Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ են հայաստանյան ցույցերը նշանակում Ռուսաստանի համար. Stratfor

Մայիս 02,2018 16:56

Ամերիկյան Stratfor վերլուծական կենտրոնը «Ի՞նչ են հայաստանյան ցույցերը նշանակում Ռուսաստանի համար» վերտառությամբ հոդված է հրապարակել, որում վերլուծում է Ռուսաստանի մասնակցությունը հայաստանյան ներքաղաքական իրադարձություններին:

Հեղինակը հիշեցնում է, որ Հայաստանի և Ռուսաստանի կապը գալիս է դեռ խորհրդային տարիներից, իսկ ԽՍՀՄ փլուզումից հետո Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտության մեջ վճռորոշ դարձավ Ռուսաստանի աջակցությունը Հայաստանին: Դրանից հետո Հայաստանը շարունակում է մնալ Ռուսաստանի կայուն գործընկերը, հիմնականում այդ երկրի բարդ աշխարհաքաղաքական դիրքի պատճառով: Բացի Լեռնային Ղարաբաղի շուրջ Ադրբեջանի հետ ունեցած տարաձայնություններից՝ Հայաստանը լարված հարաբերություններ ունի իր մրցակցի հիմնական դաշնակից Թուրքիայի հետ: Հայաստանի ունեցած վտանգավոր դիրքը այս երկու ուժերի միջև, ցամաքային տեղանքը և փոքր չափը ստիպում են գոյատևման համար ունենալ ավելի մեծ ուժերի աջակցություն: Որպես նման մեծ ուժ՝ Ռուսաստանը Հայաստանում է տեղակայել 5000-անոց զորք և պատասխանատու է երկրի պաշտպանության համար, գրում է հեղինակը:

Սա է պատճառը, որ Հայաստանը հետխորհրդային երկրների շարքում ամենամոտն է կանգնած Ռուսաստանին, անդամակցում է ԵԱՏՄ-ին և ՀԱՊԿ-ին, նրա տնտեսական օբյեկտների մեծ մասը վերահսկվում է Ռուսաստանի կողմից: Ու չնայած Փաշինյանի ցույցերը ցնցեցին Հայաստանի քաղաքական դաշտը՝ ստիպելով երկար կառավարած Սերժ Սարգսյանին հրաժարական տալ, Հայաստանի նոր առաջնորդը, թվում է, նկատելիորեն չի փոխելու Հայաստանի քաղաքական կուրսը և չի հեռանալու Ռուսաստանից: Այդ մասին բազմիցս հայտարարել է հենց Փաշինյանը՝ նշելով նաև, որ պահպանելու է Ռուսաստանի ռազմական ներկայությունը Հայաստանում և երկրի անդամակցությունը ՀԱՊԿ-ին, գրում է հեղինակը:

Հեղինակը նկատում է, որ քանի դեռ Հայաստանում իրավիճակը քաոսի և զանգվածային բռնության չի հասել, Ռուսաստանը հազիվ թե ռազմական միջամտություն ցուցաբերի: Ի տարբերություն Ուկրաինայի, որտեղ Եվրամայդանի ցուցարարները կոչ էին անում մերձենալ Արևմուտքի հետ Ռուսաստանի փոխարեն, հայ ցուցարարները կենտրոնացած են ավելի շուտ ներքին, քան արտաքին խնդիրների վրա: Մոսկվան դա շատ լավ հասկանում է, որպես՝ արդյունք ռուս պաշտոնյաները բազմիցս նշել են, որ դա Հայաստանի ներքին գործն է:

Այնուամենայնիվ, հայաստանյան ճգնաժամում Ռուսաստանն այլևս կողքից դիտող չէ: Մոսկվան ակտիվ շփումներ է սկսել Հայաստանի խոշոր քաղաքական գործիչների հետ՝ և՛ կառավարությունում, և՛ ընդդիմությունում: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մի քանի հեռախոսազրույց է ունեցել հայ պաշտոնյաների հետ, Փաշինյանը հանդիպել է ռուս պաշտոնյայի հետ, որի անունը չի հաղորդվում, իսկ Հայաստանի արտգործնախարարը այցելել է Մոսկվա:

Վարչապետի ընտրության արագ մոտեցման ֆոնին Մոսկվան փորձում է պահպանել կապերը Հայաստանի քաղաքական սպեկտրի երկու կողմերի հետ և ապահովել շարունակական համագործակցություն երկու երկրների միջև, եզրափակում է Stratfor-ը:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031