Քիչ առաջ միջադեպ է գրանցվել ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղում: Դասադուլ հայտարարած ուսանողների մի մասը մտել է տնօրեն Սամվել Առաքելյանի աշխատասենյակ՝ հորդորելով միանալ իրենց:
Ուսանողները տնօրենին նախ մեղադրեցին նրանում, որ ժողովրդական ընդվզման օրերին նրա հրահանգով փակվել են համալսարանի դռները, որպեսզի ուսանողները ցույցերի չմասնակցեն: Տնօրենը, սակայն, հերքեց. «Ոչ մի շենքի դուռ չի փակվել»:
Ապա Սամվել Առաքելյանը հայտարարեց. «Իմ աշխատած տարիներին ոչ մի անգամ դասընթացի ձախողում չի եղել: Իմ խնդիրն է՝ դասապրոցես կազմակերպելը, ես չեմ սիրում դաս չանելը: Ես իդեալական բուհ եմ սարքել, ոչ խանութ ունեմ, ոչ բիզնես: Ի տարբերություն մնացած հիմնարկների, աշխատավայրիցս դուրս չեմ եկել, իմ խնդիրը կրթություն կազմակերպելն է»:
Ցուցարար-ուսանողներն ասացին, որ պետք չէ ժողովրդի «հաշվին» դաս անել, ինչին ի պատասխան տնօրենն արձագանքեց. «Ինչ ունեմ վեկալա՞ծ, որ մի հատ էլ ժողովրդի հաշվին եմ անում: Գիշեր-ցերեկ աշխատել եմ»:
Ապա ուսանողները տնօրենին մեղադրեցին նրանում, որ վերջինիս կաշառք են տվել: Սամվել Առաքելյանը դա եւս հերքեց:
Ուսանողները կրկին պահանջեցին, որ տնօրենը միանա իրենց: «Չենք եկել, որ ձեզ կաշառակերության մեջ մեղադրենք, դա չէ մեր խնդիրը»,-ասացին նրանք:
«Բայց ես ժողովրդից կտրվա՞ծ եմ, ես իմ գործն եմ անում»,-չհամաձայնեց ռեկտորը, ինչից հետո ուսանողները «դասադուլ» կոչերով լքեցին նրա աշխատասենյակը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ