Լրահոս
Օրվա լրահոսը

«Կուսակցական անդամատոմսս վայր չեմ դնելու». Արմավիրի մարզպետը վստահեցնում է՝ կառչած չէ իր աթոռից

Մայիս 02,2018 16:07

Արմավիրի մարզպետարանի առաջ ցուցարարները պահանջում են՝ մարզպետ Աշոտ Ղահրամանյանը կամ պետք է դադարեցնի անդամակցությունը ՀՀԿ-ին, կամ՝ հրաժարական տա: «Ազատություն» ռ/կ-ի ուղիղ եթերում անդրադառնալով իրավիճակին՝ մարզպետը տեղեկացրեց, որ հանդիպել է ցուցարարներին եւ բացատրել, որ տարիներ շարունակ աշխատել է եւ ժողովրդի կողքին եղել՝ դժվար եւ ուրախ պահերին. «Այն, որ խնդիրներ կան, ժողովուրդը մոտեցում է ցուցաբերում: Շատ լավ գիտենք, որ խնդիրներ են եղել»,-փաստեց Աշոտ Ղահրամանյանը:

Նա նկատեց, որ վարչապետ ընտրվում է ԱԺ-ում. «Համոզված եմ, որ կողմերը խոհեմություն կցուցաբերեն եւ ճիշտ լուծումներ կտան, որ ժողովուրդը հանգստանա եւ իր գործով զբաղվի: Գոռում են՝ «Նիկոլ՝ վարչապետ», բայց, եղբայր, ԱԺ-ում պետք է կողմերը հայտարարի գան այդ հարցի շուրջ»:

Անդրադառնալով այն փաստին, որ ժողովուրդը պահանջում է ՀՀԿ-ական պատգամավորների հրաժարականը՝ Աշոտ Ղահրամանյանն ասաց. «ՀՀԿ-ում այնքա՜ն բարեխիղճ ու լավ աշխատողներ կան…հեշտ է իշխանությանը քննադատել: Համոզված եմ, որ փողոց դուրս եկած ժողովրդի մեծամասնությունն իմ պատճառով չի դուրս եկել փողոց: Թե ում պատճառով, չեմ կարող ասել, բայց որ դուրս է եկել, ուրեմն խնդիրներ կան»:

Ապա մարզպետը հայտարարեց, որ կուսակցական անդամատոմսը վայր չի դնելու. «Ես պարզ երեսով կարող եմ մշտապես քայլել ժողովրդիս մեջ՝ առանց հայացքս ներքեւ պահելու: Ով ընտրվի վարչապետ, թող նա էլ որոշի՝ շարունակելո՞ւ եմ աշխատել, թե ոչ: Ես կառչած չեմ իմ աթոռից եւ հնարավորինս պիտանի եմ եղել ժողովրդին»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031