Գյումրու բոլոր փողոցները փակ են, տրանսպորտը կաթվածահար է եղել․ քաղաքային տրանսպորտի վարորդները գործադուլ են հայտարարել, տաքսու վարորդները ևս չեն աշխատում, ավելի ճիշտ չեն էլ կարող աշխատել։
Այնպիսի տպավորություն է, որ Գյումրիում երբևէ մեքենաներ չեն էլ եղել։ Փողոցները մարդաշատ են, մարդիկ տարբեր թաղերից ոտքով գալիս ու միանում են ցուցարարներին: Գյումրեցիները փողոց փակելուն բավական ստեղծագործաբար են մոտեցել․ օրինակ՝ կենտրոնական փողոցներից մեկում՝ տարեց տղամարդիկ փողոցի մեջտեղում նստարան են դրել ու զրույց են անում։ Մեկ այլ փողոց փակել են անիվների միջոցով։
Իսկ Անի թաղամասում փողոցներից մեկի մեջտեղում շարժական սրճարան են դրել ու գարեջուր են վայելում։ Այս թաղամաս տրանսպորտի որևէ միջոցով մտնել չի լինում․ թաղամասի մի հատվածում էլ, որին, թվում էր՝ այդքան էլ ուշադրություն չէին դարձնելու, մանկապարտեզի ու դպրոցի երեխաներն էին նստել, փողոցը փակել ու «Նիկոլ վարչապետ» էին բղավում։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ