Այսօր Իսակովի պողոտայում ոստիկանները մոտենում էին փողոցը փակած մեքենաներին եւ լուսանկարում դրանց պետհամարանիշները: Երբ ցուցարարները հետաքրքրվում էին, թե ինչո՞ւ են նկարում կամ գրի առնում իրենց մեքենաների համարները, ոստիկանները որեւէ հարցի չէին պատասխանում. «Մենք չունենք խոսալու, բոլոր հարցերով՝ 1-02-ին»:
Aravot.am-ի հարցին, թե ինչո՞ւ են մեքենաների պետհամարանիշները վերցնում, նկարում, ոստիկանները պատասխանեցին.«Ոչ մի համար էլ չենք վերցրել»:
Ի դեպ, Իսակովի պողոտայի բոլոր տեսախցիկներն ու արագաչափերը ցուցարարները փակել էին:
Մանրամասն՝ տեսանյութում
Ցուցարարները մեզ հետ զրույցում վստահեցրին՝ մեքենաների պետհամարանիշերը գրանցող ոստիկաններն աշխատում են ոստիկանության Շենգավիթի բաժնում, նրանք ճանապարհային ոստիկաններ չեն:
Մենք ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից հետաքրքրվեցինք՝ արդյոք հրահանգ է տրվել փողոցները փակած մեքենաների պետհամարանիշներ գրանցել, սակայն ոստիկանությունից այդպես էլ մեր հարցին չպատասխանեցին:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ