանկյունից: ՀՀԿ-ի կողմից հնչեցված մտահոգությունների կողմից մի մասը վարչապետի թեկնածուի հետ հարցուպատասխանի ընթացքում փարատվեց,բայց ամենակարեւորները դեռ մնացել են անպատասխան: Այդ հարցերը անկյունաքարային են եւ ոչ թե  ՀՀԿ-ի, այլ՝ մեր երկրի վաղվա համար: ՀՀԿ-ն լուռ ու անպատասխան իր վրա վերցրեց մեղադրանքները, որոնք իր հետ քիչ կապ ունեին:

Վերցրեց հանուն երկրի, հանուն վաղվա հույսով, ովքեր պետք է ընկալեին, ընկալեցին մեր ասելիքը: Այժմ հաշվի առնելով երկրին անհապաղ կայուն ընթացք վերադարձնելու հրամայականը, ի գիտություն ընդունելով այս տարվա մայիսի 1-ին ՀՀ վարչապետի ընտրության գործընթացում հնչած դիրքորոշումներն ու քվեարկության արդյունքները, ՀՀԿ խմբակցության անունից հայտարարում ենք՝ ՀՀ-ն  մայիսի 8-ին ունենալու է սահմանադրական ճանապարհով ընտրված վարչապետ: ՀՀԿ-ն վարչապետի թեկնածու չի առաջադրելու, խորհրդարանի 1/3-ի կողմից առաջադրված թեկնածուին աջակցելու է՝ դառնալ վարչապետ: Կոչ ենք անում անհապաղ վերացնել տիրող անընդունելի վիճակը, բացել մայրաքաղաքի ու ՀՀ փողոցներն ու մայրուղիները, շտապ դադարեցնել օդանավակայանի շրջափակումը, դադարեցնել անհանդուրժողականության քարոզը եւ վերադառնալ սահմանադրական ճանապարհով ենթադրվող անհրաժեշտ գործողությունների դատ»:

Քանի որ հայտարարության տեքստում չկա Նիկոլ Փաշինյանի անունը, լրագրողները ճշտեցին՝ այսինքն, սատարելու եք Նիկոլ Փաշինյանի՞ն՝ Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց, որ շատ պարզ է գրված. «Դու ընկալի, ում էլ առաջադրեն 1/3-ի կողմից, մենք աջակցելու ենք, որը ՀՀԿ-ի թեկնածուն չի լինելու»:

Թե ի՞նչը ստիպեց, որ փոխեն իրենց դիրքորոշումը, ինչո՞ւ երեկ նույնը չարեցին՝ Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց. «Մեզ պետք էր բացահայտեինք այն ամենը հարցուպատասխանի միջոցով, մենք բացահայտեցինք, արդեն մայիսի 8-ին այդ հարցերին կանդրադառնանք: 1/3-ի կողմից առաջադրված թեկնածուին կաջակցենք, մենք անուն չենք նշում»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031