Հայաստանի տասնյակ հազարավոր քաղաքացիներ արձագանքել են ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի խաղաղ անհնազանդության կոչին՝ փակելով հիմնական փողոցները և շրջափակելով կառավարական շինությունները, փակ է նաև մետրոն և օդանավակայան տանող ճանապարհները: Ցույցերին են միացել ուսանողները, դպրոցականները և ուսուցիչները, հաղորդում է BBC-ն:
Խորհրդարանում վարչապետի ընտրության տապալումից հետո չորեքշաբթի առավոտյան հարյուրավոր ուսանողներ դրոշներով դուրս են եկել Երևանի փողոցներ՝ «Նիկոլ, վարչապետ» վանկարկումներով: Վարորդները՝ ի աջակցություն ցուցարարների, ազդանշան են տալիս, հաղորդում է NBC News-ը:
«Մենք կաթվածահար կանենք ամբողջ քաղաքը և ամբողջ երկիրը»,- հեռուստաալիքի հետ զրույցում ասել է Փաշինյանի նկարով շապիկ կրող մի ուսանող՝ 22-ամյա Սարգիս Բաբայանը:
Հայաստանի մայրաքաղաք Երևանը կաթվածահար է եղել, այն բանից հետո երբ խորհրդարանում վարչապետի անհաջող ընտրություններից հետո հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոց, փակել ճանապարհները և պարում են. հաղորդում է Cnn.com-ը:
«Ես կասեի՝ Երևանի փողոցների 96 տոկոսը փակվել է ցուցարարների կողմից: Փողոցները փակվում են հիմնականում ավտոմեքենաներով»,- հեռուստաալիքի հետ զրույցում ասել է ցուցարարներից Մարինա Գասպարյանը:
Al-Jazeera-ն հաղորդում է, որ տասնյակ հազարավոր ցուցարարների՝ փողոց դուրս գալուց բացի՝ գործադուլ են հայտարարել որոշ ոլորտների աշխատակիցներ, այդ թվում օդանավակայանի, բժշկական, շինարարական ոլորտների ներկայացուցիչները, համալսարանների ուսանողներն ու դասախոսները:
«Ճգնաժամն այստեղ մեկ նիշով բարձրացել է, այն գնալով խորանում է և փոփոխվում,- Երևանից հաղորդում է հեռուստաալիքի թղթակիցը:- Մենք այնպիսի փուլում ենք, որտեղ դժվար է կանխատեսել՝ ինչ ընթացք կստանա, որովհետև ընդդիմությունն ասել է, որ իրենք շարունակում են խաղաղ մնալ»:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ