Լրահոս
Օրվա լրահոսը

Գառնիկ Իսագուլյան. «Քանի դեռ ուշ չէ և քանի դեռ ամեն ինչ պարզ չէ, նստենք կողք-կողքի և այս ամենը ամենայն լրջությամբ քննելուց հետո որոշում կայացնենք»

Մայիս 02,2018 17:51

ԱԺ-ում երեկ քվեարկությանը նախորդած ելույթներում Հանրապետական պատգամավորները նշում էին, որ կանգնած են ջրբաժանի առաջ, ստիպված են ընտրություն կատարել ներքին կայունության ու արտաքին անվտանգության միջև:  Այս պահին երկրում փաստացի կաթվածահար վիճակ է՝ ճանապարհները փակ են, տարբեր կազմակերպությունների, ընկերությունների աշխատանքը կանգնած է, այս պարագայում երկրի անվտանգությանը սպառնացող վտանգներն իսկապես մեծանո՞ւմ են: ՀՀ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանն անդրադարձավ այդ հարցադրումներին:

Պետք է արձանագրել հետևյալ իրողությունը. այն գործընթացները, որոնք ընթանում են Հայաստանի ներքաղաքական կյանքում և այն, ինչ տեղի է ունենում աշխարհաքաղաքական հարթակի վրա՝ ինչ-որ տեսանկյունով իրար նման են, այն է՝ երկու ասպարեզներում էլ առկա են անկայունության անհերքելի իրողություններ, և այդ իրողությունների մեջ ներքին անկայունությունը կարող է ունենալ անչափ վտանգավոր հանգուցալուծում այն պետության համար, որում առկա է այդ անկայունությունը:

Եթե աշխարհաքաղաքական այդպիսի գործընթացների ժամանակ «սխալվում են» գերտերությունները կամ դրանց ղեկավարները, ապա դրա արդյունքում չի բացառվում աշխարհի քաղաքական քարտեզից որևէ երրորդ երկրի անհետացումը: Բայց, եթե սխալվում է որևէ փոքր երկիր կամ դրա քաղաքական վերնախավը, կամ թեկուզ որևէ քաղաքական գործիչ, որն ազդեցություն ունի գործընթացների վրա, ապա դա կարող է հանգեցնել հենց այդ երկրի անհետացմանը աշխարհի քաղաքական քարտեզից: Սա աքսիոմատիկ ճշմարտություն է բոլոր ժամանակների համար և օրինակները բազմաթիվ են:

Այժմ անդրադառնանք այն վիճակին, որը տիրում է Հայաստանի Հանրապետությունում: Եթե քաղաքական գործընթացները ընթանային այն կերպ, ինչ կերպ հայտարարում է (ավելի ճիշտ հայտարարում էին) շարժման առաջնորդը և նրա կողմնակիցները, ապա որևէ խնդիր չէր առաջանա:

Շարժման սկզբնական փուլում նրանք առաջնորդվում էին (իհարկե կային որոշ բացառություններ) բաց ու մաքուր ձեռքերի, «Քայլ արա՝ մերժիր Սերժին» կարգախոսով, ինչը, պետք է ասել, ունեցավ իր արդյունքը՝ վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց: Առաջացավ մի վիճակ, որի ժամանակ շարժման առաջնորդի և նրա կողմնակիցների պահանջով կարող էր ձևավորվել օրակարգ բոլոր շահագրգիռ ուժերի մասնակցությամբ քննարկելու ստեղծված վիճակը և առկա խնդիրների լուծման հնարավոր ուղիները: Ընդ որում, դա կարող էր ունենալ փաստաթղթավորված տեսք՝ պարտավորությունների հստակ կատարման ժամանակացույցով: Բայց ցավոք, շարժումը չգնաց այդ ուղղությամբ և՝ ոգևորված բազմահազար ժողովրդի ներկայությամբ, ինչպես նաև ԲՀԿ և ՀՅԴ կուսակցությունների (իմ կարծիքով) հապճեպ որոշումներով, որոշեց օրակարգ բերել արդեն նոր՝ «Նիկոլ-վարչապետ» կարգախոսը:

Քավ լիցի, յուրաքանչյուր ոք, ով հանդիսանում է Հայաստանի Հանրապետության չափահաս քաղաքացի (օրենքի որոշ սահմանափակումներով), իրավունք ունի հավակնելու այդ պաշտոնին: Դրա համար կա Սահմանադրություն և Սահմանադրությամբ այդ ամենը կանոնակարգված է:

Չմանրանանք, այդ Սահմանադրությամբ այսօր պրն Փաշինյանը, եթե չլինեն ճնշումներ ու բռնություններ (խոսքս շարժման մասնակիցների կողմից ճնշումների ու բռնությունների մասին է), որևէ շանս չունի վարչապետ ընտրվելու, և դա արձանագրվեց մայիսի 1-ին:

Այժմ, այն ինչ տեղի է ունենում Հայաստանում որևէ կերպ չի տեղավորվում գործող Սահմանադրության և օրենքների շրջանակներում: Մեկնությունները, որ անում են շատ շատերը, պարզունակ են, ոչ ճիշտ և կրում են բացառապես հանրությանը գրգռելու միտում:

Այս ամենին մասնակից դարձնելով նաև անչափահասներին, շարժման ղեկավարները հետևանքների ամբողջ պատասխանատվությունը վերցնում են իրենց վրա. փակված են ստրատեգիական ճանապարհները, նույնիսկ Արցախ մեկնող շարասյունները ստիպված են ժամերով կանգնել ճանապարհին: Ով, չգիտեմ, բայց Նիկոլը չի կարող չհասկանալ, թե սա ինչ վտանգներ է իր մեջ պարունակում:

Իմիջիայլոց: Երբ ժողովուրդը գամված կայքերի ու սոցցանցերի առջև Նիկոլին է նայում, Ադրբեջանն ակտիվ բանակցություններ է վարում Ռուսաստանում, Ղազախստանում, Բելառուսում և Ղրղզստանում՝ քննարկելով հնարավորությունները ՀԱՊԿ և ԵԱՏՄ անդամակցելու ուղղությամբ: Պարզ է, թե ում հաշվին և ինչ գնով: Հարյուր տարի առաջ մեկ անգամ նույն կերպ սխալվել ենք, մի թե դա մեզ դաս չի եղել: Շատերդ կհարցնեք. Նիկոլը ինչ կապ ունի դրա հետ: Պարզ ու անկեղծ պատասխանեմ, ցավն էլ հենց այն է, որ ոչ մի կապ չունի, և չի բացառվում, որ նա չի էլ գիտակցում իրավիճակի ողջ լրջությունը, որ կարող է ինքը ընդամենը սովորական գործիք է ուրիշների ձեռքին:

Եթե ես սխալվում եմ, որևէ մեկը ոչինչ չի կորցնի, բայց եթե ոչ՝ ամեն մեկդ խորհեք այս հարցի շուրջ: Մի ճանապարհ ունենք, քանի դեռ ուշ չէ և քանի դեռ ամեն ինչ պարզ չէ, նստենք կողք-կողքի և այս ամենը ամենայն լրջությամբ քննելուց հետո որոշում կայացնենք: Եվ եթե պարզվի, որ Նիկոլի այս ճանապարհով վարչապետ դառնալը որևէ վտանգ չի ներառում իր մեջ, ապա, դարձյալ քավ լիցի, որևէ խնդիր չկա»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. manvel says:

    Հայրուր անգամ ասել եմ քեզ . որպիսի հիմարությունդ չբացահայտվի՝ ԼՌԻՐ

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031