Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ինչու է սխալվում Լեւոն Տեր-Պետրոսյանը

Մայիս 02,2018 17:27

ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը ուշադրություն էր հրավիրել այն հանգամանքի վրա, որ ՀՀ Սահմանադրության 94-րդ հոդվածում ամրագրված է. «Պատգամավորը ներկայացնում է ամբողջ ժողովրդին, կաշկանդված չէ հրամայական մանդատով, առաջնորդվում է իր խղճով և համոզմունքներով»։ Հետևաբար` մանդատից հրաժարվելու՝ պատգամավորներ Գրիգոր Ավալյանին, Ֆելիքս Ցոլակյանին և Աղվան Վարդանյանին ներկայացվող պահանջը, ըստ Լեւոն Տեր-Պետրոսյանի հակասահմանադրական է։

Aravot.am-ի հետ զրույցում սահմանադրագետ Վարդան Այվազյանը վստահեցրեց, որ այդ պահանջը բոլորովին էլ հակասահմանադրական չէ: Նրա բացատրելով՝ «Ժամանակին, երբ մեծամասնական ընտրակարգ կար, մեծամասնականով պատգամավորներն ինքնուրույն էին ընտրվում: Հիմա, բոլոր դեպքերում, քաղաքացիները ձայնը տալիս են կուսակցությանը, իրենք կուսակցության ցուցակով են ընտրվում եւ ազատ մանդատը վերաբերում է ընտրողներից ազատ լինելուն, բայց ոչ կուսակցությունից: Հիմա, եթե կուսակցությունը քեզ չմտցնի իր ցուցակ, դու որեւէ մեխանիզմ չունես պատգամավոր դառնալու: Ռեյտինգայինն էլ է կուսակցության ցուցակը: Պատգամավորը պետք է կուսակցության որոշումներով շարժվի, հակառակ դեպքում թիմային ամբողջականությունն անիմաստ է դառնում: Եթե դա պարտադիր չլինի, պատկերացրեք, մի վայրկյանում մեծամասնությանը կարելի է դարձնել փոքրամասնություն, կարող են խոշոր գումար տալ, ասել՝ արի մտի մեր կուսակցության մեջ ու շարունակիր պատգամավոր լինել, այդպես չի լինում»:

94-րդ հոդվածը, որը վկայակոչել է առաջին նախագահը, ըստ սահմանադրական իրավունքի մասնագետի, խոսում է այն մասին, որ պատգամավորը կաշկանդված չէ ժողովրդի հրամայական մանդատով, բայց ոչ կուսակցության. «Նաեւ ՍԴ որոշում եղավ եւ ԱԺ նախկին կանոնակարգ օրենքի այն դրույթը, որը թույլ էր տալիս խմբակցությունից ազատ դուրս գալ, բայց մնալ պատգամավոր, հակասահմանադրական ճանաչվեց: Բոլոր դեպքերում, պատգամավորը պետք է իր խմբակցության, իր կուսակցության որոշումներով շարժվի: Եթե լիներ մեծամասնականով ընտրված, խնդիր չէր լինի, բայց քանի որ մեզ մոտ համամասնական է, պարտավոր են ենթարկվել: Ֆրանսիայի խորհրդարանում, երբ քվեարկություն է տեղի ունենում, շատ դեպքերում ամբողջ ֆրակցիայի անունից քվեարկում է միայն ֆրակցիայի ղեկավարը: Պատկերացրեք, ֆրակցիան 50 անդամ ունի, պարտադիր չի, որ բոլորը ներկա լինեն, ղեկավարի քվեն արդեն 50 ձայն է ներկայացնում, դա խորհրդարանական հանրապետությանը բնորոշ երեւույթ է եւ միանշանակ, պատգամավորները պետք է ենթարկվեն: Ով չի ուզում՝ պետք է դուրս գա»:

Վարդան Այվազյանը վստահեցրեց՝ միանշանակ նորմալ է, երբ պատգամավորներին պարտավորեցնում են մանդատը վայր դնել:

Ի դեպ, հիշեցնենք, որ 2015-ին սահմանադրական բարեփոխումների ժամանակ, երբ Լյուդմիլա Սարգսյանը որոշեց Սերժ Սարգսյանի հետ հանդիպման գնալ,  ՀԱԿ-ից պահանջում էին վայր դնել իր մանդատը, Լյուդմիլա Սարգսյանն էլ պայքարում էր՝ ասելով, որ այդ մանդատն ինքը վաստակել է ու վայր չի դնի:

Այդ ժամանակ ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդես չեկավ նման հայտարարությամբ, որ պատգամավորին մանդատը վայր դնել պարտավորեցնելը հակասահմանադրական է:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    դեռ Սահմանադրական կարգի մասի՞ն էք խօսում… մինչ ուղղակի փողոցի ուժի սպառնալիքով, մի անձ բառացիօրէն ստիպում որ ԱԺ-ի մեծամասնութիւնը ի նպաստ իրեն քուէարկէ, որպէսզի դառնայ վարչապետ. ոհ, չմոռնանք, անոնք արդէն ոչ-լեգիտիմ են. բայց… թէ որ այդպէս է, ո՞նց լինելու է լեգիտիմ այն վարչապետը որ պիտի ընտրուի այդ ոչ-լեգիտիմ պատգամաւորների քուէներով… այս մասին առարկութիւն չունեն ոչ ԼՏՊ-ն, ոչ ել այս փորձագէտը, հա՞… կարգին զավեշտ…

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031